Պարետատան այսօրվա նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված համաճարակի իրավիճակը ՀՀ-ում շարունակվում է բարելավվել։
«Օգոստոսի չորսին հուլիսի չորսից հետո առաջին անգամ կորոնավիրուսով վարակված ակտիվ դեպքերի թիվը պակաս է 8000-ից։ Մենք, ըստ էության, բոլոր ցուցանիշների գծով գտնվում ենք մայիսի վերջին շաբաթվա, հունիսի առաջին շաբաթվա ժամանակ արձանագրված թվերի մակարդակին»։
Վարչապետը նշեց, որ այս լավ լուրից բացի, կա նաև վատը. ՀՀ քաղաքացիները սկսել են չպահպանել հակահամաճարակային կանոները՝ կարծելով, որ համաճարակը կորոնավիրուսի հետ կապված հաղթահարված է։ «Իրավիճակը շարունակում է մնալ բարդ, և եթե մեր արձագանքը չլինի պատշաճ, մենք կարող ենք նորից իրավիճակը ետ գլորել դեպի հուլիսի առաջին շաբաթվա իրավիճակը, որը ինչպես հայտնի է մեր համաճարակային իրավիճակի պիկն էր և գագաթնակետը», -ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին հորդորեց պատշաճ կերպով արձագանքել կառավարության ուղերձների ու կոչերին։
«Ես ուզում եմ արձանագրել, որ համաճարակի դեմ պայքարը միայն կառավարության և հանրության համագործակցության պարագայում կարող է լինել առավելագույնս արդյունավետ»,-եզրափակեց վարչապետը։
տուն Հոդված Մեկ ամսվա կտրվածքով կորոնավիրուսով ակտիվ վարակվածների թիվը պակաս է 8000-ից. Նիկոլ Փաշինյան