«Լիբանանի Կառավարության հրաժարականն օրակարգային դարձավ այն ժամանակ, երբ պայթյունին անմիջապես հաջորդած մի քանի օրերի ընթացքում լիբանանյան հասարակության մի ստվար զանգված, առանց ժամանակ տալու երկրի իշխանություններին՝ վերացնելու աղետի առաջնային հետևանքները, միանգամից դուրս եկավ փողոց՝ ագրեսիվ վարք դրսևորելով, հարձակումներ իրականացնելով պետական նշանակության օբյեկտների դեմ և պահանջելով երկրի ամբողջ ղեկավարության հրաժարականը»,- Journalist.am-ին ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը:
Ըստ արևելագետի՝ միանշանակ էր, լիբանանյան հասարակության համբերության բաժակը լցվել էր, և այլևս չէին ցանկանում ժամանակ և հնարավորություն տալ իշխանություններին՝ իրականացնելու խոստացած բարեփոխումները, փորձելու երկիրը դուրս բերել տևական, համակարգային ճգնաժամից:
«Բայցևայնպես, պետք է նշել, որ կառավարության հրաժարականը չի կարող տևական ժամանակ Լիբանանին պատուհասած խորքային ճգնաժամի լուծում համարվել, քանի որ դրա հիմնական լուծումը այդ պետության կառավարման համայնքային բնույթն է, հետևաբար, դրա փոփոխման համար չկան նախադրյալներ»,- ասաց Արմեն Պետրոսյանը:
Նաև նշեց, որ այդ փոփոխությանը միտված գործողությունները, հաշվի առնելով ներկայում Լիբանանում առկա մի շարք իրողություններ, կարող են ավելի սրել ներքաղաքական լարվածությունն այդ երկրում:
Իսկ հետագա զարգացումների հետ կապված՝ արևելագետն ասաց, որ շատ բան կախված է լիբանանյան փողոցից.
«Կբավարարվի՞ արդյոք փողոց դուրս եկած լիբանանցին միայն կառավարության հրաժարականով, թե՞ կշարունակի բողոքի հետագա գործողությունները՝ ուղղված գործող քաղաքական համակարգի ամբողջական փոփոխմանը, այս պահին կդժվարանամ հստակ կանխատեսումներ անել, բայց այն, որ լիբանանյան հասարակության ցասումը աննախադեպ մակարդակի է հասել, դա միանշանակ է»,- նշեց Արմեն Պետրոսյանը:
Նաև ասաց, որ մեծ է հնարավորությունը, որ բողոքի գործողություններն այսքանով չեն ավարտվի, կստանան հետագա դրսևորումներ, և երկիրը որոշ ժամանակ կանգնած կլինի անկանխատեսելի գործընթացների առջև:
«Այս ճգնաժամից դուրս գալու հարցում մեծ անելիք ունի միջազգային հանրությունը, որի աջակցությամբ միայն Լիբանանը կկարողանա հաղթահարել այս խրթին ճգնաժամը: Ցանկացած որևէ դեպքում երկրին սպառնում է անգամ քաղաքացիական պատերազմ»,- նշեց արևելագետը:
Անդրադառնալով Լիբանանի հայ համայնքին՝ Արմեն Պետրոսյանն ասաց, որ լիբանանահայ համայնքը, հանդիսանալով Լիբանանի հասարակության անքակտելի բաղադրիչը, դատապարտված է կրելու այն բոլոր դրական և բացասական զարգացումների հետևանքները, որոնք սպառնում են և սպասվում են այդ երկրին:
«Ցավոք սրտի, ներկա իրողությունների պայմաններում իրավիճակը բավականաչափ մտահոգիչ է, և գոնե կարճաժամկետ հեռանկարում դժվար է կանխատեսել Լիբանանի համար ստեղծված համակողմանի ճգնաժամի հանգուցալուծումը: Հետևաբար նաև լիբանանահայ համայնքի համար դրական զարգացումներ կանխատեսել, ցավոք, հնարավոր չէ»,- եզրափակեց արևելագետը:
Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան