Երևանի փոխաքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն իր ֆեյսբուքյան էջով տեղեկացրել է, որ ընտրվել է Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ՝ ասելով, որ իր հանար մեծ պատիվ է ստանձնել իր հայրենի քաղաքի գլխավոր ակումբի ղեկավարությունը։ Նա նաև նշել է՝ ակումբի նախագահի կարգավիճակը միանգամայն համատեղելի է Երևանի փոխքաղաքապետի պաշտոնի հետ։
«Ընտրվել եմ Գյումրու «Շիրակ» ակումբի նախագահ։ Մեծ պատիվ է ստանձնել իմ հայրենի քաղաքի գլխավոր ակումբի ղեկավարությունը։
Վստահ եմ, որ Շիրակի լեգենդար երկրպագուների, մարզչական ու մասնագիտական անձնակազմի հետ միասին կկարողանանք ստեղծել մի ամուր թիմ, որի կորիզը կկազմեն Գյումրիի ֆուտբոլի ակադեմիայի սաները։ Մենք ստեղծում ենք մի միջավայր, որտեղ Շիրակի մանկապատանեկան դպրոցի սաները հնարավորություն են ունենալու իրենց դրսեւորել Շիրակի հիմնական կազմում՝ բարձրագույն խմբի խաղերում ստանալով հնարավորինս շատ խաղաժամանակ։
Ուզում եմ նշել նաեւ, որ այս գալիք խաղաշրջանը պետք է ընկալել որպես անցումային՝ հաջորդ խաղաշրջանների չեմպիոնական արդյունքների համար ամուր հիմքեր ստեղծելու շրջան։
Շիրակի համար միշտ առանձնահատուկ դեր են ունեցել երկրպագուները: Հասկանում ենք, որ վերջին շրջանի զարգացումները միգուցե որոշ մտահոգությունների առիթ են դարձել,սակայն ցանկանում եմ վստահեցնել` բացառությամբ այս անցումային փուլի, Շիրակից բարձր տեղերի հավակնելու ակնկալիքները չեն փոխվել: Առաջիկայում նախատեսում եմ նաեւ հանդիպել երկրպագուներին, մանրամասն ներկայացնել թիմի ծրագրերն ու նպատակները:
Շնորհակալ եմ ակումբի նախկին նախագահ Արման Սահակյանին՝ Շիրակի հետ անցկացրած փայլուն տասը տարիների համար։ Վստահ եմ, որ հաջորդ տասնամյակներին եւս պարոն Սահակյանը իր ներկայությամբ ակումբի հետ կլինի։
Հ.Գ. Հատուկ լրագրող գործընկերների համար նշեմ նաեւ, որ ակումբի նախագահի կարգավիճակը միանգամայն համատեղելի է Երեւանի փոխքաղաքապետի պաշտոնի հետ»,- ասված է գրառման մեջ։