Այսօր կառավարության նիստի ժամանակ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց Արտակարգ դրության ժամկետը երկարածգելու և սահմանափակումների մեղմացման վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը:
Սա Հայաստանում մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետի արդեն հինգերորդ երկարաձգումն է: Սպասվում են հետևյալ մեղմացումները.
•Վերացվում է ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստան մուտքի արգելքը։ Եթե անձի նկատմամբ չի կիրառվում հոսպիտալացում, ապա վերջինս 14 օրով ինքնամեկուսացվում է, սակայն այդ ընթացքում հնարավոր է իրականացնել համապատասխան թեստ, և բացասական ելքի դեպքում ինքնամեկուսացման ռեժիմը փոխվում է։
•Վերացվում է ՀՀ ամբողջ տարածքում հավաքների և գործադուլների արգելքը։Այն փոխարինվում է թույլտվությամբ, սակայն որոշակի կանոնների պահպանման պայմանով։
•Մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանց անցկացումը բաց և փակ հաստատություններում, բայց ոչ ավելի քան 40 մասնակցող և պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները։
•Վերացվել է մաքսային սահմանով ապրանքների փոխադրման սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը։ Վարակակիրների հայտնաբերման և ինքնամեկուսացման նպատակով էլեկտրոնային հսկողության կարգում հստակեցվել է միայն վարակակիների, կոնտակտավորների և ինքնամեկուսացված անձանց մասով համապատասխան տվյալներ ստանալու հնարավորությունը ոչ ավել, քան 14 օրյա ժամկետի կտրվածքով։
Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ազգային ժողովում կներկայացնի Արտակարգ դրության երկարաձգման և սահմանափակումների մեղմացման վերաբերյալ որոշման նախագիծը: