ТАСС լրատվական գործակալությունը հայտնում է, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Труд»-ին տված հարցազրույցում ասել է՝ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ մեկտեղ աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը շուտափույթ վերսկսելու ուղղությամբ:
Լավրովը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին հուլիսին գրանցված էսկալացիան 1994թ-ի հրադադարի մասին համաձայնագրի երկրորդ լուրջ խախտումն է եղել:
«Ելակետային դրդապատճառ է նաև աշխարհագրական գործոնը. հայկական կողմի որոշումը վերականգնելու սահմանային հին անցակետերից մեկը, որը 15 կմ հեռավորության վրա է Ադրբեջանի էներգակիրներ արտահանող խողովակաշարերից, մեկի մոտ զգալի անհանգստություն է առաջացրել, մյուսների մոտ՝ չհիմնավորված պատասխան արձագանք և, արդյունքում, հակամարտության թեժացման «կայծը» բռնկվեց՝ հնարավոր բոլոր անկանխատեսելի հետևանքաների սպառնալիքով»,- ասել է Սերգեյ Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է նաև, որ ռուսական կողմն առաջին իսկ օրեից ակտիվ աշխատել է իրավիճակը կայունացնելու ուղղությամբ, ինչի շնորհիվ նաև հուլիսի 16-ից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հարաբերական անդորր է: