Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը համալրվել է «Ստենվեյ» (Steinway) ռոյալով։ Այս կարգի «Ստենվեյ» Երևանում երկրորդը չկա։ Ռոյալը ձեռք է բերվել ՀՀ կառավարության աջակցությամբ Համբուրգի «Ստենվեյ և որդիներ» գործարանից, որը համարվում է երաժշտական գործիքների արտադրության ոլորտում առաջատարը: Ռոյալի գործարանային արժեքն ավելի քան 170 հազար եվրո է‚ սակայն Մարզահամերգային համալիրի ղեկավարության ջանքերով և երկարատև բանակցությունների արդյունքում գործիքը գնվել է 116 հազար 670 եվրոյով։
Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը նկատում է‚ որ Հայաստանում լավագույն ակուստիկա և պայմաններ ունեցող համերգային սրահը չէր կարող չունենալ նման կարգի գործիք. աշխարհի լավագույն դաշնակահարները չեն համաձայնի նվագել դահլիճում‚ որտեղ չկա «Ստենվեյ»։ Ըստ Կարեն Ղազարյանի՝ նոր ռոյալով համալրումը կնպաստի‚ որպեսզի Հայաստանի երաժշտական կյանքն ավելի ակտիվանա‚ հայ երաժշտասերները հնարավորություն ստանան ունկնդրելու ամենապահանջված արտիստներին։
Մաեստրո Տիգրան Մանսուրյանը լրագրողների հետ զրույցում ցավով նշել է‚ որ ՀՀ անկախության առաջին տարիներին մեր լավագույն գործիքները վաճառվեցին։ «Մենք քիչ-քիչ պետք է վերականգնենք մեր հսկայական կորուստը։ Եվ այսօրվա շնորհանդեսը վերադարձի մի շատ գեղեցիկ արարողություն է։ Ուրախ եմ‚ որ այս գործիքը ձեռք է բերվել‚ բոլորիս շնորհավորում եմ»‚- ասել է Տիգրան Մանսուրյանը։ Ռոյալն առաջինը «փորձարկեց» ՀՀ ժողովրդական արտիստ‚ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Մարզահամերգային համալիրը չի սահմանափակվելու «Ստենվեյ»-ով‚ և առաջիկայում նախատեսվում է ձեռք բերել նաև այլ երաժշտական գործիքներ. այդ ուղղությամբ մշակվում են ծրագրեր։ Երաժշտական գործիքներով համալրումը թույլ կտա‚ որպեսզի մարզահամերգային համալիրում ավելի հաճախ կայանան դասական երաժշտության համերգներ։ «Ստենվեյ»-ը պահվելու է հատուկ պայմաններում (ջերմային հատուկ ռեժիմ‚ խոնավության անհրաժեշտ մակարդակ և այլն)։
Մարզահամերգային համալիրի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կողմից կազմակերպված շնորհանդեսի ընթացքում ելույթ են ունեցել երիտասարդ սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը, դաշնակահար Հայկ Մելիքյանն ու Սիմֆոնիկ նվագախմբի լարային կազմը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում հնչել են հատված Տիգրան Մանսուրյանի Հայրեններից և Ֆանտազիան։