Այսօր Տավուշի մարզի Բերդ քաղաքի «Սորաններ» դենդրոպարկում ջազային մթնոլորտ է։ Ժամը 15:00-ից մինչև ուշ երեկո լավագույն ջազ երաժիշտները կլինեն այստեղ` անսահման ջազը բերելով սահման: Ամենամյա «Yerevan Jazz Fest» միջազգային փառատոնն այս տարի կմեկնարկի Բերդ քաղաքում: Ջազի հայկական ասոցիացիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իսկական տոն կնվիրի ջազի սիրահարներին։
«Թիկունքը՝ մշակույթ. անսահման ջազ սահմանում» խորագրի ներքո անցկացվող բացօթյա միջոցառմանը հանդես կգան Հայաստանում հայտնի և սիրված ջազային բենդերը՝ Հայաստանի պետական ջազ նվագախումբ (գեղ. ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունց), Վահագն Հայրապետյան Տրիո, The Birds Band, The Rafael Petrossian Quintet, Dialog music project, Կարեն Գրիգորյան Տրիո, Davit Melkonyan Group, Personal Opinion project, Dave Geodakyan sexte, MVF Band և այլք: Ծրագրում թե՛ հեղինակային, թե՛ համաշխարհային ճանաչում ունեցող ջազային ստեղծագործությունների մշակումներ կներկայացվեն։ «Yerevan Jazz Fest» միջազգային փառատոնն անցկացվում է արդեն 6-րդ տարին։
Ֆոտոշարքը՝ Աննա Խաչատրյանի