Պացիենտների անվտանգությունը սկսում է բուժաշխատողների անվտանգությունից․ այս գաղափարախոսությամբ է 2020 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նշում պացիենտների անվտանգության համաշխարհային օրը։
Սեպտեմբերի 17-ը պացիենտների անվտանգության օր է հռչակվել 2019թ․-ից՝ Համաշխարհային առողջապահական վեհաժողովի 72-րդ նստաշրջանում, որի ժամանակ պացիենտների անվտանգությունը ճանաչվել է որպես համաշխարհային առողջապահական գերակայություն։
Journalist.am-ը թեմայի շուրջ զրուցել է «Մի վնասիր» առողջապահական հասարակական կազմակերպության համահիմնադիր, նախագահ Զարուհի Բագիյանի հետ։
1.Ո՞րն է պացիենտների անվտանգության համաշխարհային օրվա նպատակը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) անցած տարի սեպտեմբերի 17-ը հռչակել է պացիենտների անվտանգության ամենամյա համաշխարհային օր, որի նպատակն էր միավորել առողջապահական բոլոր կազմակերպություններին, պացիենտներին, բուժհաստատություններին մեկ գաղափարախոսության շուրջ, այն է ՝ապահովել պացիենտների անվտանգությունը։ Նպատակն էր ստեղծել մի ուղղվածություն, որը կներկայացնի պացիենտի անվտանգության, առողջության պահպանման առաջնահերթությունը։
2.Ի՞նչ պետք է հասկանանք պացիենտի անվտանգություն ասելով։
Մի քանի սահմանումներ կան։ Պացիենտի անվտանգությունը առաջինը ուղղված է բուժման ընթացքում պացիենտին վնաս հասցնելու նվազեցմանը և առողջության պահպանմանը։ ԱՀԿ-ն սահմանում է, որ պացիենտի անվտանգությունը առողջապահական ուղղություն է, որի ուշադրության կենտրոնում բժշկական սխալների հաշվետվությունը, վերլուծությունը և կանխարգելումն է, որոնք հաճախակի առաջացնում են անցանկալի երևույթներ առողջության համար։ Իսկ ԱՄՆ-ի Բժշկության ինստիտուտի կողմից պացիենտի անվտանգությունը սահմանվում է որպես պացիենտին վնաս պատճառելու կանխարգելում։
3 .Բժշկության մեջ անցանկալի դեպքեր հաճախ կարող են պատահել։ Ինչպե՞ս պետք է պայքարել դրանց դեմ։
Անցանկալի միջադեպերը բժշկության մեջ նորություն չեն։
Պացիենտի անվտանգության պահպանման մեջ ներառված են, օրինակ, տարրական ձեռքերի հիգիենայի պահպանումը, անվտանգ ծնունդօգնության իրականացումը, վիրաբուժական ստուգաթերթիկի կիրառումը, արյան փոխներարկման իրականացման անվտանգությունը և այլ բաժիններ։
Դրա դեմ պայքարելու համար պետք է իրազեկել և՛ պացիենտներին, և՛ բուժաշխատողներին, և՛ առողջապահական ոլորտում կազմակերպչական հարցերով զբաղվող կառավարիչներին։ Պետք է ներմուծվեն հատուկ ուղեցույցներ, որոնք ավելի կհեշտացնեն բժիշկների աշխատանքը։ Սակայն պետք է հիշենք, որ պացիենտի անվտանգության մասին խոսելիս, մենք խոսում ենք ոչ միտումնավոր բժշկական սխալների, ոչ միտումնավոր վնաս հասցնելու մասին։
Այժմ մեր որոշ բուժհաստատություններ ունեն ուղեցույցներ, և ըստ այդ ուղեցույցների են աշխատում, որը նվազեցնում է և՛ պացիենտի վնասվելու հավանականությունը, և՛ նաև հեշտացնում է բժիշկների աշխատանքը։
4 .Կորոնավիրուսը մարտահրավեր նետեց և՛ բժիշկներին, և՛ պացիենտներին։ Այս դեպքում ինչպես է պետք պաշտպանվել։
Կորոնավիրուսը շատ մեծ մարտահրավեր նետեց ոչ միայն Հայաստանին, այլ ամբողջ աշխարհին, քանի որ աշխարհը պատրաստ չէր դիմակայելու նման պանդեմիայի։ Շատ կարևոր է նման պայմաններում բժիշկ-առողջապահության նախարարություն-բուժհաստատություններ “շղթան” լինի կազմակերպված, որպեսզի գործեն մեկ թիմով, աշխատեն համակարգված և անհրաժեշտության դեպքում ստեղծեն ուղեցույցներ՝ իրավիճակը կառավարելու համար։
5.Ի՞նչ է արվում Հայաստանում պացիենտի անվտանգության համար։
«Մի վնասիր» հասարակական առողջապահական կազմակերպությունը անցած տարի է ստեղծվել, այս մեկ տարվա ընթացքում մենք ստեղծել են բժշկական ծառայությունների գնահատման հարցաթերթիկ, որը ուղղված է բուժհաստատությունների որակը բարելավելուն, իրականացրել ենք և մասնակցել մի շարք միջազգային և համաշխարհային ծրագրերի, ներկայացել և փորձել տարածել պացիենտի անվտանգության կոնցեպցիան, և արդեն երկրորդ տարին է՝ իրականացնում ենք պացիենտի անվտանգության օրվան նվիրված միջոցառում, որի նպատակն է իրազեկել և՛ բժիշկներին, և բուժհաստատություններին, և՛ պացիենտներին։ Այս երկու տարվա միջոցառումների նպատակը հենց անվտանգության վերաբերյալ տեղեկացվածության տարածումն էր։ Հայ օգնության ֆոնդը, Հայկական Կարմիր խաչ ընկերությունը, որոշ բուժհաստատություններ մշակել են հատուկ ուղեցույցներ, որով աշխատում են պացիենտների հետ, որպեսզի նվազեցնեն ոչ միտումնավոր սխալների առաջացման հավանականությունը։
6.Ինչպե՞ս կարող է պացիենտը նպաստել հենց իր անվտանգության համար։
Առաջին հերթին պացիենտը պետք է մասնակից դառնա իր բուժման գործընթացին։ Նա պետք է իր մասին ամբողջական ինֆորմացիան ներկայացնի բժշկին, ոչինչ չկոծկի։ Մենք շատ դեպքեր ունենք, որ հենց այս պատճառով են խնդիրներ առաջանում, երբ պացիենտները ամբողջապես կամ չեն տիրապետում իրենց առողջությանը, կամ ինչ-որ մի բան թաքցնում են։ Անհասկանալի պատճառներով մեր հասարակությունը թաքցնում է իր հիվանդությունները, իր ընդունած դեղահաբերը։ Եթե դա չլինի, իհարկե, ավելի կքչանա պացիենտին վնասելու հավանականությունը։ Ինչպես նաև պետք է ունենալ իրազեկված, կրթված հասարակություն, անհրաժեշտ է, որ բոլորը կրթություն ստանան իրենց առողջության մասին, առհասարակ, տարրական հիգիենայի մասին, ինֆորմացված լինեն հավաստի աղբյուրներից։
Հեղինակ՝ Անի Թամրազյան