«Այս տարի տեսողական խնդիրներով այցելուները շատացել են»

«Այս տարի տեսողական խնդիրներով այցելուները շատացել են»

641

Կորոնավիրուսով պայմանավորված մեծ տարածում է ստացել հեռավար կրթությունը։ Հայաստանի Հանրապետության գրեթե բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները ուսանողնորի կրթությունն ապահովում են հենց այս եղանակով։

«Առողջական տեսակետից մեծ վնաս ենք կրում՝ այս կերպ դասապրոցեսին մասնակցելով, քանի որ շատ ժամանակ ենք անցկացնում համակարգչի, հեռախոսի առջև,  արդեն նկատվում են տեսողական խնդիրներ»,- բողոքում է Ֆրանսիական համալսարանի ուսանողուհի Նարինե Զախարյանը՝ միաժամանակ նշելով, որ հեռավար կրթության առաջնային դրական կողմը գումար ու ժամանակ խնայելն է։

ԵՊՀ երկրորդ կուրսի ուսանողուհի Միլենա Հակոբյանն էլ նշում է, որ առաջանում են նաև ողնաշարային խնդիրներ, որոնք ավելի են բարդացնում սովորելը: «Բացի դա, շատերիս մոտ գլխացավեր ու անքնություն է առաջանում, կարծում եմ՝ պատճառը համակարգչից երկար ժամանակ օգտվելն է, քանի որ մասնագիտական գրականության հիմնական մասից, նույնպես, օգտվում ենք առցանց տարբերակով»։                                                                        

ԵՊՀ երկրորդ կուրսի ուսանողուհի Լիանա Հովհաննիսյանն էլ նշում է, որ բացի գլխացավերից նյարդային խնդիրներ են առաջանում. «Ես թելերով հաճախ եմ աշխատում ՝ ասեղնագործում,  հատկապես վերջերս նկատել եմ, որ շատ են գլխապտույտներ առաջանում, չեմ կարողանում մանր, ուշադրություն պահանջող աշխատանքներ անել։  Հուսով եմ ՝ շուտով կվերադառնանք մեր նախկին կյանքին և կրթությունը կստանանք միայն լսարանային պայմաններում»:

«Բիբ օպտիկս» ակնաբուժական կլինիկայի հիմնադիր և ակնբույժ Գոհար Բիշարյանը երկու հիմնական խնդիր է առանձնացնում հեռավար մեթոդով ուսումնական պրոցեսը կազմակերպելու դեպքում. «Սկսենք դարի հիվանդությունից՝ կարճատեսությունից: Մոտ հեռավորության վրա կատարվող երկարատև աշխատանքը հանգեցնում է ակկոմոդացիոն համակարգի գերլարման, ակկոմոդացիոն մկանի սպազմի առաջացման: Մանկական տարիքում դա մեծապես ուղեկցվում է կարճատեսության առաջացմամբ, իսկ ավելի մեծ տարիքում գուցե հիվանդությունը չզարգանա, սակայն աչքերի գերհոգնածությունը, քունքային հատվածում ցավը և դիսկոմֆորտը, չոր աչքի համախատանիշի զարգացումը՝  այրոց աչքերում (կարծես աչքերը փակելիս կոպերի ներսային մակերեսը վառվում է), աչքերում օտար մարմնի կամ ավազահատիկի զգացողությունը: Մյուս կողմից  հեռավար կրթությունը իրականացվում է ժամանակակից տեխնիկայի միջոցով՝ հեռախոսներ, համակարգիչներ և այլն: Վերջիններս ինչքան էլ նորացված և պաշպանիչ շերտեր ունենան, միևնույն է, անխուսափելի է դրանցից ճառագող լույսի երկարատև ազդեցությունից խուսափել: Ակնահատակի վրա դրանց բացասական ազդեցությունը կերևա տարիներ անց»:

Բժիշկ Բիշարյանը նշում է, որ նախորդ տարիների հետ համեմատած այս տարի նման գանգատներով այցելուները շատացել են։ Հնարավորինս խուսափելու համար տեսողական խնդիրներից աշխատանքը անհրաժեշտ է կազմակերպել առավելագույնս լուսավոր պայմաններում, 30-40 րոպե անդադար աշխատանքից հետո, փակել աչքերը, եթե կա հնարավորություն, նայել հեռուն կամ հատակի վրա աչքերով ութ(8)  թիվը նկարել։ Լարված աշխատանքի ժամանակ չմոռանալ թարթել, որ աչքերի լորձաթաղանթը չչորանա։ Կարելի է օգտագործել նաև խոնավեցնող կաթիլներ՝ արհեստական արցունքի տեսքով, սակայն բժշկի ցուցումով։ Եվ դասերից ու աշխատանքից դուրս ժամանակը չծախսել կրկին տարատեսակ գաջետների վրա, հաճախ զբոսնել մաքուր օդին և գնդակ խաղալ։ Վերջինս հիանալի տարբերակ է ակկոմոդացիոն համակարգը ճիշտ աշխատեցնելու համար։

 Նյարդաբան Սուսաննա Ազոյանը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ նյարդային խնդիրներն առաջանում են առաջին հերթին ոչ թե հեռավար կրթության, այլ կարանտինային փակ պայմանների, շփման սահմանափակումների և բնականոն կյանքի ռիթմի խախտման հետևանքով։ Այս իրավիճակն արդեն կարող է առաջացնել մի շարք նյարդային խնդիրներ, ինչպիսիք են նևրոզները, դեպրեսիաները, որոնք էլ իրենց հերթին ազդում են կրթական արդյունավետության վրա։ «Ինչ վերաբերում է հեռավար կրթության ազդեցությանը, այն ավելի շատ ազդում է սովորողի տրամադրվածության վրա։ Ֆիզիկական ներկայության, դեմ առ դեմ դասապրոցեսի բացակայությունը կարող է նվազեցնել սովորողի մոտիվացիան՝ վատ անդրադառնալով առաջադիմության վրա»։                                            

 Հոգեբան Անուշ Կարապետյանը կարևորում է ֆիզիկական ակտիվությունը՝ որպես հոգեբանական առողջության կարևոր բաղադրիչ։ «Տնային պայմաններում երկար մնալը, նույն մարդիկ, նույն միջավայրը բացացաբար են ազդում հոգեբանական վիճակի վրա։ Անհրաժեշտ է հնարավորինս պահպանել ֆիզիկական ակտիվությունը և հեռավար ուսուցման շրջանականերից դուրս չմոռանալ երեխաների և ուսանողների ակտիվ կենսակերպի մասին՝ իհարկե պահպանելով հակահամաճարակային կանոնները»։

Արաքս Հագեյան

2-րդ կուրս

Կիսվել