Այսօր կայացած ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ վաղ առավոտյան, հակառակորդը շարունակել է հարձակողական գործողությունները նույն ուղղություններով․ առավել թեժ մարտեր եղել են հարավային ուղղությամբ։
«Ձեռնարկվել է լայնամաշտաբ գրոհ, ուղղություններից մեկում կոնկրետ մոտ 2-3 տասնյակ ավտոմեքենաներով շարասյունը փորձել է մոտենալ և հարձակում զարգացնել, սակայն մեր հրետանավորների դիպուկ կրակի արդյունքում շարասյունը խոցվել է, և հակառակորդը ստիպված է եղել նահանջել։
Հյուսիսային ուղղությամբ այսօր այնքան թեժ չի եղել, որքան նախորդ երկու օրերին։ Որոշ ուղղություններում մարտերը այս պահին էլ շարունակվում են»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ հակառակորդը որպես կանոն մեծաթիվ զրահատեխնիկա այլևս չի կիրառում։ Կիրառվել են օդուժ, ԱԹՍ-ներ և հրետանային կրակ։ Իսկ ՀՀ զինված ուժերի կողմից կատարվող աշխատանքի մասին ասաց.
«Մենք մեր ՀՕՊ-ի հարցերը ինքներս լուծում ենք։ Մենք ինքներս ենք մեր կռիվը մղելու, մեր հայրենիքը պաշտպանելու։ Մեզ կարող են օգնել մեր ընկերները, մեր դաշնակիցները, բայց մեր փոխարեն չեն կռվելու»։