Արամոն ծնվել է 1999 թ.-ի հուլիսի 24-ին՝ Շիրակի մարզի քաղաք Արթիկում։ Հոկտեմբերի 2-ին հերոսաբար զոհվել է ադրբեջանական ագրեսիան հետ մղելու արդյունքում։ 8 ամիս էր, ինչ անցել էր ծառայության։ Սկզբնական շրջանում ծառայել է Վարդենիսում, երբ սկսվել է պատերազմը՝ Քարվաճառում։
Այսօր Արամոյի մասին հիշողություններով մեզ հետ կիսվել են ամենամտերիմ ընկերներից մեկը (անունը չցանկացավ նշել) և դասընկերուհին՝ Սյուզին։
Երկուսի խոսքով էլ հերոսը ակտիվ, ուրախ ու չափից դուրս ընկերասեր էր. ընկերն պատմում է՝ շատ էր սիրում երաժշտությունը, անգամ ինքն էր ստեղծում մեղեդիներ, լավ էր գլուխ հանում համակարգիչներից, նպատակ ուներ զորացրվելուց հետո ունենալ սեփական հեռախոսների խանութը։
Սյուզին և Արամոն սովորել են նույն դասարանում, դասընկերուհին ժպիտով է հիշում հերոսի հետ անցկացրած օրերը, ասում է՝ նա շատ լավ մարդ էր, բոլորին օգնում էր. «Եթե մի բան էր պետք, մենք գիտեինք, որ Արամոն հաստատ կօգնի, մեր Արամոն բարի էր, ընկերասեր, դասարանի փոքրն էր ու ամենասիրվածը»։
Ընկերոջ խոսքով՝ Արամոն շատ հեշտ է հարմարվել ծառայությանը, միայն հոր հետ խոսելիս ասել է՝ 2 տարին շատ է։
Երբ հարցրեցինք, թե որն էր այն ուրախ պահը, որ ընկերը կուզեր կիսվել մեզ հետ, ասաց՝ պահերն իհարկե շատ են, բայց իրենց վերջին խոսակցությունը դաջվել է մտքում .«Արամոս ընբես բնավորություն ուներ, օր իրա հետ ամեն պահ էլ ուրախ էր, միշտ հումորով էր, անհնար էր իրա հետ տխուր էղնել։ Ինքը շատ ալարկոտ էր, զոհվելուց մե օրմ առաջ կխոսայինք, բաներ կպատմեր, ուրախացա, ըսի՝ ահա լավ է, էլ ալարկոտ չես, ըսավ՝ չէ՜, ավելի ալարկոտ եմ դառե»։
Հիշում է՝ վերջին անգամ շատ բարձր տրամադրությամբ է խոսել, ասել է՝ ուղիղ նշանակետին ենք խփում, առանց վրիպելու։
Ընկերոջ խոսքով՝ Արամոն ոչ զենք է սիրել, ոչ էլ կռիվ, բայց միևնույն ժամանակ շատ քաջ ու անվախ էր։ Հերոսի աննահանջ կռիվը զարմանալի չէր ընկերոջ համար. «Մենք գիտեինք, որ ինքը հեչ բանից չէր վախենա, շատ դուխով էր, ինչ կռիվ էլ էղներ, ինքը կկանգներ առաջինը»։
Անասելի ցավ է Արամոյի կորուստը, բայց ընկերը սփոփվում է նրանով, որ այն դիրքը, որտեղ հերոսն է զոհվել, թշնամու ձեռքում չէ։
Ասում է՝ Արամոն իր ուժն ու զորությունը թողեց իր հետ կռվող տղերքին ու գնաց…
«Արամոն իմ հերոսն է, իմ ախպերս, կցանականայի, որ բոլորն էլ իրա նման անվախ ու դուխով լինեին, որ հաղթենք, ինքը միշտ ինձ հետ է, իմ սրտում… Դարձավ հավերժ անդավաճան ընկեր, ափսոս՝ իր նման շատ լավ տղերք ընկան…»։
Նելլի Իգիթյան
2-րդ կուրս