Արցախյան երկրորդ պատերազմում, որը սկսվել է ճիշտ 1920 թ․-ի հայ-թուրքական պատերազմի օրը, բավականին մեծ է Թուրքիայի դերը։ Ադրբեջանին բացահայտ ռազմական աջակցություն ցուցաբերելուց զատ, Թուրքիան նաև չի ընդունում այլ երկրների միջամտությունն այս պատերազմում։
Ադրբեջանագետ Էդգար Էլբակյանը նշում է, որ Թուրքիայի գլխավոր նպատակը այս տարածաշրջանում Ադրբեջանի միջոցով տարածաշրջանային ներկայությունն էապես մեծացնելն է։ «Դա են հուշում իրադարձությունների զարգացումները։ Այն կարող է լինել Ադրբեջանում ռազմական ներկայության տեսքով, այդ թվում՝ ռազմաբազայի։ Եվ բացի ընդհանուր ռազմաքաղաքական ազդեցության և կշռի մեծացումից, դա հնարավորություն կտա Թուրքիային նաև լուրջ ու առարկայական փաստացի վերահսկողություն ունենալ Ադրբեջանով դեպի Եվրոպա գնացող նավթագազային հոսքերի վրա»,- ասում է Էդգար Էլբակյանը։
Սեպտեմբերի 27-ից մինչև այսօր թուրք-ադրբեջանական բանակն ունեցել է մեծ թվով կորուստներ և կրել վնասներ։ Արդյո՞ք սպասում էին նման արդյունքի և որքանո՞վ են արդարանում իրենց սպասելիքները։ Այս մասով Էդգար Էլբակյանն ասաց, որ ենթադրել կարելի է, որ միգուցե սպասում էին՝ պատերազմը շատ արագ կավարտվեր, կամ էլ գուցե ամեն ինչ նրանց սպասվածի պես է ընթանում։ Նրա կարծիքով՝ Ադրբեջանին Թուրքիայի նախապայմանն է եղել կես ճանապարհից հետ չկանգնելը և անթույլատրելի չափով չվերադառնալը ռուսական ազդեցության դաշտ։
Հարցին՝ սա Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից հայտարարված պատերազմ է, թե՞ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայտարարված, Էդգար Էլբակյանը պատասխանեց. «Մեր ու Ադրբեջանի պատերազմը 1991թ․-ից ընթանում է։ Էականն այստեղ այն է, որ Թուրքիան լիակատար աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին և՛ դիվանագիտական՛, բարոյահոգեբանական, և՛ հումանիտար, և՛ ռազմական՝ զինտեխնիկայի (հանձինս F-16 կործանիչների և այլն), և՛ խորհրդատվության ու կառավարման առումով»։
Նրա խոսքերով՝ ռազմական գործողությունների սկսվելու առաջին օրերին Թուրքիային ճնշելը կարող էր ինչ-որ արդյունք տալ. Թուրքիան չեզոքացվեր, Ադրբեջանը նորից վերադառնար բանակցային սեղանին, ինչպես 2016թ․-ի ապրիլի 5-ին։ Սակայն, ինչպես նշում է Է․ Էլբակյանը, այս պահին առկա իրավիճակը լրիվ ուրիշ է, և չկա ոչ մի գործնական հնարավորություն։
Պատերազմի ողջ ընթացքում միջազգային կառույցները հանդես են գալիս «խորը մտահոգություն հայտնելով», ինչը չի կարող անպատճառ լինել։ Եվ հաշվի առնելով Թուրքիայի ներգրավվածությունը, կարելի է մտածել, որ դա կապված է նաև Թուրքիայի հետ։ Էդգար Էլբակյանի խոսքով՝ կա երեք պատճառ. «Մեկը, որ Թուրքիան խնդրահարույց երկիր է, ու միջազգային կառույցները, իսկ ավելի ճիշտ՝ մեծ պետություններն ամեն մեկն իր խնդիրը ունի, և հիմա փորձում են արդեն իսկ եղած խնդիրների կոնտեքստում ձևակերպել իրենց քաղաքականությունն այս հարցով։ Երկրորդը՝ կորոնավիրուսի համաճարակն է. բոլորը իրենց տներում մեծ խնդիր ունեն, և մեր ժամանակը չի, այսպես ասած։ Եվ երրորդը՝ ավանդաբար տարածաշրջանը ռուսական ազդեցության գոտի է, և գոնե մինչ այս, կարծես թե, դրա ընդունումը կա, և ավելի շատ ռուսներին են ձայն տալիս»։
Էդգար Էլբակյանի խոսքերով՝ Թուրքիան այս օրերին բախվում է նաև տնտեսական խնդիրների հետ․ «Օրինակ՝ Ավստրիան ու Կանադան արգելանք դրեցին թուրքական Bayraktar տեսակի ԱԹՍ-ների արտադրամասերի արտահանման վրա, ակնհայտորեն դա եղավ մեր պատերազմի հետևանքով, բայց թե ինչքանով է դա լուրջ խնդիր Թուրքիայի համար, կդժվարանամ ասել, քանի որ այդ նույն մասերը կարող են նաև Ամերիկայից գնել»։
Կարող ենք ասել, որ Թուրքիայի տարածաշրջանում Ադրբեջանի միջոցով տարածաշրջանային ներկայությունն էապես մեծացնելու նպատակը դառնում է առիթ նրա ամբողջական ներգրավվածությանը այս պատերազմում։
Գոհար Պետրոսյան
4-րդ կուրս