Մարմինը՝ որպես կտավ․ Ազա Փաշինյանն ու իր «կտավները»

Մարմինը՝ որպես կտավ․ Ազա Փաշինյանն ու իր «կտավները»

118

Մարմնի արվեստը (Body Art) սկսել է զարգանալ 1960-ական թվականներից և ընդգրկում է արվեստի տարբեր ձևեր, որոնցում մարդկային մարմինը ծառայում է որպես հիմնական նյութ։ Այս շարժումը ներառում է կատարողական արվեստը (performance art), որտեղ արվեստագետները իրենց մարմնի միջոցով արտահայտում են գաղափարներ՝ հաճախ ներկայացնելով բեմադրված կամ հանպատրաստից գործողություններ։ Մարմնի արվեստը ներառում է նաև մեդիայի այլ ձևեր, ինչպիսիք են նկարչությունը, լուսանկարչությունը, քանդակը և տեսանյութերը։

Մարմնի արվեստը դարձել է ինքնարտահայտման յուրօրինակ ձև, որտեղ մարդու մարմինն օգտագործվում է որպես կենդանի կտավ: Այս մոտեցումը թույլ է տալիս արվեստագետներին խոսել կարևոր թեմաների մասին, որոնք վերաբերում են ինքնությանը և մարդկային փորձին: Ստորև ներկայացվող հարցազրույցն այս ժանրում ստեղծագործող արվեստագետի՝ Ազա Փաշինյանի հետ է։

-Ինչպե՞ս որոշեցիք օգտագործել մարմինը՝ որպես կտավ:

-Երբ հասկացա, որ ինչ-որ մի բան չի հերիքում, պակաս կա արվեստումս, որը հարկավոր է լրացնել նորը արարելով։ Եվ իհարկե, ստեղծելուց հետո համարելով, որ պատահական ոչինչ չի լինում։

-Ի՞նչ խնդիրներ կամ թեմաներ եք ուզում արտահայտել մարմնի արվեստի միջոցով:

-Տեսողական ընկալումները երբեմն ավելի ուժգին են լինում, քան խոսքերը։ Արդի իրականությունում, այո, մարդիկ արվեստով են ցանկանում տեսանելի դարձնել իրենց հույզերը։ Հին ժամանակներում էլ որքան նկարիչներ իրենց կտավներում այլաբանություններ են թաքցրել։

Կան, իհարկե, ուսուցողական թեմաներ, որոնցով ատեղծագործում եմ։ Մարդկային անատոմիայի դետալներն եմ պատկերում, որպեսզի մարդիկ էլ ավելի պատկերավոր տեսնեն, թե ինչ է կատարվում իրենց ներսում։

-Ինչպե՞ս է փոխվում արվեստի ընկալումը, երբ գործը ստեղծվում է մարդու մարմնի վրա, այլ ոչ թե դասական կտավի:

-Չե՞ք կարծում, որ մարդը ամենագեղեցիկ ստեղծագործությունն է աշխարհի երեսին։ Մինչ մենք զրուցում ենք, շուրջ 50 000 բջիջ ձեր մարմնում մեռնում և փոխարինվում է նորով մի քանի վայրկյանում։ Ամենքս արվեստն ընկալում ենք յուրովի, ինչպես մեր մատնահետքն է տարբերվում, և դառնում ենք այն, ինչով կերակրում ենք մեր միտքը։

-Ի՞նչն է Ձեզ ոգեշնչում յուրաքանչյուր նոր նախագիծ սկսելիս:

-Երբ ինքնակռիվների մեջ եմ լինում, երբ հասկանում եմ, որ ժամանակը շաաաատ քիչ է, անելիքներս՝ շատ։ Երբ հասկանում եմ՝ ինքս եմ վեր բարձրացնողը, և գիտեմ, որ ավելին կարող եմ, ավելին ու ավելին։

-Որո՞նք են ամենահիշարժան և հուզիչ բոդի-արթ նախագծերը, որոնց վրա աշխատել եք:

-Ամեն մեկում յուրովի կյանք ու ժամանակ եմ ներդնում։ Ծառը արմատից առանձնացրեք, տեսեք՝ ինչ կլինի, ծաղիկին զրկեք ջրից։ Ես չեմ կարող առանձնացնել արթերը․ չէ՞ որ ես եմ ստեղծել դրանք։

-Ինչպիսի՞ նյութեր եք օգտագործում, և ինչպե՞ս եք հետևում մաշկի հետ աշխատելու ընթացքում անվտանգության պահպանմանը:

-Մասնագիտացած բրենդներ կան, իհարկե, որոնք ստեղծել են հատուկ մարմնի համար նախատեսված նյութեր, որոնք անվնաս են։ Դիմացինի հետ աշխատելու ընթացքում պատասխանատվություն կրելը շատ սկզբունքային է ինձ համար։

-Ինչպե՞ս եք պատկերացնում բոդի-արթի ապագան, և ի՞նչ տեղ կունենա այն ժամանակակից արվեստում:

– Այն միշտ իր տեղն ունեցել է։ Ամեն ինչ գեղեցիկ է, երբ գրագետ և չափի մեջ է ներկայացվում։ Գնահատեք և սիրեք, չ՞է որ հենց մենք արվեստի մի մասնիկն ենք կազմում։

Անի Առաքելյան

2-րդ կուրս

Կիսվել