Հարկային արտոնությունները՝ գրահրատարակչության և ընթերցանության մշակույթի զարգացման ճանապարհին

Հարկային արտոնությունները՝ գրահրատարակչության և ընթերցանության մշակույթի զարգացման ճանապարհին

111

Գրքերն ու գրատները մշակույթի և կրթության բնագավառների կարևոր մասն են կազմում, սակայն դրանց գործունեությունը ենթարկվում է բազմաթիվ ֆինանսական մարտահրավերների։ Հարկերը, որոնք դրված են գրքերի վաճառքի վրա, կարող են զգալի ազդեցություն ունենալ դրանց գների և մատչելիության վրա։

Որոշ երկրներում գրքերի հրատարակությանը հարկային արտոնություններ են տրվում, որպեսզի խթանվի ընթերցանությունը։ Օրինակ, մի շարք եվրոպական երկրներում գրքերի վաճառքի վրա կիրառվում են նվազեցված հարկային դրույքաչափեր, ինչը նպաստում է գրքերի մատչելիությանը և ընթերցանության մակարդակի բարձրացմանը։ Որոշ երկրներում նվազեցրել կամ հանել են ավելացած արժեքի հարկը՝ նպաստելով նրանց մատչելիության բարձրացմանը։

Բարձր հարկերը հաճախ ազդում են գրքերի գների վրա։ Երբ վաճառողը ստիպված է վճարել բարձր հարկեր, նա կարող է դա փոխհատուցել՝ բարձրացնելով գները, ինչը կարող է նվազեցնել գրքերի մատչելիությունը։ Արդյունքում հաճախ ընթերցողները ստիպված են հրաժարվել որոշ գրքերից կամ սահմանափակել իրենց գնումները։

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի խոսքով՝ թեպետ Հայաստանում մանկական գրքերն ավելացված արժեքի հարկից ազատվում են, բայց այդ գործընթացն այնքան երկարատև, ձանձրալի և թղթատար է, որ շատ հրատարակիչներ նույնիսկ չեն էլ դիմում, որ գրքերն այդ հարկից ազատեն։ Մեզ հետ զրույցում Արքմենիկ Նիկողոսյանը նաև կարծիք հայտնեց, որ Հայաստանում գրքի գնի էժանացման միակ տարբերակը շատ գիրք գնելն է․ մեծ տպաքանակներն են, որ բերում են գրքի ինքնարժեքի ցածրացման։ «Տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանում գրքերի հանդեպ անհրաժեշտ վերաբերմունք չկա։ Այս պատճառով մենք տարիներ շարունակ փորձել ենք շեշտը դնել ոչ այնքան այն հարցի վրա, որ գրքերը շատ կամ քիչ հարկվեն, թեպետ դա ևս շատ կարևոր է, այլ այն, որ մեր երկրում գրքի հանդեպ լինի առանձնահատուկ վերաբերմունք, որը նույնպես չկա»,- հավելեց գրականագետը։

Ըստ «Բուկինիստ» գրախանութի աշխատակիցների՝ բարձր հարկերն ավելի շատ ազդում են հայկական գրականության վրա։ Մյուս գրքերի վրա ազդեցությունն այնքան էլ մեծ չէ։ «Շատ հաճախ գործում են զեղչեր, որոնք բարձր գները զգացնել չեն տալիս»,- ավելացրեց գրախանութի աշխատակիցը։

Անհատ գրավաճառ Սամվելի դիտարկմամբ էլ՝ ինչքան  հարկերը բարձր, այնքան գրքերը թանկ։ Արդյունքում տուժում է գրավաճառությունը։ Ընթերցողները նախընտրում են առցանց կարդալ կամ այլ միջոցների են դիմում։

Գրքի վաճառքի շուկան կախված է ոչ միայն գրավաճառների և գրատների ջանքերից, այլև հարկային քաղաքականության ճկունությունից։ Տարբերակված հարկային մոտեցումները կարող են մեծ դեր խաղալ՛ թե ընթերցանության մշակույթի զարգացման, թե՛ գրատների և գրավաճառների բիզնեսի կայունության ապահովման գործում։

Ընդհանուր առմամբ, գրքերի և գրատների ֆինանսական վիճակը պահանջում է հատուկ մոտեցում և խնամք։ Հարկային արտոնությունները կարող են էականորեն նպաստել գրքերի մատչելիության բարձրացմանը, ընթերցանության մշակույթի զարգացմանը և ընթերցողների քանակի աճին։ Տարբեր երկրների օրինակները ցույց են տալիս, որ ճկուն հարկային քաղաքականությունը նպաստում է գրքերի արժեքի իջեցմանը և գրահրատարակչության ոլորտի զարգացմանը։ Հուսանք, որ Հայաստանում նույնպես կձեռնարկվեն համապատասխան քայլեր՝ ընթերցանությունը յուրաքանչյուր քաղաքացու հասանելի դարձնելու համար։

Մանե Խանդանյան

3-րդ կուրս

Կիսվել