Նոր Հաճնի կամուրջը փակ է, իսկ այլընտրանքային ճանապարհը՝ անհարմար

Նոր Հաճնի կամուրջը փակ է, իսկ այլընտրանքային ճանապարհը՝ անհարմար

128

Հայաստանի ամենաերկար՝ Նոր Հաճնի կամուրջը երթևեկության համար փակ է արդեն 2 ամիս։ Հայտարարվել էր, թե այն կբացվի նոյեմբերի 12-ին, բայց սա էլ հստակ ժամկետ չէ։

Կամրջի հիմնանորոգման աշխատանքները սկսվել են այս տարվա օգոստոսի 20-ին։ Սկզբում Ճանապարհային դեպարտամենտը հայտարարել էր, թե երթևեկության համար փակ լինելու վերջնաժամկետը հոկտեմբերի 6-ն է։ Հետո այդ ժամկետը հետաձգվեց մինչև նոյեմբերի 12-ը։ «Եթե տեխնիկական, եղանակային և այլ խնդիրներ չառաջանան, կապալառու կազմակերպությունը կանի հնարավորը՝ նոյեմբերի 12-ին երթեւեկությունը բացելու համար»,- մեզ պատասխանել է Ճանապարհային դեպարտամենտը։ Կապալառուն «Բիդեք» ՍՊԸ-ն է։ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից նաեւ տեղեկացնում են, որ ըստ հիմնանորոգումն իրականացնող «Բիդեք» ՍՊԸ-ի հետ կնքված պայմանագրի՝ կամրջի շինաշխատանքների ավարտը նախատեսված է 2025 թվականի հուլիսին։

«Մետաղական կոնստրուկցիաները որ բացում ենք, տեսնում ենք, որ ինչ-որ նախատեսված ա անել, ավարտին հասցնել, էդպես չի, լիքը լրացուցիչ աշխատանքներ կա»,- ասում է աշխղեկ Նվեր Բադալյանը։

Նոր Հաճնի եւ հարակից բնակավայրերի բնակիչներին մտահոգում է այն, որ կամուրջը փակել ու շինարարություն են սկսել առանց այլընտրանքային` Աբովյան-Արզնի-Նոր Գեղի կամ Գետամեջով անցնող ճանապարհները նորոգելու։ Ահա մի քանի կարծիք.

«Կամուրջը սարքելուց առաջ պիտի էս ճանապարհը նորմալ սարքեին, էդտեղ գիտե՞ք ինչքան ավտոներ են ջարդվում»։

«Էն մյուս ճանապարհն էլ Գետամեջ գյուղով ա, էնտեղ էլ ճանապարհը համ նեղ ա, համ էլ քանդած ա սաղ»։

«Վաբշե ճանապարհ չկա, տեխասմոտրի փող եմ մուծում, ապահովագրական փող եմ մուծում, ճանապարհավարձ եմ մուծում, բա իմ ավտոն խի՞ պիտի ես ջարդեմ»,- բողոքում են վարորդները։ 

Մի քանի օր է՝ Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ճանապարհին վերանորոգման որոշ աշխատանքներ են իրականացնում։

Կամրջի նախորդ նորոգման նախագծի հեղինակ, Ճարտարապետության եւ շինարարության ազգային համալսարանի կամուրջների ամբիոնի դոցենտ Արտաշես Սարգսյանը «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է, որ Նոր Հաճնի կամուրջը  վերջին անգամ 2000-ականներին է հիմնանորոգվել, մինչդեռ կամրջի երթևեկելի մասը կարող է ծառայել մոտ 10-15 տարի։

Լուսանկարները՝ հեղինակի

Էմմա Վարդանյան

3-րդ կուրս

Կիսվել