«Երմոնիա՛, պատրաստվի՛ր, վաղը մի խումբ բժիշկներով մեկնում ենք Արցախ»։
Երմոնիան բժիշկ է։ Երկար տարիներ ապրելով և սովորելով Ուկրաինայում՝ որոշում էր կայացրել վերադառնալ Հայաստան՝ մշտական բնակություն հաստատելու նպատակով։ Վերադառնալուց մի քանի օր հետո՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանն Արցախի դեմ կրկին պատերազմ սանձազերծեց, որը գնալով էլ ավելի էր սաստկանում և տարածվում իր ողջ թափով։ Տեսնելով այս ամենը՝ Երմոնիան որոշում կայացրեց կամավորագրվել և մեկնել Արցախ։
«Երբ եկավ Արցախ մեկնելու ժամանակը, անկեղծ ասած շատ վախեցա։ Ես չգիտեի՝ ինձ ինչ էր սպասվում, բացի այդ, առաջին անգամ էի լինելու Արցախում»։
Երմոնիան սկզբում եղել է շտապօգնության բուժքույր, ամեն օր իրենց խմբով վիրավոր զինվորներ են Արցախից տեղափոխել Երևան։ Իսկ այժմ գտնվում է Ստեփանակերտի հիվանդանոցում և կատարում է իրեն վստահված աշխատանքն անմնացորդ նվիրումով։
«Ես կարծում եմ, որ հայրենիքի պաշտպանության գործում յուրաքանչյուրս պետք է իր ուժը ներդնի։ Սա մեր պարտքն է հայրենիքին, և որպեսզի հաղթահարենք այս դժվարությունը և հասնենեք վերջնական հաղթանակի, պետք է միասնական լինենք»։
Բժշկուհին պատմում է, որ և՛ իր ընկերները, և՛ հարազատները, որքան էլ փորձում էին թաքցնել իրենց չափից շատ անհանգստությունը, բայց և ոգևորված էին իր որոշմամբ։
«Միայն հայրս էր, ով մինչև վերջին րոպեն ինձ ոգևորելով փորձում էր ուժ տալ, որպեսզի չհուսահատվեմ»։
Բժշկուհուն հայրը գնալուց առաջ խորհուրդ է տվել․ «Ոչ մի վայրկյան չկորցնես հույսդ, անգամ մեր ինչ-որ չափով փոքր պարտություններից, քո տեսածից և քո լսածից։ Ամեն ինչ լավ է լինելու»։ Այս խոսքերն են, որ մինչ օրս այնտեղ են պահում բժշկուհուն, ով ոչ մի րոպե չի փոշմանել իր որոշման համար։
«Ես եկել եմ օգնելու հայ զինվորին, հայ ժողովրդին, իմ հայրենիքին»։
Բժշկուհու խոսքով՝ հայ զինվորն անպարտելի է, նրանք իրական հերոսներ են։ Ցանկացած ծանր իրավիճակում, միևնույն է, նրանք շարունակում են ժպտալ և պայքարել։
«Թերևս ինձ համար առավել հուզիչ պահ չկա, քան այն, երբ ծանր վիճակում գտնվող զինվորը փորձում է ամեն կերպ՝ գլխով, ժեստերով, միմիկաներով ցույց տալ, որ ամեն ինչ նորմալ է իր հետ, և րոպե առաջ ուզում է շուտ ապաքինվել և վերադառնալ իր ծառայակից ընկերներին միանալու»։
Որքան էլ բժշկուհին կարոտել է իր տունը, իր ընտանիքին և իր սովորական կյանքը, և հետ վերադառնալու միտքը երբեմն հյուր է գալիս իրեն, բայց հենց նույն պահին մտածում է, որ եթե բոլորն իր նման մտածեն, մենք հաղթանակի չենք հասնի։
«Չկա հաղթանակ առանց դժվարությունների»,- ասում է բժշկուհի Երմոնիան։
Սառա Ցականյան
4-րդ կուրս