Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրում, ինչպես հանրապետության մյուս դպրոցներում, դասեր չկան, բայց դռները բաց են, ներսում աշխատանքը եռում է: Ուսումնական ամբողջ աշխատակազմը, ինչպես նաև նախկին և ներկա աշակերտները միասին համախմբվելով՝ «Բոլորս հանուն Արցախի» գաղափարի շուրջ գործում են քողարկման ցանցեր, կարում ներքնակներ, ինչպես նաև հավաքագրում հագուստ Արցախից ժամանած մեր հայրենակիցների համար:
«Իրականում բավականին հեշտ է, պարզապես աշխատատար է, բայց հաճույքով ենք անում: Մեր բանակին մեր օգնությունն է պետք»,- ցանցի վրա կտորը անցկացնելով պատմում է դպրոցի չորրորդ դասարանի աշակերտուհի Սոնան:
Կապերը ավելի ամրացնելով և հուզմունքը աշխատանքի ընթացքում թաքցնելով ՝ Նունեն ամեն կապը շատ մեծ սիրով ու հաճույքով է անում: Ասում է՝ պետք է հնարավորինս ամուր կապենք, որ մեր արած աշխատանքը անիմաստ չլինի:
«Իմ տղան նույնպես ծառայում է. ժամկետային զինծառայող է: Իր ծառայությունը սահմանին կատարում է, ես էլ այստեղ եմ ծառայում՝ թիկունքը ամուր պահելով»,- հուզմունքը չկարաողանալով զսպել՝ պատմում է կերպարվեստի ուսուցչուհի ընկեր Ալիսան:
Որդու հետ խոսելիս շատ հարցեր չի տալիս, ասում է՝ ինքն էլ չի պատասխանում որևէ հարցի. միայն ասում է՝ լավ եմ և վերջ:
Դպրոցը մի քանի մասի է բաժանվել. մի տեղում քողարկման ցանցեր են գործում, մյուսում՝ ներքնակներ կարում, մեկ այլ հատվածում էլ հագուստներ են տեսակավորում արցախցի ընտանիքների համար:
Քողարկվող ցանցերի, ներքնակների առաջին բաժինն ուղարկվել է։ Հումքը ձեռք են բերում կամավորների, ծնողների, նախկին աշակերըների օգնությամբ:
«Երեկ նվեր ստացանք մեր աշակերտից, ով 11 տարի առաջ ավրտել է դպրոցը և հիմա Ֆրանսիայում է ու օգնեց մեզ հումքի ձեռք բերման հարցում, ունենք ԱՄՆ-ից օժանդակություն, որ պիտի օրերս հասնի: Ամեն օր զբաղվում ենք դրանով»,-նշում է դպրոցի փոխտնօրեն Ռուզաննա Երեմյանը:
Դպրոցի տնօրեն Գոհար Սանոյանն էլ ամփոփելով՝ ասում է, որ այս ամենն արվում է մեկ նպատակի համար:
«Միայն ու միայն հաղթանակ, և ոչ միայն հաղթանակը, խաղաղությունը մոտեցնելու համար․ խաղաղություն մեր երիտասարդներին ու մեզ բոլորիս»,-ասաց տնօրենը:
Կոջոյանցիները քողարկման ցանցեր գործելիս անգամ չեն մոռանում իրենց կրեատիվության մասին. հաճախ որևէ պատկերներ են գործում՝ փորձելով դրական լիցքեր մտցնել աշխատանքային գործընթացի մեջ:
Դանիելա Զանազանյան
2-րդ կուրս