Արցախցի ընտանիքն Արմավիրում՝ վերադարձի հույսով

Արցախցի ընտանիքն Արմավիրում՝ վերադարձի հույսով

904

Պատերազմի առաջին օրվանից հակառակորդը թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքներն ու խաղաղ բնակչությանը: Արցախցի շատ ընտանիքներ ժամանակավոր բնակություն են հաստատել Հայաստանի տարբեր շրջաններում: Նրանցից մեկն էլ տիկին Նելլիի ընտանիքն է: Նա իր ամուսնու, երկու աղջիկների և թոռների հետ այժմ բնակվում է Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղում: Ստեփանակերտից այստեղ են եկել հոկտեմբերի 4-ին: Մեկ գիշեր նկուղում մնալուց հետո լքել են քաղաքը, երբ երկրորդ անգամ հրթիռակոծվել է իրենց շենքը:  Տիկին Նելլիի տղան, եղբայրը և եղբորորդին առաջնագծում են: Նրանց հետ հաճախ չեն կարողանում խոսել, բայց ամեն ինչ լավ է:

Գյուղ գալու առաջին օրվանից հարևանները հագուստով և սնունդով ապահովել են ընտանիքին: Հասցրել են արդեն ծանոթանալ նրանց հետ: Ասում են՝ շատ լավ հարևաններ ունեն:

10-ամյա Մելիսան, որն արդեն տեղի միջնակարգ դպրոցի սան է, սիրով է խոսում նոր դասընկերների մասին, բայց, միևնույն է, երազում է վերադառնալ Ստեփանակերտի  իր հարազատ դպրոցը: Մելիսայի քույրերը՝ 12-ամյա Մերին և 5-ամյա Մանուելան, նույնպես հարմարվել են նոր պայմաններին: Իհարկե, բոլորն էլ սրտատրոփ սպասում են հարազատ քաղաք վերադառնալուն: Այդ մասին խոսելիս անգամ տան մեծերը չկարողացան թաքցնել արցունքի կաթիլները: Ասացին, որ այստեղ են ֆիզիկապես, իսկ սրտերն այնտեղ են՝ հայրենի բնաշխարհում մարտնչող զավակների հետ:

Ասացին, որ օրվա մեծ մասը հետևում են սահմանից եկող լուրերին: Հավատում են, որ Աստծո օգնությամբ և հայ զինվորի բազկի շնորհիվ դաժան հակահարված ենք տալու հակառակորդին, և վերականգնվելու է պատմական արդարությունը:

Իսկ վերջում ավելացրին. «Հաղթելու ենք, այլ ելք չկա»:

Աստղիկ Գևորգյան

2-րդ կուրս

Կիսվել