Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ասաց, որ երեկ` ողջ գիշեր, մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն լռել, չնայած ակտիվությունը որոշակի նվազել է:
«Մարտերի շարունակումը կախված է նրանից, որ դիվերսիոն խմբերը, որոնք գտնվում են Շուշի քաղաքի մերձակա անտառներում, համայնքներում, ճանապարհներին, ձորակներում և այլուր, փորձում են ամեն կերպ լուծել որոշակի խնդիրներ:
Առավոտյան մարտերը շարունակվել են ավելի թեժ՝ հրետանու կիրառությամբ»,-ընդգծեց ՊՆ ներկայացուցիչը։
Նա նշեց, որ օրվա ընթացքում նաև Ադրբեջանի ԶՈՒ-ն հյուսիսում, կենտրոնական ուղղությունում, Կարմիր շուկայի հատվածում, հարավային ուղղությամբ, տարբեր տեղերում փոքր գրոհող խմբերով, նվազագույն քանակի զրահատեխնիկայով, հրետանու կրակի աջակցությամբ փորձել են նորից առաջ գալ, հետ են շպրտվել՝ կրելով որոշակի կորուստներ:
«Ինչ վերաբերում է Շուշի քաղաքի մերձակա համայնքների, անտառների դիվերսիոն խմբերին, ապա վերջիններս, հիմնականում հանդիպելով մեր ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, հանգուցային կետերի պահակակետերին, պահպանության ստորաբաժանումներին, երկարատև մարտի չեն բռնվում: Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել, շպրտել տվյալ բնագծերից»,-ասաց Հովհաննիսյանը։
Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ Հովհաննիսյանը նաև ասել է, որ դիվերսիոն խմբերը ամբողջ օրը փորձել են մագլցել ժայռերը, որ մտնեն Շուշի. Մագլցողները փոքր խմբեր են 5-10, մաքսիմում՝ 20 հոգանոց:
«Խփում ես, մոտենում ես, տեսնում՝ բոլորի մոտ դրոշ կա: Պարզ է, չէ՞, որ խայտառակ վիճակի են, սիմվոլիկ մի բան են ուզում անել, նկարեն, որ Շուշի մեկը մտավ, դրոշ դրեց: Չեն կարողանում: Այս իրավիճակն իրենց համար կարող էր միանգամից փոխվել մի դեպքում, եթե կարողանային Մարտունու ուղղությամբ ճեղքում իրականացնել: Երեք-չորս օր փորձեցին, չստացվեց: Իրենց խմբավորումը կփրկվեր առանձին կոտորվելու ճակատագրից: Չստացվեց »,-ասել է նա։
ՊՆ ներկայացուցիչը նաև նշեց, որ այս պահին էլ մարտերը շարունակվում են:
«Կարծում եմ, որ այսօր գիշեր էլ դրանք կլինեն, ինչպես նախորդ գիշեր: Նախորդ գիշեր ես Արցախում էի, որոշակի ակտիվություն պահպանում էր նաև հրետանին: Դիվերսիոն խմբերի չեզոքացման ստորաբաժանումներն իրենց գործը շարունակում էին: Դեռ երեկ համապատասխան կադրեր հրապարակվեցին, կարող են հրապարակվել նաև հաջորդ օրերին»,-ավելացրեց Արծրուն Հովհաննիսյանը։