«Մեր ազգի և մեր երեխաների միակ արու զավակը՝ Լիպոս, դեռ մանկուց շատ ակտիվ տղա էր ու շատ էր սիրում ֆուտբոլ խաղալ, և մենք որոշեցինք նրան տանել ֆուտբոլի դասերի։ Առաջին քայլերը սկսեց «Փյունիկ» ֆուտբոլային ակումբից, այնուհետև իր ֆուտբոլային կարերիան շարունակեց «Ալաշկերտ» սպորտային ակումբում»,- պատմում էր Լիպարիտի քույրը՝ Ջուլի Դաշտոյանը, ով եղբորը Լիպիկ էր անվանում։
Լիպարիտ Դաշտոյանը տանկի հրամանատար էր, մեկ տարվա զինծառայող, ում պատերազմի թեժ օրերին Վարդենիսից տեղափոխեցին Քարվաճառ ։ «Իմ արի, անձնազոհ եղբայրն ընկավ պատերազմի դաշտում՝ պահելով ընկերների թիկունքն ինչպես ֆուտբոլի, այնպես էլ մարտի դաշտում։ Եղբայրս մի վայրկյան չի հանձնվել և պայքար է մղել մինչև վերջին շունչը» ,- ասաց Ջուլին։
Ինչ իրեն էր վստահված, Լիպարիտն անում էր սիրով, առանց երկմտելու․ «Բարի, հոգատար, հասնող, ընկերասեր էր Լիպիկս։ Լիպոն 17 տարեկան էր, երբ կորցրինք հայրիկիս։ Որպես երկու քրոջ եղբոր՝ Լիպոիս պատասխանատվություն ավելի մեծ էր ու պարտավորեցնող»,- պատմում էր քույրը։
Լիպարիտը ֆուտբոլում հաջողություններ գրանցելուց հետո ուսումը շարունակել է Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի ըմբշամարտի բաժնում։ Այնուհետ՝ 21 տարեկանում գնացել է բանակ՝ հայրենիքին իր պարտքը տալու։
Նրա մահից հետո նկարչուհի քրոջ ցանկությունը մեկն է՝ իր նկարած նկարների վաճառքի ողջ հասույթը նվիրաբերել հայոց բանակին։ «Ես հիմա ոչ միայն նկարչուհի, այլև հերոսի քույր եմ, ինչն ավելի պարտավորեցնող է ինձ համար, ես կազմակերպել եմ օնլայն վաճառք ու ողջ գումարը փոխանցելու եմ բանակին»։
Ինչպես բոլորը, այնպես էլ Լիպարիտը մեծ նպատակներ ուներ ապագայի հետ կապված, որոնք, ցավոք, մնացին անկատար։ «Լիպիկս, ամեն ինչ թողնելով, անմահացավ ու հիմա, ինչպես հրեշտակները, բնակվում է երկնքում։ Մենք պետք է արժանի ապրենք իրեն, սա բարու և չարի կռիվ է, իսկ բարին միշտ էլ հաղթում է չարին»,- հավելեց Ջուլին։
Ընկերները Լիպարիտի մասին խոսելիս միայն դրական լիցքեր են ստանում և հպարտանում նման ընկեր ունենալու համար։ «Ընկերական շրջապատում լիդեր էր, հեռվից բոլորս իր վերահսկողության տակ էինք, ապրում էր բոլորիս հոգսերով»,-պատմում էր Լիպարիտի ընկեր Գուրգենը։
Իսկ մյուս՝ ամենամոտ ընկերոջ՝ Էդգարի մոտ ամենատպավորիչն են մանկության մասին հիշողությունները։ «Փոքր էինք, երբ մի օր կռվեցինք իրար հետ բակի աղջիկներից մեկի համար, թե մեզնից ում է ավելի շատ հավանում։ Բակի բոլոր աղջիկներն իրեն էին սիրահարված, իսկ ինքը միշտ լավ էր զգում դրանից ու դրան զուգահեռ չէր թողնում որևէ մեկին, որ նեղացնեին աղջիկներին,- պատմեց Էդգարը։
Անի Սարգսյան
4-րդ կուրս