Վարչապետ Փաշինյանն ուղերձով դիմում է ժողովրդին.
«Մեր բոլոր հայրենակիցներին կոչ եմ անում չտրվել սադրանքներին եւ համախմբվել կառավարության շուրջ, որը վճռական է երկիրն այս իրավիճակից դուրս բերելու իր պատասխանատվությունն անմնացորդ կրելու գործում՝ միևնույն ժամանակ երաշխավորելով, որ ժողովրդին պատկանող իշխանությունը որևէ մեկը չի խլելու՝ երկիրը թալանի, կոռուպցիայի հորձանուտ վերադարձնելու իր նպատակներն իրագործեկու համար։
Հենց այս թալանի ու կոռուպցիայի դառը պտուղներն ենք քաղում այսօր, երբ տասնյակ տարիներ երկրի ունեցվածքն ու եկամուտները հոսել են ձեզ հայտնի անձանց գրպաններ, եւ ոչ թե բանակի զարգացման գործին։
Սիրելի՛ ժողովուրդ, մեր երկիրն ունի ապագա, եւ մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր այս դժվար փորձությունը դառնա այդ ապագայի կարևոր անկյունաքար, և մենք պետք է ազգովի դասեր քաղենք մեր գործած սխալներից։ Շատերը կհարցնեն՝ արդյոք այս դաժան պատերազմից հետո կարելի է խոսել լավ ապագայի մասին, այո՛, որովհետև այսօր աշխարհում կան նույնիսկ այնպիսի պետություններ, որոնք 20-րդ դարի ամենադաժան կապիտուլյացիաներին են ենթարկվել, բայց այսօր դասվում են աշխարհի ամենահզոր երկրների շարքում։ Նրանք դա արել են դաժան պարտությունից հետո կրթության, գիտության, արդյունաբերության ու ժողովրդավարության զարգացման վրա շեշտ դնելով, և սա պետք է լինի մեր առաջիկա անելիքը։ Բոլորիս կոչ եմ անում կենտրոնանալ այս անելիքի վրա՝ հանուն մեր երկիրը հզորացնելու։ Հենց սա կլինի մեր լավագույն ծառայությունը մեր նահատակների հիշատակին, մեր վիրավոր եւ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց հարազատներին։
Զոհվածների հարազատները, իհարկե, մեզ մի հարց պիտի տան, թե ի վերջո ինչի՞ համար զոհվեցին իրենց հարազատները․ այս հարցի պատասխանը մեկն է․ առաջին հերթին՝ Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար, հայ ժողովրդի ապրելու իրավունքը պաշտպանելու համար։ Մենք պարտավոր ենք մեր հայրենիքը ապրեցնելով ու զարգացնելով տեր կանգնել նրանց արյանը, նրանց զավակների ապագային, նրանց անմնացորդ նվիրումին։ Մեր խոնարհումը նրանց առջեւ մեր ամենօրյա ստեղծարար աշխատանքն է, կրթությունը, որ պիտի շենացնի մեր երկիրը»,-ասել է վարչապետը։
Ամբողջական ուղերձը՝
https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/398226494638739