Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հայտարարել է, որ Հայաստանում չպետք է որեւէ պատրանք լիներ Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջանների հետ կապված:
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, նախարարը ռուսաստանյան ու արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է.
«Որեւէ պատրանք չպիտի լիներ, որ Լեռնային Ղարաբաղին հարակից 7 շրջանները պետք է հավերժ մնան այն վիճակում, որում գտնվում էին մեկ ամիս, մեկ ու կես կամ երկու ամիս առաջ: Կարծում եմ, որ պատասխանատու մարմինները պարտավոր էին բնակչությանը բացատրել, որ ինչ-որ փուլում այս կարգավորումը պետք է իրականացվեր համաձայն այն սկզբունքների, որոնք երկար տարիներ եղել են բանակցային սեղանին, առաջարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ բացել, իմ կարծիքով, կատարյալ ճանապարհ այդ հակամարտությունը առանց որեւէ արյունահեղության լուծելու համար»,- ասել է Լավրովը:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ԱԳ նախարարը նշել է.
«Մենք ելնում ենք այն ենթադրությունից, որ կարգավիճակը որոշվելու է՝ կախված այն հանգամանքից, թե ինչ գործողություններ պետք է ձեռնարկենք մենք բոլորս՝ օգնելու վերականգնել էթնո-դավանաբանական ներդաշնակությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես դա եղել էր երկար տարիներ, մինչեւ այնտեղ սկսվեց պատերազմը, որը սարսափելի հետեւանքներ ունեցավ»-նկատել է նա։
Լավրովը նաև նշել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման համար արհեստական ժամկետներ չպետք է սահմանվեն։
Լավրովը նաև հորդորել է ուշադրություն դարձնել Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանմանը։
«Համոզված եմ, որ այժմ, երբ ռազմական գործողությունների դադարեցումից հետո մենք գալիս ենք խաղաղ կարգավորման, հայերի և ադրբեջանցիների, այս երկրների տարածքում բնակվող այլ խմբերի մշակութային ժառանգության հարցին պետք է հատուկ ուշադրություն դարձվի: Ընդհանրապես շատ բան պետք է արվի որպեսզի և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների մշակութային ժառանգությունը, որը սերտորեն, խորապես պատմականորեն կապված է Ղարաբաղի հետ, դառնա նաև միավորող կետ այն քայլերի համար, որոնք պետք է կատարվեն»,- ասել է Լավրովը ռուսական և արտասահմանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցում: