«Ես կատարում եմ իմ գործը, ես անում եմ այն, ինչ տվյալ պահին...

«Ես կատարում եմ իմ գործը, ես անում եմ այն, ինչ տվյալ պահին պարտավոր եմ անել, և դա անում եմ մեծ բավականությամբ». Արշալույս Գալստյան

1565

Հարցազրույց Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի դոցենտ Արշալույս Գալստյանի հետ

Երջանկության վերաբերյալ մարդկանց պատկերացումները տարբեր են: Ի՞նչ է երջանկությունը Ձեզ համար:

-Փոքրիկ ակնթարթներ, բավարարվածություն աշխատանքից․․․ Կարողանալ գտնել սիրած աշխատանք, սիրած գործ, ունենալ սիրած զբաղմունք և անել հաճելին ու օգտակարը:

Ամեն մարդու կյանքում, հատկապես մտավորականների, երբեմն լինում են նաև անկման պահեր: Երբևիցե բախվե՞լ եք այս խնդրին:

-Իհարկե, ցանկացած մարդու կյանքում լինում են պահեր, երբ հայտնվում ես դժվարին դրության մեջ: Անշուշտ, լինում են նաև անկման պահեր: Խնդիրը պարզապես կապված է նրա հետ, որ յուրաքանչյուր մարդ պետք է գտնի իր մեջ ուժ՝ առաջ նայելու: Եվ իմ խորին համոզմամբ՝ ուժեղներին է միայն տրված սեփական սխալներն ընդունելու կարողությունը: Սա շատ կարևոր է։ Կյանքի յուրաքանչյուր դրվագում պիտի կարողանաս հետ հայացք գցել, ճիշտ գնահատել իրավիճակը, սխալների դեպքում ընդունել դրանք և անցնել առաջ: Նման պահեր իհարկե եղել են: Եվ ես ուրախ եմ, որ կարողացել եմ ընդունել իմ գործած սխալները:

Ասում են՝ նպատակներին հասնելու համար մեծ ջանքեր են պահանջվում։ Ի՞նչ կասեք։ Եվ ո՞րն եք համարում Ձեր գլխավոր ձեռքբերումը:

-Այո, ընդունված է ասել, որ նպատակներին հասնելու համար մեծ ջանքեր են պահանջվում: Անգամ ընդունված է ասել, որ նպատակն արդարացնում է միջոցները, սակայն ես միշտ այն համոզմունքին եմ եղել, որ յուրաքանչյուր մարդ ինքն է իր ներսում գծում այն կարմիր գծերը, որոնցից դուրս անգամ նպատակին հասնելն արդեն անթույլատրելի է: Այսինքն՝ կա մի որոշակի սահման, որը դու պետք է քո ներսում գծած ունենաս կարմիր գծի նման, և որից այն կողմ պիտի չանցնես: Իսկ դրանից այն կողմ այդ հաղթանակը ձեռք բերելն արդեն էական չէ: Իսկ ամենագլխավոր ձեռքբերումս համարում եմ իմ կայացածությունն այսօրվա մեր իրականության մեջ, մեր շրջապատում, և կարծում եմ, որ այն գործը, որը ես կատարում եմ իմ ներկայիս կարգավիճակում, հենց իմ կատարած աշխատանքի արդյունքն է: Գուցե նաև նպատակների հանրագումարը, որոնք ես ժամանակին իմ առջև դրել եմ:

Կան դեպքեր, որոնք շրջադարձային են լինում մարդու կյանքի և հետագա գործունեության համար։ Ձեր կյանքում եղե՞լ է նման դեպք:

-Այդպիսի դեպք առանձնացնել չէի ցանկանա, սակայն կցանկանայի առանձնացնել քայլեր, որոնք կարևոր նշանակություն են ունեցել ինձ համար՝ մասնագիտության ընտրությունից, համալսարան ոտք դնելուց մինչև զավակների ծնունդը և այլն: Որոշումներ, որոնք դու կայացնում ես՝ պատասխանատու լինելով ուրիշների համար:

Պարո՛ն Գալստյան, ներկայումս Դուք զբաղվում եք երիտասարդ սերնդի կրթությամբ: Չափազանց հետաքրքրական է, թե ինչպիսին էիք Դուք, երբ տարիներ առաջ Ձեր առաջին քայլերն էիք կատարում:

-Իմ մանկությունը և պատանեկությունը համընկան 90-ականների սկզբին՝ ղարաբաղյան շարժմանը: Դա մոմի լույսի տակ դպրոցն ավարտած սերնդի ժամանակաշրջանն էր: Այնուհանդերձ, իմ դպրոցական տարիներն ինձ համար մնացել են իրենց ուրախ պատմություններով՝ կապված դպրոցի, խաղերի հետ: Մանկապարտեզային տարիներ չեմ ունեցել, որովհետև մանկապարտեզ չեմ գնացել: Դպրոցում առաջին գիրքը ստացել եմ առաջին դասարանում՝ Թումանյանի «Գելը»։

Իսկ դպրոցական հետագա տարիներից ինձ համար դժվարագույնը եղել են երաժշտական դպրոցի հետ կապված տարիները: Մեր ժամանակ կարծես պարտադիր պայման էր երաժշտական կրթություն ստանալը: Կարող եմ ասել՝ ոչ մեր ցանկությամբ։ Գոնե իմ դեպքում այդպես էր: Ցանկանում էին մեզ ավելի բարեկիրթ տեսնել: Չստացվեց ինձ մոտ երաժշտական ուսումը լավագույնս (Ծիծաղում է): Ինչպես իմ սերնդի մյուս տղաներին, ինձ նույպես փողոցը (մեր ժամանակ այդ փողոց ասվածն ուրիշ էր), մեր միջավայրը, ընկերական շրջապատն ու խաղերն էին գրավում: Անգամ հիշում եմ՝ վեցերորդ, թե յոթերորդ դասարանում, երբ ինձ առաջին անգամ ճամբար ուղարկեցին, շատ դժվար էր համակերպվել, որովհետև ինձ համար շատ ավելի հաճելի էր այդ ժամանակն անցկացնել բնության գրկում՝ տատիկի և պապիկի հետ գյուղում: Դպրոցը, մեր մանկական չարաճճիությունները․․․ Դրանք բոլորը դաջվել են իմ մեջ…

-Ի՞նչն է երիտասարդ սերնդի մեջ ձեզ ամենաշատը ոգևորում:

-Իմ աշխատանքը ես իսկապես շատ եմ սիրում և շատ ուրախ եմ, որ աշխատում եմ երիտասարդ սերնդի հետ: Հաճույքով եմ աշխատում նոր սերնդի հետ, որովհետև այսօրվա սերունդն իսկապես ինձ ոգևորում է: Ոգևորում է իր հաղթական կամքով, ոգևորում է հաղթողի տրամաբանությամբ և ոգով, որով մեծանում է ու ձևավորվում: Սա շատ կարևոր է: Եվ այսօրվա մեր դժվարին օրերում մենք համոզվում ենք, որ հենց այդ հաղթողի հոգեբանությունն է առաջնորդում 18-20 տարեկան երիտասարդներին: Ավագ սերունդը սիրում է միշտ համեմատություններ կատարել: Այս սերունդն ունի իր լրջագույն առավելությունը․ կարողանում է ազատորեն և համարձակորեն արտահայտել սեփական տեսակետները: Իսկ այդպիսի սերնդի հետ աշխատելը, ճիշտ է, մի կողմից դժվար է, իսկ մյուս կողմից հաճելի է և օգտակար:

Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր այն ուսանողներին, որոնք ցանկություն ունեն անցնելու այն ճանապարհը, որով ժամանակին Դուք եք անցել:

-Գիտամանկավարժական գործունեությունը բարձր և դժվարին աշխատանք է, բայց այն ուսանողներին և աշակերտներին, որոնց հետ աշխատում եմ, միշտ խորհուրդ եմ տվել մանկավարժի աշխատանքն ընտրելիս շատ ծանր ու թեթև անել, որովհետև լինել ուսուցիչ, լինել դասախոս, լինել սովորեցնող չափազանց կարևոր է: Իհարկե, կարևոր են բոլոր մասնագիտությունները, բայց այս դեպքում պիտի նաև քո մեջ լինի այն հստակ գիտակցումը, որ դու պիտի չափազանց շատ տաս գիտությանը և դրա դիմաց չափազանց քիչ ստանաս: Գուցե եվրոպական երկրներում կա դրա հնարավորությունը, բայց գիտությունը մեզ նման տնտեսություն ունեցող երկրներում չի կարող մարդու համար ապահովել լիարժեք բարեկեցիկ կյանք: Նույնիսկ ժամանակին Էյնշտեյնն էր ասում, որ գիտությունը հրաշալի բան է, եթե քո ապրուստի միջոցը չէ: Այսինքն՝ բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են այդ ճանապարհով անցնել, պետք է ասել, որ նրանք ընտրում են դժվարին ուղի, բայց միևնույն ժամանակ աշխատանք, որն իսկապես կարող է հետագայում իրենց մեծ հոգեկան բավարարվածություն պատճառել:

Կա՞ Ձեզ համար անցյալից մնացած մի գեղեցիկ պատառիկ, որը կարող է հոգեկան բավարարվածություն պատճառել Ձեզ ներկայումս:

-Այդպիսիք շատ են: Զարմանալի կարող է թվալ հենց միայն այն, որ իմ դասախոսությունների ժամանակ ես անէանում եմ աշխարհից: Ես կտրվում եմ այն իրականությունից, որը տվյալ պահին ինձ շրջապատում է: Իմ աշխատանքի ժամին այն բանի գիտակցումը, որ ես ունեմ հնարավորություն՝ գիտելիք փոխանցելու նոր սերնդին, ունեմ իմ աշխատանքը լիարժեք կատարելու հանարավորություն, ինձ մեծ բավականություն է պատճառում: Վերջապես իմ ընկերների, հարազատ մարդկանց միջավայրում պատահած տարբեր դեպքեր, հուշեր, գեղեցիկ պատմութուններ կարող են յուրաքանչյուր պահի ինձ հոգեկան բավարավածություն պատճառել:

Ունե՞ք այնպիսի գաղափար, որն օգնում է ձեզ ավելի արժևորելու կյանքը:

-Իրականում կյանքն իսկապես հրաշալի է, և հենց դա, դրա գիտակցումը մեզ օգնում են այդ կյանքն ուրիշ կերպ ընկալել: Իսահակյանի «Սաադիի վերջին գարունը» ստեղծագործության մեջ հենց այդ միտքը հստակ ձևակերպված է: Ինչու՞ չվայելել վարդի բույրը, այլ մտահոգվել, մտածել նրա մոտալուտ վախճանի մասին: Այսինքն՝ մեզ տրված է կյանք, կյանքի հրաշալիքները, գեղեցկությունները վայելելու հնարավորություն: Հետևաբար, պետք է նախ ապրել այդ վայելքը, գեղեցկությունները տեսելու ցանկությամբ և նոր մտածել դրանց անցողիկության մասին:

Գրետա Այվազյան

2-րդ կուրս

Կիսվել