Մասնագիտական ընտրությունը մեր իրականությունում

Մասնագիտական ընտրությունը մեր իրականությունում

1504

Մասնագիտական կողմնորոշումը կատարվում է վաղ հասակում, երբ «ատամհատիկին» պարզում են քո իսկ ձեռքով ընտարծդ ապագա մասնագիտությունը։

Մասնագիտական ընտրությունը ամենևին վերջնական որոշիչ դեր չունի, թե ապագայում ինչ աշխատանքով կզբաղվես կամ ինչ նոր մասնագիտություն ձեռք կբերես։

Մի շարք հետազոտություններ ապացուցել են, որ ուսանողների 30%-ից ավելին համալսարանական ուսման երկու տարիների ընթացքում զղջում է ընտրած մասնագիտության համար։ Եվ միայն շատ քիչ տոկոսն է մինչ վերջին ուսումնական տարի «օրհնում այն օրը, երբ ընտրեց տվյալ մասնագիտությունը»։

Մեր օրերում արդի մասնագիտությունները սերտ կապված են սոցիալական մեդիայի և օնլայն տիրույթի հետ, եթե անգամ նախկինում կապ գրեթե չի եղել այսօր այդ կապը ստեղծվել է, անգամ համաճարակային ճգնաժամը ընկերություններին ստիպեց անցնել օնլայն տիրույթ` կրճատելով աշխատողների քանակը։

Օրինակ՝ աշխատում էին ռեստորանները, սակայն միայն մի քանի հաստիքի մասնագետներ՝ խոհարարներ, առաքիչներ և հեռախոսավարներ, այս ամենը կազմակերպվում էր առաքման համար, չէին աշխատում մատուցողները, որոնք վստահաբար մեծ սրճարան-ռեստորաններում մեծամասնությունն են կազմում։

Տենդենցը օր-օրի գնում է օնլայնի, շատ մասնագիտություններ, աշխատանքներ և հաստիքներ մոռացության և մեր օրերի համար «անպետքության» շեմին են։

Տարիներ անց արհեստական բանականությունը կգա «իշխելու» մոլորակն ամբողջությամբ, մարդու կողմից ստեղծված խելացի «հրեշը» կկառավարի իրեն. պնդում են մի շարք հետազոտողներ։

Խոսել ենք իրարից շատ տարբեր մասնագիտությունների տեր անձանց հետ, բոլորին տվել ենք նույն հարցերը, ստացել շատ տարբեր պատասխաններ։ Նրանք տարբեր բևեռներում են, կար համընդհանուր մեկ գաղափար, այսօր համալսարանական կրթությունը պարտադիր չէ, սակայն խիստ ցանակալի է, քանի որ ըստ իրենց՝ այն մթնոլորտը, որ կա բուհերում, ուրիշ ոչ մի տեղ չկա. «պաթետիկ է հնչում», սակայն համալսարանները շատերի ինքնաճանաչման հանգրվանն են։

ԵՊՀ եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի մագիստրոս Լիլիթ Կարապետյանը ասաց. «Երկար եմ մտածել այս 6 տարիների ընթացքում՝ արդյոք կփոխեի ընտրածս մասնագիտությունը, թե ոչ, ու ի վեջո, հանգում եմ այն մտքին, որ գոնե բակալավրում սովորելու տարիները չէի փոխի։

Եթե հնարավոր լիներ փոխել մասնագիտությունս, կընտրեի իրավաբանի մասնագիտությունը, որովհետև դեռ մասնագիտական ընտրություն կատարելու ժամանակ երկընտրանքի առաջ էի, թե որը ընտրեմ»։

Իսկ այն հարցին, թե ինչքանո՞վ է իր մասնագիտությունը արդիական, ասաց. «Ըստ իս, լեզվաբան-թարգմանչի մասնագիտությունը դեռ երկար ժամանակ արդիական ու պահանջված է մնալու։ Միայն պետք է լինել իրոք լավ մասնագետ այս բնագավառում, որովհետև ուղղակի օտար լեզվին, նամանավանդ անգլերենին տիրապետելը մեր օրերում բավական չէ։ Պարզապես լեզվին տիրապետելով խոսակցական մակարդակում թարգմանություն անել հնարավոր չէ։ Մասնագիտությամբ լինելով միջմշակութային միջնորդ, կարող եմ ասել, որ հայաստանյան իրականությունում այս մասնագիտությունը գրեթե ճանաչելի չէ և պեքական չէ։ Ինչը ցավալի փաստ է, բայց կարծում եմ, դրա ժամանակն էլ կգա»։ 

Խոսել ենք նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի շրջանավարտ Մարգարիտա Բադալյանի հետ, ով նաև ուսանել է Բարսելոնայում (Universitat Autònoma de Barcelona)։

Մարգարիտան այն հարցին, թե արդյո՞ք համալսարանական կրթությունը պարտադիր է պատասխանեց. «Համալսարանական կրթությունը իր կարևորությունը ստանում  է միայն այն դեպքում, երբ սովորելուն զուգահեռ պրակտիկ աշխատանքի հնարավորություն կա։ Հակառակ դեպքում, հատկապես մեր օրերում շատ հեշտ է նյութեր ներբեռնել, կարդալ, սովորել ու որոշ չափով գիտելիք ձեռք բերել։ Փորձը ցույց է տալիս, որ շատ հաջողակ անհատներ չեն էլ ավարտել համալսարանը, փոխարենը իրենց գիտելիքները ստացել են պրակտիկ աշխատանքի շնորհիվ։ Իհարկե, կան մասնագիտություններ, որոնց դեպքում համալսարանական կրթությունը անհրաժեշտ է։ Այսինքն եթե անհատը չունի բավարար միջոցներ համալսարանում սովորելու համար, դա դեռ չի նշանակում, որ ապագադ կասկածի տակ է»։ 

Մասնագիտության փոփոխության և երկրորդ մասնագիտության ընտրության մասին հարցին էլ պատասխանեց. «Եթե հնարավոր լիներ հետ գնալ, երևի թե չէի փոխի մասնագիտությունս, բայց զուգահեռ, կամ ավելի ճիշտ ավարտելուց հետո կըտրեյի մեկ այլ մասնագիտություն։ Երբ գաղափար ունես մի քանի «մասնագիտություններից», դու դառնում ես մրցունակ մասնագետ եւ անհատ։ ՀԵնց այս գաղափարով էլ պայմանավորված է երկրորդ մասնագիտության արդիական լինելը։ 

Լինելով իրավաբան՝ պետք է ասեմ, որ այսօր իրավաբանությունը դարձել է արդիական ոչ թե նրա համար, որ կարիքն ունենք լավ մասնագետների, այլ նրա համար, որ իրավաբանությունը «մոդա է»։ Երեւի թե ես էլ եմ այդ սկզբունքով շարժվել, և վերջում հասկացա, որ այդ մասնագիտությամբ աշխատելու համար պետք է լինես մի հասարակարգում, որտեղ տիրում է ազնվությունը։ Պետք է լինի իրավունքի գերակայության միջավայր, որտեղ դու որպես իրավաբան քեզ կզգաս գնահատված»։

Իսկ զրույցը Մարգարիտան եզրափակեց այս խոսքերով. «Համալսարանական կրթություն, մասնագիտացում եւ ինքնուսուցում կարող ես միքսել եւ ստանալ քեզ համար լավագույն տարբերակը։ Կա շատ լավ մի խոսք, success is hard work, sacrifice and determination. be the wolf not the sheep. Այսինքն եթե կա ցանկություն սովորելու կարող ես նաև ինքնակրթությամբ ստանալ այդ գիտելիքը։

Ինչպես նշել ենք նյութի սկզբում, զրուցել ենք շատ տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց հետ, հաջորդ զրուցակիցս Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող Գայանե Անդրեասյանն էր։

Նա զրույցի ընթացքում հստակ նշեց, որ մասնագիտության փոփոխման մասին չի մտածել, կարծում է, եթե այսօր էլ ընտրելու լիներ, նույնը կլիներ իր ընտրությունը, նա մասնգիտությամբ գրաֆիկ դիզայներ է։ Մասնագիտությունը հնարավորություն է տալիս իրեն ինքնաարտահայտման, թեկուզև հաճախ աշխատանքը կարող է լինել ոչ իր ցանկությամբ, այլ «պատվերով», սակայն յուրաքանչյուր աշխատանք կատարում է մեծ ջանասիրությամբ։

Գայանեն նաև կարծում է, որ այժմ գրաֆիկ դիզայների աշխատանքը արդիական և շատ պահանջված է, եթե լավ մասնագետ ես, կարող ես հեշտ աշխատանք գտնել, սակայն միգուցե ոչ շատ հեռու ապագայում իր մասնագիտությունը ևս միանա ոչ արդիականների շարքին։

Մասնագիտությունները միմյանցից շատ տարբեր են, սակայն այս կողմ ու այն կողմ գնալու կարիք չկա, անհատը կա՛մ սիրում է իր մասնագիտությունը, կա՛մ աշխատում մեկ այլ մասնագիտությամբ։

Վերջին զրուցակիցը ԵՊՄՀ մաթեմատիկա ֆակուլտետի մագիստրոս Անահիտ Պետրոսյանն էր, ով ժամանակին չի վարանել և մեկ ու կես տարի ԵՊՀ Կիրառական մաթեմատիկա ֆակուլտետում ուսանելուց հետո որոշել է տեղափոխվել մանկավարժական համալսարան։

Անահիտի խոսքով՝ երբեք չի մտածել՝ արդյո՞ք սխալ որոշում էր համալսարանի փոփոխությունը, նա իր որոշումներում միշտ հստակ է։

Մանկավարժի մասնագիտությունը, համալսարանական կրթությունից բացի, ունի նաև մի շարք այլ պահանջներ և նրբություններ, սակայն Անահիտի խոսքով այս ամենից դուրս որոշել է սովորել նաև ծրագրավորում, կարծում է, որ դա ևս մեր օրերում շատ արդիական և պահանջված է։

Անահիտն իր խոսքը եզրափակեց նրանով, որ անհատի կյանքում կարևորագույնը ինքնաճանաչումն է, որը կուղղորդի քեզ ճիշտ մասնագիտության ընտրության։

Լաուրա Մանուկյան

4-րդ կուրս

Կիսվել