Վարձատրվող փորձաշրջան, որն այդես էլ չի վարձատրվել

Վարձատրվող փորձաշրջան, որն այդես էլ չի վարձատրվել

725

Նունե Հովհաննիսյանը վճարովի աշխատանքային  փորձաշրջան է անցել Մեգամոլի «Հերմիտաժ» խանութում: Նախնական պայմանավորվածության համաձայն` փորձաշրջանն      ավարտելուց հետո նրան պետք է վարձատրեին 70.000 ՀՀ դրամ, բայց տասնհինգ օր աշխատելուց հետո նրան ասել են, որ այլևս չեն ցանկանում, որպեսզի նա շարունակի փորձաշրջանը, իսկ տասնհինգ օրվա համար կվճարեն: Նունեն «Journalist.am»-ին պատմեց, որ երկար ժամանակ սպասել է, որ իրեն կկանչեն գումար տալու, բայց ապարդյուն:           

Տեսնելով, որ նրանք չեն արձագանքում, ինքն է դիմել խանութ-սրահի մենեջերին, իսկ նա էլ ի պատասխան ասել է, թե իրեն ոչ ոք ոչինչ չի տվել դեռ, որ փոխանցի Նունեին: Այս պատասխանը Նունեն լսել է մի քանի անգամ: Ճարահատյալ նա այս անգամ էլ դիմել է խանութի գլխավոր մասնաճյուղ, որտեղ նրան անընդհատ ասել են, որ կվճարեն, սակայն վճարելու օրն անընդհատ հետաձգվել է, իսկ Նունեն գնալ-գալով ընդհանուր առմամբ ստացել է ընդամենը 8000 դրամ տասնհինգ օրվա ընթացքում, այնինչ պետք է վճարվեր 35.000 դրամ:

«Journalist.am»-ը փորձեց կապ հաստատել խանութ-սրահի մենեջերի հետ, որը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ պատճառաբանելով, որ պետք է խոսի տնօրինության հետ, քանի որ իրենց մոտ փորձաշրջանի կազմակերպման աշխատանքները «հույժ գաղտնի» են: Պարզաբանելու համար, թե ինչու են հույժ գաղտնի, խնդրեցինք տնօրինությունից հեռախոսահամար փոխանցել, սակայն մենեջերն ասաց, որ ինքը նախ կխոսի, և հետո իրենք կկապվեն մեզ հետ: Որոշ ժամանակ հետո նորից կապվելով մենեջերի հետ՝ տեղեկացանք, որ մեր հեռախոսահամարը փոխանցել է տնօրինությանը, և նրանք կզանգահարեն մեզ, բայց նրանցից ոչ մի զանգ էլ չստացանք:

Խնդրի վերաբերյալ հարցեր ուղղեցինք իրավաբան Մարիամ Մանուկյանին։

Այն հարցին, թե աշխատանքի համար դիմողը ի՞նչ իրավունքներ ունի, նա պատասխանեց․ «Ձեր նշած դեպքում, եթե փորձաշրջան առկա է, փորձաշրջան անցնող անձն իրավունք ունի դատարան դիմելու իր իրավունքները վերականգնելու համար: Եթե կա որևէ փաստաթուղթ, որով սահմանվում է տվյալ անձի իրավունքները և աշխատանքային պայմանագիրը, շատ ավելի լավ»:

Կարևոր է, որ վճարովի փորձաշրջան անցնողներն ունեն փորձաշրջանի վերաբերյալ պայմանագիր, սակայն անգամ փաստաթղթի բացակայության դեպքում քաղաքացին կարող է դիմել դատարան․ «Պետք է անձը դիմի դատարան, որպեսզի դատարանը հաստատի փաստացի աշխատանքային հարաբերությունների գոյությունը, հետագայում էլ արդեն կարելի կլինի գործատուից պահանջել առնվազն չտրված աշխատավարձը»:

Սիրուշ Վարդանյան

2-րդ կուրս

Կիսվել