Նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում աշխատողներին աշխատանքից անհիմն ազատելու խնդիրը ՀՀ-ում

Նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում աշխատողներին աշխատանքից անհիմն ազատելու խնդիրը ՀՀ-ում

494

2020 թվականի մարտի 16-ից ՀՀ ողջ տարածքում հայտարարվեց արտակարգ դրություն։ Կորոնավիրուսի համավարակը ստիպեց բոլորին մնալ տանը, և շատերին էլ զրկեց իրենց աշխատանքից։ Խախտվեցին բազմաթիվ մարդկանց աշխատանքային իրավունքներ։

Մեր զրուցակիցը, ով նախընտրեց մնալ անանուն, արտակարգ դրության պայմաններում զրկվել էր իր աշխատանքից․

«Երբ կորոնավիրուսը նոր ի հայտ եկավ, ես կայքերից մեկում ադմին էի աշխատում, և այդ պահին ֆինանսական միջոցները շատ սուղ էին, քանի որ կայքը գովազդներից և դրսից եկող միջոցներով էր ֆինանսավորվում։ Քանի որ տվյալ կայքը գովազդի միջոցով էր սնվում տարբեր կազմակերպությունների կողմից, իսկ այդ կազմակերպություններն էլ ֆինանսապես վատ վիճակում էին գտնվում և գովազդ չէին պատվիրում (օրինակ՝ խոշոր բուքմեյքերական ընկերությունները):  Այդպիսով որոշվեց՝ պիտի կճատումներ լինեն, իմ և երկու աղջկա միջև էին տատանվում, ես ասացի՝ ավելի լավ է ինձ հեռացրեք աշխատանքից։ Դրանից հետո երկար ժամանակ աշխատանք չունեի, որովհետև շատ բարդ իրավիճակ էր ստեղծվել․ ամենուրեք կրճատումներ էին, և դժվար էր աշխատանք գտնելը։

«Հրայր Մարուխյան» հիմնադրամի աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի փաստաբան Քրիստինե Ավագյանը journalist.am-ի հետ զրույցում նշեց, որ, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, անհիմն կերպով աշխատանքը կորցրած շատ անձինք են դիմել իրենց գրասենյակ, իսկ նրանք դիմել են դատարան՝ աշխատանքային իրավունքները պաշտպանելու համար․ «Որոշ դատական գործեր ավարտվել են, մեր վստահորդները վերականգնվել են։ Որոշ դատական գործեր էլ ընթացքում են։ Մենք փորձում ենք բանակցել գործատուի հետ և հետո նոր դիմում ենք դատարան»։

Փաստաբանը նշեց նաև, որ աշխատանքային իրավունքի խախտումները չեն դասակարգվում կոպիտ կամ ոչ կոպիտ խախտման դեպքերով․ բոլոր պարագաներում էլ խախտումն արձանագրվում է։

«ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» 2020 թվականի տարեկան հաղորդման մեջ ներկայացված է՝  նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում աշխատողներին աշխատանքից անհիմն ազատելու խնդիրը։

Ըստ 2020 թվականի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ընդհանուր ուսումնասիրության՝ շարունակվում է արդիական մնալ օրենսդրական պահանջների խախտմամբ անձանց աշխատանքից ազատելու խնդիրը:

Պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրության առաջին ամիսներին քաղաքացիները, համավարակով պայմանավորված, չեն կարողացել իրականացնել իրենց աշխատանքային պարտականությունները, մասնավորապես, չեն ներկայացել աշխատանքի: Նշվածով պայմանավորված՝ գործատուները հիմք են ունեցել սեփական նախաձեռնությամբ լուծել աշխատողների հետ աշխատանքային պայմանագրերը:

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114- րդ հոդվածը սահմանում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելող հիմքերը: 2020 թվականի մայիսի 8-ից ուժի մեջ մտած Աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններով գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքը սահմանող դրույթներն իրավիճակով պայմանավորված՝ ընդլայնվեցին:

Տարեկան հաղորդման մեջ նշվում է, որ աշխատանքային իրավունքների պաշտպանության տեսանկյունից շատ կարևոր է այս դրույթների նախատեսումը, քանի որ ստեղծված իրավիճակում այն լրացուցիչ պաշտպանության երաշխիք է, որ անձն անհիմն չի ազատվի աշխատանքից: Սակայն, խնդրահարույցն այն է, որ թեև օրենսդրական փոփոխություններով ստեղծվել են համավարակի պայմաններում աշխատանքային իրավունքների պաշտպանության երաշխիքներ, որով արգելվում է նման իրավիճակներում աշխատողին աշխատանքից ազատելը, սակայն արգելքը նախատեսող դրույթներին հետադարձ ուժ չի տրվել:

Այսպիսով, եթե մարդը 2020 թվականի մարտի 16-ից հետո մինչև օրենքի ուժի մեջ մտնելը կորցրել է աշխատանքը (գործատուն աշխատողի աշխատանքի չներկայանալու պատճառով իր նախաձեռնությամբ լուծել է աշխատանքային պայմանագիրը), իսկ օրենքի դրույթներն ուժի մեջ են մտել մայիսի 8-ից և տարածվում են դրանից հետո ծագած հարաբերությունների վրա, ապա այդ մարդը չի կարող վիճարկել իրեն աշխատանքից ազատելու հրամանը: Այսպիսով, օրենսդրական փոփոխություններով չի ապահովվել մարդու աշխատանքային իրավունքների իրացումը խնդրո առարկա (2020 թվականի մարտի 16-ից մայիսի 8-ը) ժամանակահատվածում։

Այսպես է արձագանքել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը 2020 թվականի իր տարեկան հաղորդման մեջ։

Մեր մյուս զրուցակիցը Աննա Սահակյանը  ևս զրկվել էր իր այդքան սիրելի աշխատանքից՝ արտակարգ դրության պայմաններում։ Սակայն Աննան որոշեց աշխատել տանից և ստեղծեց իր փոքրիկ բիզնեսը, որն այժմ փորձում է աստիճանաբար ընդլայնել․

«Կորոնավիրուսը բոլորիս ստիպեց մնալ տանը, ես զրկվեցի աշխատանքիցս, հայրիկս՝ նույնպես։ Շատ բարդ պայմաններ էին ստեղծվել, չգիտեի՝ ինչ անել, աշխատանք գտնելն էլ շատ ավելի էր բարդացել։ Աշխատում էի կարի արտադրամասում,և երբ արտակարգ դրություն հայտարարվեց, արտադրամասը փակվեց, և այդպիսով, ես կորցրի աշխատանքս, որովհետև չգիտեինք՝ որքան ժամանակ հետո կանցնենք մեր բնականոն կյանքին։ Ֆինանսական միջոցները կրճատվել էին և այլևս չէինք կարող արտերկրից կտոր և նմանատիպ այլ պարագաներ պատվիրել»։

Աննան, զրկվելով աշխատանքից, որոշեց տանը հագուստ կարել և ստեղծել սեփական արտադրանքը․ «Ձեռքի շնորհքը կա, ազատ ժամանակը ավելի քան շատ էր, իսկ ինձ մնում էր անցնել գործի, էլ մտածելու ոչինչ չունեի։ Այդ ժամանակ շատ էր ակտիվացել օնլայն տիրույթը մարդիկ իրենց գնումները օնլայն էին կատարում, ես էլ ինստագրամում էջ բացեցի և սկսեցի պատվերներ ընդունել, սկզբում իհարկե դժվարությունները շատ էին, բայց հաղթահարեցի դրանք և բազում դրական արձագանքների արժանացա։ Ստացվում է՝ աշխատանքից ազատվելը կարող է նաև մոտիվացնել»։

Այժմ Աննան զբաղվում է իր սիրելի գործով, և մոտ ապագայում ցանկանում է բացել սեփական փոքրիկ խանութը, որտեղ կներկայացվեն իր աշխատանքները։

Մերի Ալոյան

4-րդ կուրս

Կիսվել