Սեպտեմբերի 18-ին՝ Չիզբուրգերի միջազգային օրվա առթիվ, Երևանի մի շարք ռեստորաններ ու սրճարաններ հետաքրքրական միջոցառումներ էին կազմակերպել իրենց այցելուների համար։ Ալեք Մանուկյան փողոցում գտնվող Կլոդ Մոնե ռեստորանում այդ օրը տեղի ունեցավ «Yerevan food fest» փառատոնի բացման արարողությունը։ Ռեստորանի հրավերով հանդես եկավ գերմանացի բարմեն Օլիվիեր Էբերտը, որը ներկայացրեց իր կոկտեյլները։ Յուրաքանչյուր կոկտեյլի հետ մատուցվեց հատուկ ուտեստ՝ պատրաստված ռեստորանի շեֆ խոհարարի կողմից։ Երեկոյի ողջ ընթացքում հնչեցին «The Bend» խմբի կատարումները։
Նույն օրը Տերյան փողոցում գտնվող «Cheesy cafe»-ն տոնի առթիվ կազմակերպել էր մրցույթ, որի ընթացքում մասնակիցները պետք է 5 րոպեում ուտեին 15 մինի չիզբուրգեր։ Տաս մասնակիցներից երկուսն աղջիկներ էին, որոնցից մեկն էլ հաղթեց մրցույթում։ Հաղթողը ստացավ 50․000 ՀՀ դրամ արժողությամբ նվեր՝ «Cheesy cafe»-ից օգտվելու համար։
Մեզ հետ զրույցում հաղթող Լուսինե Մաթևոսյանն անկեղծացավ․ «Չէի մտածում, որ կհաղթեմ, քանի որ մասնակիցների մեծ մասը տղաներ էին։ Արտաքին տվյալներիցս չի երևում, բայց իրականում բավականին շատ եմ ուտում»։ Լուսինեն իր մրցանակը կիսելու է ընկերների հետ․ հենց վաղը կայցելեն սրճարան՝ չիզբուրգեր ուտելու։
Էլիզա Գալուստյան
2-րդ կուրս