ՍԻՐԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՍ

ՍԻՐԵԼ ԱՅՆ, ԻՆՉ ԱՆՈՒՄ ԵՍ

993

Բավականին երկար փնտրտուքներից հետո, վերջապես, հասանք քառօրյա պատերազմի զոհված զինծառայող Ադամ Սահակյանի եղբոր կնոջ` Անի Ամիրջանյանի բնակարան, որտեղ Էլ  պետք է զրուցեինք Անիի ձեռագործ  աշխատանքների մասին: Սակայն երբ տուն  մտանք, հայացքներս  հառեց մի յուրօրինակ աշխատանքի վրա՝ գորգին պատկերված էր  Ադամ Սահակյանի դիմանկարը, որը դեռ անավարտ էր:

Աղջիկն, ով երբեք չի տեսել Ադամին, չի շփվել նրա հետ, աննկարագրելի նմանությամբ եւ ճշգրտությամբ էր  պատկերել Ադամին․

«Հիմնականում գիշերներն եմ ստեղծագործում, մտքերը հենց այդ ժամանակ են ինձ մոտ  առաջանում: Եվ հերթական մի գիշեր էլ որոշեցի, որ պետք է գորգի վրա գործեմ Ադամի դիմանկարը: Շատ աշխատանքներ ունեմ կատարած, որոնք նվիրված են Ադամին: Բավականին մտահաղացումներ ունեմ կապված Ադամի հետ, որոնք դեռ նոր  պետք է իրագործեմ»:

Ներկայումս Անին զբաղվում է ձեռագործ աշխատանքներով․ փոքրիկների համար էլ պատրաստում է փափուկ խաղալիքներ և տիկնիկներ:

 «Ես երեխաներ շատ եմ սիրում ու այս խաղալիքների միջոցով գտել եմ տարբերակ, որով կարող եմ առնչվել փոքրիկների հետ»:

Այս աշխատանքում Անիի համար ամենակարևորը երեխաների էմոցիաներն են, երբ հատուկ իրենց համար խաղալիք է պատրաստվում: Փափուկ խաղալիքները և տիկնիկները պատրաստում է էկոլոգիապես մաքուր նյութերով, քանի որ դրանցով խաղալու են երեխաները:

«Յուրահատուկ զգացողություն է, երբ աշխատանքդ դուր է գալիս փոքրիկներին: Միայն երեխաների այդչափ էմոցիաների և ուրախության համար արժե աշխատել, նույնիսկ օրերով: Աշխատում եմ ընտրել բնական նյութեր, ներկերն էլ նախատեսված են հատուկ կտորների համար: Անում եմ ամեն ինչ, որ էկոլոգիապես մաքուր լինեն, քանի որ դրանցով խաղալու են փոքրիկները»:

Կարպետագործություն, գորգագործություն, խեցեգործություն, մետաղի գեղարվեստական մշակում․ 23-ամյա Անին  ստեղծագործում է կիրառական արվեստի գրեթե բոլոր ճյուղերով: Սակայն աղջկա համար առաջնային տեղ է զբաղեցնում մետաղի գեղարվեստական մշակումը:

«Համալսարանական  տարիներին սիրահարվեցի մետաղի մշակմանը, դա ինձ համար ուրիշ նշանակություն ունի: Ես աղմուկ չեմ սիրում, բայց մետաղի աշխատանքային աղմուկն ինձ հանգստացնում է: Մարդիկ սկզբում մի փոքր խենթ հայացքով էին նայում, մտածում էին` կոպիտ գործ էաղջկա անելու բան չի, բայց ես սիրում էի իմ աշխատանքը: Ինձ համար առաջնայինը հենց դա է, սիրել այն, ինչ անում ես»:

Այժմ Անին չի զբաղբում իր սիրած աշխատանքով, քանի որ այն պահանջում է հատուկ պայմաններ: Ապագայում շատ ծրագրեր ունի, առաջնայիններից մեկն էլ` ստեղծագործելու  համար ունենալ մասնագիտացված տարածք:

Մարո Եղոյան

3-րդ կուրս

Կիսվել