ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ. ՁԳՏԵԼ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ՊԱՀՊԱՆԵԼ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՊԼԱՍՏԻԿ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆ. ՁԳՏԵԼ ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱ՞Ն, ԹԵ՞ ՊԱՀՊԱՆԵԼ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

2501

25-ամյա Տաթևիկ Մաթևոսյանն արդեն երրորդ անգամ է ցանկանում դիմել քթի պլաստիկ վիրահատության։

«Առաջին անգամը բոլորովին իմ ուզածը չէր, բայց բժիշկը համոզում էր, թե ստացված է, կատարյալ է, սակայն 2 ամիս հետո քիթս սկսեց թեքվել, մի անցքը փակվեց, ու շնչելս խնդիր էր արդեն»,-պատմում է Տաթևիկը։

Երկրորդ անգամ բժիշկը խոստացել է վերացնել խնդիրը և փոխել քթի ձևը։ Վիրահատությունը տևել է 7 ժամ, բայց արդյունքը կրկին անհաջող է եղել.

«Դարձյալ շատ վատ եղավ. քիթս՝ թեք, անցքը՝ կիսափակ, ձևն էլ համարյա նույնը, հիմա երրորդ վիրահատության կարիքը կա, բայց արդեն վախենում եմ»։

Տաթևիկն ասում է, որ քիթը մեծ չի եղել, պարզապես փոքր ժամանակ ընկել է ու մի փոքրիկ սապատ է ձեռք բերել, որից բարդութավորվել ՝ է ու դիմել վիրահատության։


Քթի վիրահատության դիմած մարդկանցից մի քանիսի համար կատարյալ քիթ ունենալու ցանկությունը դարձել է պատուհաս, մի մասն էլ շատ գոհ է արդյունքից։ Իհարկե, կան նաեւ մարդիկ, ովքեր իրենց քթի մեծությունից կամ ձևից չեն բարդութավորվում։

«Ես ունեմ հայկական քիթ, որը իմ անհատականությունն ավելի է ընդգծում։ Չեմ պատրաստվում միջամտել և փոխել իմ անհատականությունն ամբողջացնող դետալներից մեկը»,-ասաց  23-ամյա Սառա Նավասարդյանը.

 Քիթ-կոկորդ-ականջաբան (ՔԿԱ) և դեմքի պլաստիկ վիրաբույժ Անդրանիկ Աջամօղլյանն ասում է, որ հիմնականում քթի պլաստիկ վիրահատության դիմում են 25-30 տարեկան աղջիկները, բայց այսօր տղաների թիվն էլ է շատանում։ Լինում են նաև տարիքով ավելի մեծ կանայք։

Բժիշկը նշեց, որ Հայաստանում քթի պլաստիկ վիրահատության գները տատանվում են 400-600 հազար դրամի սահմաններում։

Ըստ վիրաբույժի՝ երկրորդ կամ երրորդ անգամ վիրահատության դիմելիս հաճախ անհրաժեշտ է լինում նյութ, որով կձևավորեն քիթը, դրա համար ականջից կամ կողերից աճառներ են վերցնում։

Բժիշը պատմում է, որ շատ է ունենում հաճախորդներ, ովքեր ասում են, թե շնչառական խնդիրներ ունեն, բայց իրականում լուրջ խնդիրներ չեն լինում, պարզապես ցանկանում են  դիմել պլաստիկ վիրահատության ու շնչառական խնդիրները պատճառ են բերում։


Բժիշկ-հոգեբան Տաթևիկ Հակոբյանը քթի պլաստիկ վիրահատության դիմողներին երկու մեծ խմբի բաժանեց։ Ըստ նրա՝ առաջին խմբին պատկանող մարդկանց մոտ գործում է կրկնօրինակման ֆենոմենը։ Հաճախ երիտասարդ աղջիկները, ցանկանալով նմանվել հայտնի մարդկանց, փոքր խնդիրը դարձնում են մեծ բան։ Տվյալ մարդկանց մոտ ձևավորվում է կպչուն միտք։

«Ահա այսպիսի մարդկանց պետք են ոչ թե պլաստիկ վիրաբույժներ, այլ հոգեբաններ, ովքեր կաշխատեն տվյալ մարդու հետ ու կբերեն այն մտքին, որ յուրաքանչյուրը գեղեցիկ է իր տեսակի մեջ,  պետք չէ որևէ մեկին նմանվել», -ասաց հոգեբանը։

Եվ երկրորդը խումբը նրանք են, ովքեր իսկապես ունեն տգեղ քիթ, բարդութավորվում են շրջապատում։

«Մասնավորապես Հայաստանում այս խնդիրը շատ է տարածված, քանի որ գաղտնիք չէ հայերին բնորոշ արտահայտված քիթը։ Չնայած նրան, որ ցանկացած պարագայում պետք է ձգտել բնականին և ընդունել քեզ այնպիսին, ինչպիսին դու կաս, այնուամենայնիվ, եթե մարդիկ մեծ քթի բարդույթից չեն կարող ձերբազատվել, լավ է, որ վիրահատվեն և ինտեգրվեն հասարակության մեջ», -նշեց հոգեբանը։


Ի դեպ, գիտականորեն բացատրվում է հայերի քթի մեծությունը, ըստ այդմ՝ ծովի մակերևույթից ավելի քան 3000 մետր բարձրության վրա գտնվող մարդկանց շնչառական ֆունկցիաներն ավելի լավ են զարգացած, որի հետևանքն էլ մեծ քիթ ունենալն է։

Իսկ հայտնի լրագրող Էմիլ Բաբայանը «Сalvert journal» անգլալեզու ամսագրում տպագրած իր հոդվածներից մեկում մեծ քիթը համարել է հայերի այցեքարտը և գրել.

«Մարդաբանները հաշվել են, որ հայերի քթի երկարությունը միջինը 58 մմ է։ Դա աշխարհում մեծությամբ երկրորդն է՝ քրդերից հետո»։

Լուսինե Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել