«Հավաքեք ձեր այգում նետված քարերը ու մի օր տուն շինեք». Գայանե Մուրադյան

«Հավաքեք ձեր այգում նետված քարերը ու մի օր տուն շինեք». Գայանե Մուրադյան

723

Գայանեն աշխատանք չգտնելու պատճառով որոշեց ինքն իր փոքրիկ բիզնեսը սկսել։ Նա սկսեց պատրաստել էպօքսիդային համակարգով պատրաստված իրեր։ Աշխատանքի մասին առավել մանրամասն զրուցել ենք Գայանե Մուրադյանի հետ։  

-Երբվանի՞ց եք սկսել աշխատել Էպօքսիդայով:

-2021 թ. ապրիլի 8-ին վերջապես գնեցի, ու հենց այդ օրը եղավ առաջին չստացված փորձս էպօքսիդով աշխատելու։

-Ձախողումներ շատ են եղե՞լ:

-Այս գործում առաջին ձախողումս հենց առաջին փորձս էր, չհաշված այն, որ միայն ես գիտեմ, թե ինչ ջանքերով եմ ձեռք բերել այն, ինչ պետք էր աշխատանքի համար։ Մեծ բան չեմ արել, բայց ամենահաճելին այն է, որ ինքս եմ ձեռք բերել ամեն բան։ Էպօքսիդային աշխատանքներին ծանոթանալիս՝ կենտրոնացել էի հետաքրքիր, յուրօրինակ ու սեփական գաղափարներիս վրա։ Ուսումնասիրել էի բազմազան գեղեցիկ մտահղացումներ, բայց որ երկու բաղադրիչներով պետք է աշխատեի, դեռ չգիտեի։ Վաճառողը փոխանցել էր եղբորս, որ զանգահարեմ օգտագործման ձևին ծանոթանամ։ Ուշ ժամ էր զանգ կատարելու համար, ու մտածեցի՝ ինքս էլ գլուխ կհանեմ։ Անհամբեր անցա գործի, մի երկու օր սպասեցի, հույս ունեի, որ գոնե 36 ժամ հետո կսկսի ամրանալ։ Հարցրեցի վաճառողին, ասեց, որ առանց մյուս բաղադրիչի կյանքում չի չորանա։ Մի քանի անգամ չափաբաժնի հարաբերությունը սխալ եմ հաշվարկել, և մեծ քանակությամբ իրեր ճկվում էին, երբեք չէին ամրանում։ Երբեմն ծաղիկները երանգափոխվում էին նյութի մեջ։ Կան ծաղիկներ, որ պետք է քաղելուց կարճ ժամանակ հետո սկսել բացված վիճակում չորացնել։

-Աշխատանքի ընթացքում ինչի՞ն եք առավելապես ուշադրություն դարձնում:

-Առաջնայինը, ինչին ուշադրության եմ դարձրել, հնարավորինս կոկիկ լինելն է, այսինքն՝ խուսափել պղպջակներից, մանր միջատներից ու փոշուց։ Միառժամանակ աշխատանքս էսթետիկ լինի, լինի այնպիսի իր, որի կարիքը առօրյայում հաճախ կլինի։

-Երբ ձախողումներ են լինում, շտկու՞մ եք, թե՞ նման նյութերով չի ստացվի:

-Մեծ մասամբ ամենաանցանկալի ձախողումները նկատում եմ այն ժամանակ,երբ արդեն ամրացած է լինում. օրինակ, երբ պղպջակներ են առաջացած լինում։ Ես ինքս կրելու դեպքում, եթե հավանեմ, թերության վրա չեմ կենտրոնանա, բայց վաճառելիս կհայտնվի մեկը, ով ոչ թե առողջ կքննադատի, այլ պարզապես կփնովի։ Ձախողումներ ունեցել եմ, որը երկար շրջան տևեց։ Ամբողջ ձմեռ ոչ համապատասխան սենյակային ջերմաստիճանի պատճառով պատրաստածս իրերը կորցրել էին թափանցիկությունը, կարծես մառախուղի մեջ լինեին, և դրանք արդեն շտկել հնարավոր չէր։

-Ի՞նչն է Ձեզ գրավում այդ աշխատանքում:

-Իրերի կիրառելի ու միաժամանակ թափանցիկ լինելը, պարզությունը, բնությունը այս ամենի մեջ մնայուն դարձնելը և այն ժամանակը, որ հատկացնում Էի նոր բույսեր որոնելուն։

-Ունե՞ք ոգեշնչող մարդիկ, ովքե՞ր են նրանք:

-Ոգեշնչվում եմ և՛ իմ փորձի արդյունքների աճից, և՛ ծանոթ ու անծանոթ երիտասարդների օրինակներից, աշխատավայրիս տնօրենից, ով վաճառքի խորհուրդներ է տալիս, հայտնի մարդկանցից, ովքեր հաջողության հասել են իրենց ձախողումների և փորձերի արդյունքում, ու նաև ոգեշնչվում եմ գաղափարախոսներից։ Ուժ եմ ստանում ընկերուհուցս, ով ամեն ինչում գեղեցիկն է նկատում և իսկույն բարձրաձայնում։

-Վաճառու՞մ եք Ձեր պատրաստած իրերը:

-Ի սկզբանե վաճառելու նպատակով եմ սկսել աշխատանքս, որովհետև ուսանող էի, աշխատանք էի փնտրում, և մերժում էին։ Հիմնականում օնլայն է վաճառքը։

-Գնորդները ինչպե՞ս են արձագանքում:

-Գնորդները հիմնականում իրենց հիացմունքն են միայն արտահայտել։ Ընդունում եմ առողջ դատողություններներ, սակայն մի դեպք եղավ, որ հաճախորդի ագրեսիան նկատեցի դեռ իր հետ նամակագրությունից, այնուհետև, երբ պատվերը մոտեցրի իրեն, հասկացա, որ գնորդը կարծես բարձրաձայն ինքնադրսևորվելու կարիք ուներ հատկապես մարդաշատ վայրում։

-Ի՞նչ կմաղթեք նման աշխատանքով զբաղվել ցանկացողներին:

-Թող շարունակաբար կատարելագործվեն։ Միշտ հետաքրքրություն ու թարմություն է պետք օգտագործել, որպեսզի շարունակելու ցանկությունը կարողանան պահել։ Ու շատ սիրեք այն մարդկանց, ովքեր այդ ընթացքում ձեզանից շատ են ուրախանում ձեր հաջողություններով, իսկ բացասական կարծիքներ շատ եք լսելու։ Սակայն դուք «հավաքեք ձեր այգում նետված քարերը ու մի օր տուն շինեք»։

Զառա Մնացականյան

4-րդ կուրս

Կիսվել