«Գնդերեցությունը սեր տալու մեծագույն դաշտ է ու հնարավորություն»․ գնդերեց

«Գնդերեցությունը սեր տալու մեծագույն դաշտ է ու հնարավորություն»․ գնդերեց

213

Տեր Պսակ քահանա Մկրտչյանն արդեն 18 տարի է՝ իր հոգևոր ծառայությունը մատուցում է ՀՀ տարբեր զորամասերում։ Նրա համար գնդերեցությունը  լավագույն հնարավորությունն է՝ իրագործելու այն հոգևոր առաքելությունը, որը յուրաքանչյուր հոգևորական ստանձնում է՝ Աստծո խոսքը փոխանցելու և իր միջավայրի անձանց պատվիրաններով դաստիարակելու համար։ Ստորև՝ մեր զրույցը նրա հետ։

-Ինչպե՞ս է քահանան հայտնվում զորամասում։

-Կա գնդերեցի ծառայություն, որը ձևավորվել է 1997 թվականին այն ժամանակ ՊՆ նախարար Վազգեն Սարգսյանի և լուսահոգի  Գարեգին Ա կաթողիկոսի միջև հուշագրի ստորագրմամբ։ Ըստ հուշագրի՝ այդուհետ հոգևորականները պետք  է իրենց սպասավորությունը բերեին զորամասեր։ Ինչպես հասարակության տարբեր շերտեր առնչվում են եկեղեցու հետ, այդպես էլ զորամասը, որ համարվում է համայնք, պետք է ունենար իր հոգևոր սպասավորը։ Այսօր էլ վեհափառ հայրապետի տնօրինությամբ հոգևորականին ուղարկվում է ծառայության համապատասխան վայրը։  

-Որքա՞ն ժամանակով է հոգևորականը զորամասում հոգևոր ծառայություն մատուցում։ Կա՞ որոշակի ժամկետ։

-Կա հիմնական կազմ, որում ներգրավված հոգևորականներն առայժմ անժամկետ ծառայության մեջ են, և կան ժամկետով ծառայություն անցնող հոգևոր սպասավորներ, որոնք, այսպես ասած, զորակոչվում իրենց ծառայությանը երկու տարի ժամկետով։

-Որպես հոգևորական՝ սահմանամերձ գոտում հոգևոր ծառայություն մատուցելն ինչպե՞ս է հարաբերվում քահանայական Ձեր պարտականությունների հետ։

-Տարբեր հատվածներում ծառայությունը տարբեր է։ Սահմանամերձ վայրերում ծառայությունն այլ է, քաղաքային ծառայությունն այլ է․ և՛ խնդիրներն են այլ, և՛ բնակչության մտածելակերպը։ Այս ամենը ենթադրում  է նաև ծառայության որակի և ձևի տարբերություն։ Քահանան, սակայն, իր խնդիրներով, ձախողումներով, ձեռքբերումներով  ցանկացած պարագայում  կատարում է իր ծառայությունը։

-Կբնութագրե՞ք հոգևորականի դերը բանակում։

-Հոգևարականի դերը զինվորի հոգևոր պահանջմունքը բավարարելն է։ Զորմասում  ծառայող զինվորները, սպաները նույն հասարակության անդամներն են, որոնք ծառայության բերումով ավելի սահմանափակ հնարավորություններ ունեն, ուստի նրանք չպետք է կտրված լինեն այն պահանջմունքներից, որ ունի քաղաքացիականը անձը։ Զինվորն էլ ունի հոգևոր պահանջ, հոգևորականի հետ խոսելու  ցանկություն։ Այստեղ հոգևորականը պետք է եկեղեցու հոգևոր խորհուրդները իրականացնի։

-Ինչպե՞ս կբնութագրեք Հայաստանի այսօրվա զինվորին։

-Իմ կարծիքով՝ զինվորը ունի նույն բնութագիրը, ինչ յուրաքանչյուր հայ, քանի որ զինվորը հասարակությունից է գնում բանակ, և ինչ որ հասարակության մեջ է դրսևորվում, նույնը պետք է լինի բանակում։ Բանակում նա որոշակի փոփոխությունների կենթարկվի անշուշտ, քանի որ այնտեղ սահմանափակ են շատ հարցեր, բայց ներքին աշխարհը, համոզմունքերը, որոնք մարդն ունի հասարակության մեջ, դժվար է փոխել։

-Հետաքրքիր է՝ հայրենիքը ի՞նչ դեր ունի հոգևորականի համար։ Առհասաարակ ինչպե՞ս են հոգևորականները բնութագրում հայրենիքի գաղափարը։

– Դա նույնն է, եթե ասենք՝ ի՞նչ դեր ունի Աստված հոգևորականի կյանքում։  Վեհափառ հայրապետը մեկ անգամ մի շատ լավ բան ասաց․ եթե մարդը ասում է՝ ես սիրում եմ Աստծուն ու չի սիրում իր հայրենիքը, չի կարող նման բան լինել։ Սա ավետարանական հիմք ունի, քանի որ հայրենիք սիրելը նշանակում է առաջին հերթին սիրել քո ազգը, քո ընկերոջը, մերձավորին, արժեքդ, մշակույթդ։ Այս ամենն Աստծուն սիրելու դրսևորում է։ Ավետարանում Հովհաննես առաքյալն իր նամակներից մեկում ասում է՝ եթե մարդն ասում է՝ ես սիրում եմ Աստծուն, բայց չի սիրում իր եղբորը, սուտ է խոսում։ Ինչպե՞ս կարող ես սիրել Աստծուն, որին չես տեսնում՝ չսիրելով եղբորդ, որին տեսնում ես, որի հետ շփվում ես։ Ինչպես Քրիստոսն ասաց՝ երկու կարևոր օրենքներ կան, որոնք բնորոշում են ամբողջ Աստվածաշունչը․ սիրիր Աստծուն քո ամբողջ էությամբ և նույնը արա քո ընկերոջ հանդեպ։ Այս դեպքում հասարակության մեջ խնդիրներ ընդհանրապես չեն լինի։

-Ի՞նչ փոխեց Ձեր՝ իբրև քահանայի կյանքում գնդերեց լինելը։

-Ոչ թե փոխեց, այլ ավելացրեց, որովհետև գնդերեցությունը լավագույն հնարավորությունն է՝ իրագործելու այն հոգևոր առաքելությունը, որը յուրաքանչյուր հոգևորական ստանձնում է՝ Աստծո խոսքը փոխանցելու, փորձելու պատվիրաններով դաստիարակել իր միջավայրի անձանց,  և ամենակարևորը՝ այն սեր տալու մեծագույն դաշտ է ու հնարավորություն։  Համայքնում այլ է․ մարդիկ եկեղեցուց հետո ունեն իրենց անձնական կյանքը, իսկ զորամասում անձնական կյանքը փակ է, որովհետև մարդիկ 24 ժամ իրար հետ են։

-Նշեցիք, որ 18 տարի է՝ իբրև գնդերեց ծառայում եք զորամասում, ի՞նչ եք կարծում՝ կշարունակե՞ք Ձեր հոգևոր ծառայությունը բանակում, թե՞ դա ժամանակավոր հանձնառություն է Ձեզ համար։

­– Այո, կշարունակեմ։  

-Որտե՞ղ եք մատուցել Ձեր հոգևոր ծառայությունը։

-Տարբեր զորմասերում՝ սկսած մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից, ուսումնական զորամասերում, տարբեր մասանգիտացման զորմասերում։ Ամեն մեկն իր առանձնահատկությունն է ունեցել։

-Եթե ձևակերպելու լինեք հիմնական արդյունքները՝ ի՞նչ հանձնառություն կտա Ձեզ հոգևոր ծառայությունը, ի՞նչ կտանքեք Ձեզ հետ բանակում անցկացրած ծառայությունից։

-Փոխադարձ սեր, որը ձևավորվում է ծառայության ընթացքում հոգևորականների և զինծառայողների միջև։ Երկրորդ հերթին կտանեմ այն կարևոր գիտակցությունը, որ որոշակի առումով ես իմ առաքելությունն իրականցրել եմ։ Եվ այդ առաքելության պտուղները եղել են շատ ու շատ դրական այն ձեռքբերումները, որ եղել են և՛ բանակում, և՛ զինվորների, սպաների,  և՛ նաև իրենց ընտանիքների կյանքում։  

-Եթե թվարկելու լինեք հոգևորականի նպաստները բանակում, որո՞նք կնշեք առաջին հերթին։

-Առաջին հեթին սա մեծ դաշտ է մարդուն սեր փոխանցելու համար։ Նախ՝ զինվորը, որը եկել է երկու տարի իր տնից կտրված ծառայելու, ինքն իրեն մենակ չի զգում, երկրորդ՝ նա փոխադարձ վստահության արդյունքում գտնում է այնպիսի մեկին, որին կարող է վստահել, ընկերություն անել, ով իր համար կարող է հայր, ավագ ընկեր լինել, որովհետև ծառայության ընթացքում դժվարություններ բնականաբար լինում են։ Հոգևորականն այն անձանցից մեկն է, որը կարող է, իր հոգևոր մխիթարությունը, իր հոգևոր փորձը օգտագործելով, օգնել կարիքավոր մարդուն։ Կարիքը միայն ծառայության ռեժիմային դժվարությունը կամ նյութականը չեն, մարդը կարող է կարիք ունենալ հոգեբանական կամ հոգևոր աջակցության կամ էլ ընդամենը խոսելու, լսելու։ Հոգևորականի համար այստեղ է նպաստներ բերելու հնարավորությունը։  

Հարցազրույցը՝ Ալյոնա Մուժիկյանի

4-րդ կուրս

Կիսվել