«Ես երգերի խոսքերը ուղղակի չեմ գրում, այլ դրանց մեջ դնում եմ էմոցիա,...

«Ես երգերի խոսքերը ուղղակի չեմ գրում, այլ դրանց մեջ դնում եմ էմոցիա, հոգի եւ ապրված զգացմունք». Մարիամ Պողոսյան

295

Ոմանք «լուսամփոփ» բառն ասոցացնում են Չարենցի բանաստեղծության հետ, ոմանք՝ ճանապարհների և մեքենաների, ոմանք էլ՝ ինստագրամյան այն էջի, որում տեղ են գտել  երիտասարդ երգչուհու հեղինակային երգերը։ Այսօրվա մեր զրուցակիցը 19-ամյա երգչուհի, ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Մարիամ Պողոսյանն է։

-Մարիամ, դու բուռն գործունեություն ես ծավալում երգարվեստում։ Ինչու՞ ընտրեցիր ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Արդյոք կապող օղակ ես գտել այդ երկու մասնագիտությունների միջեւ։

-Կապող օղակ բոլորովին չկա, դրանք տարբեր մասնագիտություններ են և իրենց ուրույն տեղն ունեն իմ կյանքում։ Պարզապես չցանկացա սահմափակվել մեկ մասնագիտությամբ, և ժուռնալիստիկան երգից հետո այն միակ ոլորտն էր, որով հետաքրքրված էի։ Կարծում եմ՝ չեմ թողնի ժուռնալիստիկան, քանի որ այն ամենահետաքրքիր մասնագիտություններից մեկն է։

-Եթե քեզ հետագայում տեսնենք ժուռնալիստիկայի ասպարեզում, ապա լրագրողական ո՞ր ոլորտում եւ ինչու՞։

-Կարծում եմ՝ կընտրեմ մշակութային լրագրությունը, քանի որ իմ կյանքը արվեստի հետ է կապված։ Իսկ ըստ իս՝ արվեստն ու մշակույթը փոխկապակցված են: Հատկապես հետաքրքրված եմ գեղարվեստավավերագրական ժանրով, որովհետև այն ինձ համար ամենահետաքրքիրն է։ Երբ մեր դեկանը մեզ դասավանդում էր, այնքան հետաքրքիր էր խոսում հենց այս ժանրի մասին, որ ես այդ պահից սկսած հասկացա՝ հետագայում հենց այդ ժանրում եմ ստեղծագործելու։

-Մարիամ, ե՞րբ հասկացար, որ պետք է ստեղծես քո սեփական երգերը:

-Ճիշտ է, շատ կարևոր բաներ մեր որոշումների արդյունքում են ի հայտ գալիս, բայց ես չեմ որոշել երգեր գրել։ Պարզապես բացել եմ հեռախոսս և սկսել եմ ուղղակի ինչ-որ բաներ գրել, որովհետև ինձ մոտ սովորություն է մտքերս հանձնել ոչ թե թղթին, այլ հեռախոսին։

-Ինչպե՞ս ծնվեց երգերի համար  ինստագրամյան էջ բացելու եւ հենց «Լուսամփոփ» անվանելու գաղափարը։

-Քանի որ անձնական էջումս հետևորդները գնալով ավելանում էին, որոշեցի երգերիս համար առանձին էջ բացել՝ չխառնելով անձնական էջս գործնականին: Ես շատ եմ սիրում «լույս» բառը, և ժամանակին ընկերներիցս մեկն է ինձ լույս անվանել՝ ասելով, որ ես և իմ երգերը լույս են, արվեստի կտոր և այլն։ Եվ երբ պետք է էջի համար անուն որոշեի, տատանվում էի երկու տարբերակների միջև՝ լույս կամ մայրամուտ։ Երևույթներ, որոնք աշխարհում ամենաշատն եմ սիրում։ Մայրամուտի հետ մի մտավախություն ունեի. մարդիկ կնույնակացնեին անվանս հետ, քանի որ շատերը Մարիամ անունը սխալ են հնչեցնում՝ ասելով «Մայրամ» (ժպտում է): Եվ որոշեցի ընտրել բառ, որը կապ կունենար լույսի հետ։ Ծնվեց շատ գեղեցիկ, հիշվող և կարճ անուն՝ «Լուսամփոփ»։

-Ի՞նչ մրցույթների ես մասնակցել, որտեղ երգդ քեզ հաջողություն է բերել:

-Բլոգգեր Մանե Մարտիրոսյանը «Ինստագրամ» սոցիալական հարթակով պարբերաբար կազմակերպում է մրցույթներ, որոնց միջոցով  իրականացնում է բազմաթիվ երիտասարդների երազանքներ։ Անցյալ տարի ես նույնպես մասնակցեցի: Նախապես ընտրված 12 մասնակիցների միջև ընթացավ քվեարկություն: Վերջում մնաց 3 մասնակից, որոնցից ամենաշատ՝ մոտ 5000 ձայները հավաքեցի ես՝ այդպիսով հաղթելով մրցույթում: Ուստի Մանեն այս անգամ պիտի ինձ օգներ՝ իրականացնելու երազանքս՝ բացելու իմ սեփական ստուդիան:

-Ըստ քեզ՝ ո՞րն էր քո հաջողության գաղտնիքը:

-Մի անգամ հարցազրույց էի տալիս մի աղջկա, ով հարցրեց, թե արդյոք ինձ համար կարևոր է դիտումների քանակը, թե՞ ես աշխատանքս կատարում եմ ուղղակի սիրելով։ Ես պատասխանեցի, որ դիտումների քանակը, իհարկե, կարևոր է, բայց ես շեշտը չեմ դնում դրա վրա։ Չեմ ուզում, որ իմ դիտումները շատ լինեն, կամ իմ ձայնը սիրվի, ես ցանկանում եմ, որ իմ երգը հասկացվի։ Դա ինձ համար ամենակարևորն է, որովհետև ես երգերի խոսքերը ուղղակի չեմ գրում, այլ դրանց մեջ դնում եմ էմոցիա, հոգի և ապրված զգացմունք, որոնց արդյունքում էլ ծնվում է այն, ինչ լսում են մարդիկ։ Հենց այդ զգացմունքայնությունն էլ, կարծում եմ, հաջողությանս գաղտնիքն է։

-Դու նշեցիր, որ մրցույթում հաղթելուց հետո արդեն Մանեի աջակցությամբ պետք է բացեիք քո սեփական ստուդիան։ Ինչպիսի՞ դժվարությունների ես բախվել այդ ընթացքում։

-Մրցույթում հաղթելու շնորհիվ ես ունեցա ձայնագրությունների իրականցման համար ամենակարևոր և պիտանի գործիքների մի մասը, իսկ մյուս գործիքները համալրեցի գործընկերոջս՝ երաժիշտ Արման Գասպարյանի օգնությամբ։ Սկզբնական շրջանում դժվարությունների հանդիպել ենք տարածքի առումով, որովհետև մոտ 3-4 ամիս ոչ մի տարածք չէինք կարողանում գտնել։ Տեխնիկային տիրապետելը ևս բավականին դժվար էր, որի հարցում նույնպես օգնեց գործընկերս: Հիմա մենք ունենք մեր փոքրիկ անկյունը և ցանկանում ենք ապագայում ընդլայնել տարածքը՝ մեր ջերմ ստուդիան, որտեղ մարդիկ կձայնագրեն իրենց երգերը։

-Մարիամ, քչերը գիտեն, բայց քո նախասիրություններից է տանիքում լինելը։ Դա ինչ-որ կերպ ոգեշնչու՞մ է քեզ ստեղծագործել։

-Շա՜տ է ոգեշնչում։ Վերևից երևացող քաղաքը, լույսերը, բնությունը անչափ հաճելի են, գեղեցիկ և ոգեշնչող։ Միշտ նման տեսարաններ տեսել եմ ֆիլմերում կամ էլ կարդացել եմ գրքերում և մտովի պատկերացրել դրանք։ Ճիշտ է, շատ քիչ եմ եղել տանիքում, բայց խենթանում եմ լինել այնտեղ, ժամանակ անցկացնել ընկերներիս հետ և վերևից վայելել քաղաքն իր լույսերով: Դրանք իրենց ազդեցությունն են ունենում իմ ստեղծագործություններում (ժպտում է):

Մարինե Զոհրաբյան

2-րդ կուրս

Կիսվել