«Խաղաղության Խաչմերուկ»-ը օդում կախված շահարկու՞մ, թե՞ իրատեսական ծրագիր

«Խաղաղության Խաչմերուկ»-ը օդում կախված շահարկու՞մ, թե՞ իրատեսական ծրագիր

341

Հաղորդակցային նոր կապուղիների ստեղծում, դրանց վերագործարկում ու զարգացում, ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության, Վրաստանի, Թուրքիայի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջով: Սրանք այն պայմաններն են, որոնք Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծով։

Մենք հարցում անցկացրինք հասարակության շրջանում՝ տեսնելու, թե որքանով են Հայաստանի քաղաքացիները տեղյակ այս նախագծի մասին և ինչ կարծիք ունեն, ապա այդ կարծիքների հետքերով որոշեցինք պարզել կառավարության և փորձագետների ունեցած պատկերացումները այս պայմանագրի վերաբերյալ։

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջև արված հարցումների արդյունքում պարզ դարձավ, որ յուրաքանչյուր հարյուր հոգուց մոտավորապես ութսունը կամ հակված էր չեզոք, կամ էլ բացասական կարծիքի։ Հասարակության արձագանքի հիմնական պատճառներից են՝ ծրագրի անիրատեսական լինելը, անվտանգության սպառնալիքները, օդում կախված խաղաղությունը։

Այս բոլոր կարծիքների պատճառները հասկանալու համար կապ ենք հաստատել քաղաքագետ Թևան Պողոսյանի հետ, ում կարծիքով «Խաղաղության Խաչմերուկ» գաղափարը  օդում  կախված հետաքրքիր խայծ է հասարակությանը մանիպուլացնելու համար։ Ըստ նրա՝ խաղաղություն չի լինելու, որովհետև խաչմերուկի գաղափարը պետք է նրանում լինի, որ երկիրը օգուտ քաղի, իսկ այս պարագայում սա դարձել է առճակատում, որովհետև այսօր աշխարհի բոլոր երկրները ցանկանում են վերահսկողություն հաստատել տրանսպորտային այդպիսի  միջանցքների վրա.  «Մենք ձևավորել ենք առճակատման խաչմերուկ, քան խաղաղության, որտեղ Թուրքիան իր շահերն ունի, Ռուսաստանը՝ իր, Արևմուտքը՝ իր»,- նշում է Թ. Պողոսյանը։

Իսկ թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը կարծում է, որ այս խաչմերուկում վտանգներ չկան, բայց հենց եզրույթի հետ համաձայն չէ, շատ ընդհանուր է, նշում է նա, այնուամենայնիվ խաղաղության պայմանագրին կողմ է։ Ըստ նրա՝ բաց սահմանները մի շարք հնարավորությունների խթան են՝ դիվանագիտական հարաբերություններ, արևտուր, տնտեսական աճ, անվտանգության միջավայրի ստեղծում։ «Պատերազմի վտանգ չի լինի, քանի որ թշնամական միջավայր չի լինի, իսկ տնտեսական առումով, իհարկե, ով առաջարկում է ավելի էժան և որակով արտադրանք, նա դառնում է մրցունակ»,- փաստում է թուրքագետը։

Կառավարությունը մշակել և ներկայացրել է այս նախագիծը` որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս: Կառավարությունից հայտնում են, որ ՀՀ-ն պատրաստ է ապահովել Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցությունը։ Կառավարության հաղորդագրությամբ «Խաղաղության խաչմերուկը» անխափան կապ կհաստատի Պարսից ծոցի, Օմանի ծոցի, Սև, Կասպից և Միջերկրական ծովերի միջև:

Ըստ հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի՝ այս խաչմերուկի կենսունակությունը ապահովելու են հետևյալ չորս սկզբունքները.

1․Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են:

2․Յուրաքանչյուր երկիր իր տարածքում իր պետական ինստիտուտների միջոցով իրականացնում է սահմանային և մաքսային հսկողություն, ինչպես նաև ապահովում է ենթակառուցվածքների, ներառյալ դրանցով բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը:

3․Նշված ենթակառուցվածքները կարող են օգտագործվել ինչպես միջազգային, այնպես էլ ներքին փոխադրումների համար:

4․Բոլոր երկրները միմյանց ենթակառուցվածքներից օգտվում են հավասարության և փոխադարձության սկզբունքով: Հավասարության և փոխադարձության սկզբունքով կարող են իրականացվել սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի որոշակի պարզեցումներ։

Ծրագրի իրականացման ժամկետների մասին դեռևս շահարկումներ չկան։

Սիլվի Շահբազյան

2-րդ կուրս

Կիսվել