Երիտասարդների ժամանցի կազմակերպումը Ստեփանավան քաղաքում. առկա խնդիրներ և հնարավոր լուծումներ

Երիտասարդների ժամանցի կազմակերպումը Ստեփանավան քաղաքում. առկա խնդիրներ և հնարավոր լուծումներ

372

Լոռու մարզն ունի ցայտուն արտահայտված բնական սահմաններ։ Այն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանն ամբողջությամբ և հիմնականում ունի լեռնային ռելիեֆ՝ բարձրադիր լեռներ, անդնդախոր, երբեմն սուր կտրվածքով կիրճեր։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց և Հալաբի լեռնաշղթաները:

Լոռին աչքի է ընկնում նաև հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով, որի մասին վկայում են տասնյակ վանքերը, բերդերը, ամրոցներն ու հուշակոթողները:

Ստեփանավանում կա երիտասարդության մեծ ներուժ։ Երիտասարդներն ակտիվ մասնակցություն են ունենում մի շարք ՀԿ-ների կազմակերպած միջոցառումներին, կամավորությամբ են զբաղվում, համագործակցում են տեղի երիտասարդական կառույցների հետ։ Սակայն, երիտասարդության համար օրվա առաջին կեսը  սկսվում է դպրոցական / ուսանողական ծրագրով, և դրանից հետո լիցքաթափվելու, քննարկումներ անելու, ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար համապատասխան վայր և ժամացի ձև հաճախ չի լինում։ 

Երիտասարդության համար ժամանցը կարևոր նշանակություն ունի․ այն երիտասարդի կենսագործունեության հիմնական գործոններից է: Ժամանցը, լինելով ազատ ժամանակ ֆիզիկական, հոգևոր, սոցիալական պահանջմունքների բավարարմանն ուղղված գործունեության ձևերի ամբողջություն, իրականացնում է այնպիսի կարևոր գործառույթներ, ինչպիսիք են հանգիստը, ծախսված ֆիզիկական ու մտավոր ուժերի և ունակությունների զարգացումը, զվարճանքն ու շփումը: 

Ելնելով վերոնշյալ գործառույթներից` հարկ է նկատել, որ ժամանցի արդյունավետ կազմակերպումը կարևորվում է մարզերի երիտասարդության կենսագործունեության համար: Ըստ էության` ժամանցի տարածված ձևերն են. 

1) զանգվածային մշակութային հանդիսություններին մասնակցությունը, 

2) խաղերը, ֆիզկուլտուրան և սպորտը, 

3) էքսկուրսիաներն ու ճանապարհորդությունը,

4) ստեղծագործական և սիրողական զբաղմունքները: 

Ստեփանավան քաղաքի երիտասարդների կարիքները բացահայտելու նպատակով իրականացրինք հարցում՝ ըստ նախօրոք մշակված հարցաթերթիկի։ Ստորև ներկայացնում ենք հարցման արդյունքները․

Հարցվածների շուրջ 77.8%-ը պատկանում են 15-20 տարիքային խմբին, իսկ մնացածը` 20-30 և 30+։

Հարցման արդյունքում պարզ դարձավ, որ երիտասարդների շուրջ 62.5%-ը դժգոհ է մարզում առկա ժամանցային վայրերից, 25%-ը՝ գոհ, իսկ 12․5%-ը՝ ոչ այնքան է բավարարված։ 

Հարցման արդյունքում միաժամանակ պարզ դարձավ, որ երիտասարդության գերակշիռ մասը ցանկանում է՝ համայնքում գործեն կինոթատրոն և գրադարան-սրճարան։ 

Մեզ հետ զրույցում Ստեփանավանի բնակիչ Մարիամ Մշեցյանիը քաղաքում առկա ժամանցի կազմակերպման հնարավորություններին վերաբերող մի շարք հարցերի է անդրադարձել ու առաջարկել երիտասարդների կյանքն ակտիվացնելու և նրանց հետաքրքիր ժամանցն ապահովելու իր գաղափարները։

-Իհարկե, ես միշտ ցանկացել եմ` մեզ մոտ էլ լինի կինոթատրոն, որ նոր ֆիլմերի պրեմիերայի համար անընդհատ կարիք չլինի մայրաքաղաք գնալու։ Նշեմ նաև, որ բնակիչներից շատերը հաճախ հնարավորություն չեն ունենում գնալ մայրաքաղաք։ Նաև կցանկանայի` լիներ ընթերցասրահ կամ դասասենյակ, որտեղ երիտասարդները կարող են գնալ` իրենց դասերը սովորելու կամ գիրք կարդալու. շատերիս հետ է, չէ՞, պատահում, երբ տանն աղմուկի պատճառով հաճախ հարմար չի լինում դասեր սովորել կամ գիրք ընթերցել, և մենք կարիք ենք ունենում լուռ միջավայրի, որտեղ կարող ենք կենտրոնալ և հանգիստ ընթերցել։ Եվրոպական երկրներում վաղուց են գործում այդպիսի ընթերցասրահներ, և ես կցանկանայի, որ Ստեփանավանում նույնպես լինեն նմանատիպ վայրեր։

Վերլուծելով հարցման արդյունքները, դիտարկելով հարցազրույցում նշված առաջարկները և պարզելով համայքում առկա խնդիրները՝ կապված Ստեփանավանի երիտասարդների ազատ ժամանցի կազմակերպման հետ,  առաջարկում ենք խնդիրների լուծման հետևյալ տարբերակները․

  • Հաշվի առնելով այն փաստը, որ Ստեփանավանն ունի մշակույթի տուն, որտեղ իրականացվում են հիմնական միջոցառումները (Վերջին Զանգ, Ամանոր, Համերգներ), կարելի է բարելավել վերջինիս վիճակը՝ ստեղծելով կինոթատրոն / տիկնիկային թատրոն, քանի որ այստեղ կա նաև մշակույթի զարգացման խնդիր։ Սա միաժամանակ հնարավորություն կտա երիտասարդությանը հաղորդ դառնալու տեղական և միջազգային մշակույթին։
  • Լոռու մարզը հարուստ է բնական և պատմամշակութային ռեսուրսներով, որոնց շարքում հատկապես աչքի են ընկնում Հաղպատը, Սանահինը, Լոռի բերդը, Օձունի տաճարը և այլն: Որպես երիտասարդների ժամանցի կազմակերպման հիանալի ձևեր կարող են հանդես գալ էքսկուրսիաները և քայլարշավները դեպի մարզի տեսարժան վայրեր։ Այս ամենը երիտասարդներին հնարավորություն կընձեռի՝ ծանոթանալու հայրենի բնաշխարհին և մշակույթին։
  • Հիանալի և նոր տարբերակ է նաև գրադարան-սրճարանը, որտեղ երիտասարդները դասերից հետո կկարողանան հանգստանալ, կտրվել առօրյա հոգսերից, միևնույն ժամանակ նաև ընթերցանությամբ զբաղվել։ Գրադարան / սրճարանում կարող են կազմակերպվել ինտերակտիվ խաղեր, ինտելեկտուալ, ընթերցանության ակումբներ և այլն։ Այս ամենը կապահովի հետաքրքիր ժամանց երիտասարդների համար՝ վերջիններիս ընձեռելով ազատ ժամանակը օգտակարի հետ համատեղելու հնարավորություն։

Հասմիկ Մշեցյան

2-րդ կուրս

Կիսվել