Սոցիալական ցանցերը՝ կրոնական քարոզչության գործիք

Սոցիալական ցանցերը՝ կրոնական քարոզչության գործիք

373

Հայաստանում գործում է գրանցված 65 կրոնական կազմակերպություն։ Կրոնական կազմակերպությունների առաջին տեղում Հայ առաքելական եկեղեցին է: Ըստ եկեղեցականաների՝ աղանդ են համարվում եկեղեցու ուսմունքից շեղված խմբերը։ Վերջին տարիներին կրոնական տարբեր կազմակերպություններ ակտիվ քարոզով են զբաղվում սոցցանցերում, մասնավորապես՝ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը:

Մենք խոսել ենք համացանցում կրոնական կազմակերությունների քարոզի հաճախ հանդիպող մարդկանց հետ, նրանցից մեկը՝ Արթուրը, ասում է, որ միշտ լսում է դրանք․

«Ես միշտ դիտում  եմ, թե՛ Թովմաս Առաքելյանի, թե՛ Գոռ Մեխակյանի քարոզները, կարևորություն չեմ տալիս, թե որ կրոնական կազմակերպութունից են, եթե օգտակար գաղափարներ են փոխանցում, երկուսին էլ կարելի է լսել, բայց մի քիչ ավելի լսում եմ Թովմաս Առաքելյանին, շատ լավ է ամեն-ինչ բացատրում»:

Մեր անցկացրած սոցիալական  հարցումներից պարզ դարձավ,  որ հարցվածների 80%-ը  «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպութան հովիվների քարոզները սոցցանցերում լսել են, բայց հարցվածների շուրջ 70%-ը չգիտեին, որ «Կյանքի խոսքը» որևէ կապ չունի Հայ առաքելական եկեղեցու հետ։ Թեմայի վերաբերյալ խոսել ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Առնակ Հարությունյանի հետ:

«Սոցցանցերում այսօր շատերը կարող են քարոզել, ցանկացած վայրից, բայց Հայ առաքելական եկեղեցու քարոզը Սուրբ խորանից է կատարվում, քանի որ եկեղեցին ավանդական եկեղեցի է, հետևաբար մենք պահում ենք քարոզչության ավանդական ձևերը։ Ծափահարություններ, երգեր, փոփ երաժշտություն, նման երևույթներ եկեղեցին չունի։ Այսօր մենք, այո, կարիք ունենք  քարոզչության նոր մեխանիզմներ մշակելու, բայց այսօր հավատացյալների մի մասը համացանցում, եթե տեսնում է կրոնական կազմակերպություն, որտեղ, օրինակ, 25000 հոգի դիտում է, մտածում է, որ դա է ճշմարիտը, բայց մենք պետք է հաշվի առնենք, որ սոցցանցը խաբուսիկ դաշտ է, որտեղ աշխատում են ֆեյք մարդիկ, ովքեր տարբեր ձևերով փորձում են մոլորեցնել մարդկանց»:

Այս ամենին զուգահեռ` «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը լայն լսարան ունի ոչ միայն Հայաստանում, այլև Սփյուռքում։ Սոցիալական հարցումներց  պարզ դարձավ, որ պատասխանողների 50%-ը  խնդրահարույց չեն համարում, որ իրենց ընկերը, մտերիմը կարող է այլ կրոնական կազմակերպության հետևորդը լինել։ Կրոնական կազմակերպությունները հաճախ թիրախավորում են երիտասարդներին, նրանց համար նպաստավոր պայմաններ են ստեղծում, օրինակ՝ ժամանակակից երաժշտություն, ճամփորդություններ։ Տեր Առնակը նաև դժգոհ է այն փաստից, որ եկեղեցին, ունենալով բացառիկ դեր Հայաստանում, դասվում է այլ կրոնական կազմակերպությունների հետ հավասար դիրքում․

«Երկրի սահմանադրությունը կազմելիս պետք է հաշվի առնեին, թե Հայ առաքելական եկեղեցին ինչպիսի ներդրում ունի և ինչպիսի իրավունքներ ունենալու իրավունք ունի Հայաստանում։ Հայ առաքելական եկեղեցին սահմանդրորեն դասվում է մյուս կրոնական կազմակերպությունների հետ հավասար գծի վրա, դա անարդարություն է, որովհետև երբ փորձում ես հավասարեցնել մյուսների հետ, պետք է հասկանաս վաստակը։ Եկեղեցու վաստակը 2000 տարվա պատմությունն է, որքան էլ սահմանադրորեն բնորոշ կետը չունենանք, բայց ժողովրդի մտածողության մեջ եկեղեցին իրապես առանձնանում է և որպես միայն կրոնական կազմակերպություն չի դիտվում, մեծ մասը այդպես է կարծում։ Ես նկատում եմ օրենքի դաշտում փոփոխության անհրաժեշտությունը»։

Հատկապես այսօր կրոնական քարոզչությունը սոցցանցերում շատացել է, սակայն կրանական կազմակերպության ներկայացուցիչները երբեմն չեն ներկայացնում, թե տվյալ կրոնական կազմակերպությունը որտեղի՞ց է ծագում, ովքե՞ր են ֆինանսավորում և ի՞նչ նպատակներ ունեն։ Հենց Հայաստանում գործող կրոնական կազմակերպություններից շատերը արտասահմանյան ծագում ունեն։

Միքայել Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել