Ժուռնալիստիկայի ֆակուլտետում նշվեց հիմնադիր դեկան Գառնիկ Անանյանի 90-ամյակը

Ժուռնալիստիկայի ֆակուլտետում նշվեց հիմնադիր դեկան Գառնիկ Անանյանի 90-ամյակը

144

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «Հարություն Շմավոնյան» սրահում հանդիսավորությամբ նշվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր, ֆակուլտետի հիմնադիր դեկան Գառնիկ Անանյանի ծննդյան 90-ամյակը: Հանդիսությունը մեկնարկեց լռության րոպեով: Այնուհետև ներկաները դիտեցին տեսանյութ, որն ամփոփում էր հոբելյարի կյանքի և գործունեության հիշարժան դրվագները:

Ողջույնի խոսքում դեկան Նաղաշ Մարտիրոսյանը նշեց, որ Գառնիկ Անանյանի ֆիզիկական բացակայության 17 տարիները չեն խանգարել, որ նրա լուսավոր կերպարը, ոգեղեն ներկայությունը շարունակեն ապրել ֆակուլտետում, գործընկերների և ուսանողների հուշերում: «Նա անհանգիստ ու որոնող տեսակ էր, բարձր մարդ և նվիրյալ համալսարանական,- նշեց Ն. Մարտիրոսյանը և հավելեց,- մեր հոգելույս Ուսուցչի թողած ժառանգությունը փորձել ենք պահել անխաթար»:
Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանն իր ելույթում հիշատակեց հիշարժան մի դրվագ. 20 տարի առաջ Գ. Անանյանի ասպիրանտները մեկտեղեցին իրենց գիտական հոդվածները, լույս ընծայեցին ”Ի սկզբանե էր Բանն” ժողովածուն և նվիրեցին սիրելի Ուսուցչի ծննդյան 70-ամյակին: Այդ ժողովածուն սաների յուրօրինակ երկխոսությունն էր Ուսուցչի հետ, որն այսօր էլ շարունակվում է:

«Հայաստան» հրատարակչության տնօրեն Վահագն Սարգսյանը հետաքրքիր դեպքեր հիշեց Գառնիկ Անանյանի հետ իր հանդիպումներից՝ նշելով, որ դրանք բնորոշում են մարդուն, գիտնականին և մանկավարժին:
Լեզվաբան Վարդան Պետրոսյանը ևս արժևորեց Գ. Անանյանի գիտական վաստակը, անդրադարձավ նրա հրատարակչական գործունեությանն ու հասարակական ակտիվությանը:

Գ. Անանյանի դուստրը՝ Լուսինե Անանյանը, շնորհակալություն հայտնեց ներկաներին և հաջողություն մաղթեց ֆակուլտետին, որը շարունակում է կենսունակ պահել Գառնիկ Անանյանի նախանշած ճանապարհը:

Այնուհետև մեկնարկեց  «Մեդիափոխակերպումները ավանդականի ու արդիականի փոխառնչությունների համատեքստում»  գիտաժողովը՝ նվիրված լուսավոր մտավորականի ծննդյան 90-ամյակին:

Կիսվել