«Հարթակ 0»՝ միջհամալսարանական համագործակցության և մասնագիտական ընտանիքի ձևավորման հարթակ

«Հարթակ 0»՝ միջհամալսարանական համագործակցության և մասնագիտական ընտանիքի ձևավորման հարթակ

154

Նոյեմբերի 6-16-ն անցկացվեց «Հարթակ 0» ծրագիրը, որը նախաձեռնվել է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Միշա Եթումյանի կողմից։ Նպատակն էր միավորել լրագրության ոլորտի ուսանողներին, ստեղծել փորձի փոխանակման հնարավորություններ և նպաստել նոր մասնագիտական հմտությունների ձեռքբերմանը։

Ծրագրի շրջանակներում տարբեր համալսարանների լրագրության ֆակուլտետի ուսանողներ ունկնդրեցին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դասախոսների ներկայացրած ութ բանախոսություն։ Դրանց թեմաների շարքում էին իրավական լրագրությունը և գովազդը, հաղորդավարի աշխատանքի առանձնահատկությունները, ռադիոժուռնալիստիկան, փաստերի ստուգումը, մեդիահոգեբանությունը, մեդիազդեցությունը, PR-ը՝ որպես հաջողության գործոն, ինչպես նաև լուսաբանման մարտահրավերները ժամանակակից հիբրիդային պատերազմներում։

Մենք զրուցեցինք ծրագրի մասնակից Էլմիրա Շելունցի հետ։

Ես գիտեմ, որ Դուք սովորում եք Մանկավարժական համալսարանի լրագրության ֆակուլտետում։ Ինչպե՞ս տեղեկացաք «Հարթակ 0» ծրագրի մասին։

-Այո, ճիշտ եք, ես սովորում եմ ՀՊՄՀ-ի լրագրության ֆակուլտետում։ Ծրագրի մասին տեղեկացել եմ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ՈւԽ-ի ինստագրամյան էջից։

-Եվ ինչո՞ւ որոշեցիք մասնակցել ծրագրին։

-Ինձ գրավեց այն, որ ծրագիրը միջհամալսարանական էր, և մասնակցում էին ուսանողներ տարբեր համալսարաններից։

-Ո՞րն է Ձեր կարծիքով «Հարթակ 0»-ի կարևորությունն ուսանողների համար։

-Կառանձնացնեմ երեք կարևոր կետ՝ փորձի փոխանակում, նոր գիտելիքներ, ծանոթություն նույն ոլորտում սովորող ուսանողների հետ։

-Իսկապես կարևոր կետեր են։ Իսկ ինչպե՞ս եք գնահատում տարբեր համալսարանների ուսանողների փորձի կամ հարաբերությունների փոխանակումը նման ծրագրերում։

-Այսպես կասեմ՝ «Հարթակ 0»-ն ինձ համար ուղղակի ծրագիր չէր, այն մասնագիտական ընտանիք էր, որտեղ մենք միաձուլվել էինք Մայր բուհի հետ՝ մի քանի օրվա ընթացքում ունենալով անմոռանալի դասընթացներ։

-Ի՞նչ նոր գիտելիքներ կամ հմտություններ եք ձեռք բերել ծրագրի ընթացքում։

-Նման ծրագրերն իսկապես շատ են պետք, քանի որ հենց այսպիսի նախաձեռնությունների շնորհիվ մենք ձեռք ենք բերում նոր ծանոթություններ ապագա գործընկերների հետ և փոխանակվում փորձով ոլորտի լավագույն մասնագետների հետ։ Կարծում եմ, որ բացի նոր գիտելիքներից, ես ձեռք բերեցի ոչ ֆորմալ կրթության ևս մեկ փորձ։

-Ո՞րն էր Ձեզ համար ամենահետաքրքիր ու կարևոր բանախոսությունը։

-Ամենահետաքրքիրներից կառանձնացնեմ հանդիպումը Նաիրա Համբարձումյանի հետ, քանի որ միշտ էլ ռազմական լրագրությունն ինձ հետաքրքրել է։ Իսկ ամենակարևոր բանախոսությունը չեմ կարող առանձնացնել, քանի որ, ըստ իս, յուրաքանչյուր դասընթաց մեզ փոխանցում էր նոր և կարևոր գիտելիքներ ու փորձ։

-Կարո՞ղ եմ ենթադրել, որ հետագայում կաշխատեք ռազմական լրագրության ոլորտում։

-Այո, ես միանշանակ կցանկանամ մասնագիտանալ ռազմական լրագրության ոլորտում։

-Ի՞նչու ռազմական լրագրություն, այլ ոչ, ասենք, մարզական կամ այլ ուղղություն։

-Ռազմական լրագրությունը հնարավորություն է տալիս լուսաբանելու մեր երկրի համար կենսական նշանակություն ունեցող իրադարձություններ։ Ռազմական լրագրողի առաքելությունը ոչ միայն տեղեկատվություն փոխանցելն է, այլև հասարակությանը ճշգրիտ պատկերացում տալը մեր պաշտպանական ոլորտի մասին։ Ես պատրաստ եմ բոլոր մարտահրավերներին՝ հանուն ճշմարտության և հայրենիքի։ Վտանգներն ինձ չեն կանգնեցնի օբյեկտիվորեն լուսաբանել իրականությունը։

-Համաձայն եմ Ձեզ հետ․ կարևոր է մասնագիտական սկզբունքներ պահպանելը։ Իսկ ի՞նչ ազդեցություն կունենա այս ծրագիրը Ձեր մասնագիտական զարգացման վրա։

– Այս ծրագրի շնորհիվ ավելի ընդլայնվեց ծանոթություններիս շրջանակը, ինչը, կարծում եմ, լրագրողի համար մասնագիտական ձեռքբերում է։

-Արդյո՞ք տարբերություններ կամ նմանություններ նկատել եք ԵՊՀ-ի և Մանկավարժական համալսարանի լրագրության ֆակուլտետների դասավանդման մոտեցումների միջև։

-Կարծում եմ՝ տարբերություններ նշելն ավելորդ է, քանի որ յուրաքանչյուր դասախոս յուրովի է անցկացնում իր դասերը։ Իսկ նմանություններից կառանձնացնեմ այն, որ բանախոսները շատ անմիջական մոտեցում էին ցուցաբերում և փորձում էին պարզ ու հասկանալի ձևով փոխանցել իրենց գիտելիքները։

Հարցազրույցը՝ Անի Առաքելյանի

2-րդ կուրս

Կիսվել