«Որևէ մեկի ընթացքը կարող ենք համեմատել մեր նոր սկզբի հետ ու տապալել...

«Որևէ մեկի ընթացքը կարող ենք համեմատել մեր նոր սկզբի հետ ու տապալել մեր սկիզբը»․ հոգեբան էրիկա Այվազյան

24

Այսօր մեդիան և սոցիալական հարթակները մեծ դեր  ունեն մեր կյանքում։ Նորաձևության և «կատարյալ կյանքի» մասին հանրային պատկերացումները հաճախ կարող են անդրադառնալ մարդկանց ինքնագնահատականի և հոգեբանական կայունության վրա, ինչի հետևանքով շատերը կարող են  ունենալ արտաքին և ներքին կոնֆլիկտներ։ Այս մասին զրուցեցինք Կլինիկական հոգեբան Էրիկա Այվազյանի հետ, որը խոսեց  որոշ  հնարավոր ազդեցությունների մասին։  

-Ինչ եք կարծում, ինչպե՞ս է մեդիան ձևավորում մեր կարծիքներն ու առաջնահերթությունները՝ առանց մեր գիտակցման։

-Ես այն կարծիքին եմ, որ որտեղ մեր ուշադրությունն է, այդտեղ էլ ձևավորվում են մեր արժեքները։ Հասուն, գիտակից անձը, ենթադրում եմ, ունակ է զտել հրամցվող տեղեկատվությունը:

Մեդիաինֆորմացիոն հոսքի ազդեցությանը ավելի հաճախ տրվում են դեռահասները՝ հիմնական ակտիվ սպառողները, որոնց մոտ դեռ հստակ ամրապնդված արժեհամակարգ չկա։ Նրանք կարող են տրվել մանիպուլացիաների, որի արդյունքում էլ կարող է ձևավորվել համապատասխան չգիտակցված արժեհամակարգ։

Լրատվամիջոցները նրբորեն ձևավորում են մեր տեսակետներն ու առաջնահերթությունները լուսաբանվող թեմաների ընտրության, իրադարձությունների շեշտադրման և մեկնաբանման միջոցով: Նրանք սահմանում են քննարկման շրջանակը, ձևավորում սոցիալական նորմեր և օգտագործում են կրկնությունը՝ ամրապնդելու գաղափարները: Մարդիկ անգիտակցաբար ձգտում են համապատասխանել այդ նորմերին՝ սոցիալական մեկուսացումից խուսափելու համար։ Լրատվամիջոցների ազդեցությունը նվազեցնելու համար կարևոր է զարգացնել քննադատական ​​մտածողությունը եւ վերլուծելու կարողությունը:

Տեղեկատվության գիտակցված օգտագործումը ներքին ազատության պահպանման բանալին է:

-Իսկ հնարավո՞ր է, որ սոցիալական մեդիայի ալգորիթմները ամրապնդում են միայն մեր արդեն գոյություն ունեցող տեսակետները։

-Միգուցե եւ այդպես է, այո, սոցիալական մեդիայի ալգորիթմներն ամրապնդում են մեր առկա տեսակետները՝ հարմարվելով մեր նախասիրություններին: Նրանք ցույց են տալիս բովանդակություն, որը հաստատում է մեր կարծիքները՝ ստեղծելով տեղեկատվական «իրականություն» և սահմանափակելով այլընտրանքային տեսակետներ տեսնելու հնարավորությունը։

Բայց մենք միշտ ունենք ընտրելու հնարավորություն. որոշ բաներ կարող ենք հեռացնել մեր էջից։ Սա ցույց կտա, որ անձը, վերաիմաստավորելով իր կյանքը, վերանայելով արժեքները, կարող է փոխել այն ալգորիթմները, որոնք իրեն առաջարկում է մեդիահարթակը։  

-Ինչպիսի՞ ազդեցություն ունեն արդի հանրային թրենդները՝ կապված անընդհատ ինքնակատարելագործման և հաջողության հասնելու մղման հետ։

-Ինքնակատարելագործման ժամանակակից միտումները և հաջողության      համար մրցավազքը երկակի ազդեցություն ունեն: Նրանք մի կողմից մեզ դրդում են զարգանալու, նպատակներ դնելու և մեր ներուժը բացահայտելու: Սա օգնում է ռեսուրսային լինել և հասնել նշանակալի արդյունքների: Մյուս կողմից՝ մշտական ​​ձգտումը դեպի իդեալը առաջացնում է մասնագիտական և հուզական այրում, անհաջողության զգացում և անհանգստություն, եթե մարդը չի հասցնում համապատասխանել պարտադրված ռիթմին։ Մարդիկ հաճախ գերադասում են հաջողությունը, քան ներքին բարեկեցությունը, ինչը կարող է հանգեցնել ինքն իր հետ կապի , ներքին ներդաշնակության կորստի:

-Ի՞նչ ազդեցություն են թողնում նորաձևության և գեղեցկության թրենդները մարդկանց ինքնաընկալման վրա։

-Նորաձևության և գեղեցկության թրեդներն ազդում են ինքնաընկալման վրա՝ սահմանելով չափանիշներ, որոնց շատերը ձգտում են համապատասխանել: Սա կարող է մեծացնել վստահությունը, եթե մարդն իրեն զգում է «թրենդի մեջ», բայց հաճախ հանգեցնում է ինքն իրենից դժգոհության, ինքնագնահատականի նվազման և ներքին կոնֆլիկտի, եթե ակնկալիքները չեն համապատասխանում իրականությանը:

-Ինչու՞ են սոցիալական մեդիայի «կատարյալ կյանքի» պատկերացումները հաճախ բացասաբար անդրադառնում մարդկանց ինքնագնահատականի վրա։

-Սոցիալական մեդիան ցույց է տալիս կյանքի իդեալական տարբերակ, որտեղ հաջողությունը, գեղեցկությունն ու երջանկությունը ցուցադրվում են, մինչդեռ դժվարությունները մնում են կադրից դուրս: Իրենց իրական կյանքը համեմատելով «կատարյալ կյանքի» հետ՝ մարդիկ կարող են իրենց ավելի քիչ հաջողակ, գրավիչ կամ երջանիկ զգալ, ինչը կարող է լրջագույն ազդեցություն ունենալ նրանց ինքնագնահատականի վրա։ Եվ այն, որ մենք մշտապես համեմատում ենք մեզ այլոց հետ, բնականաբար, այնքան էլ ճիշտ չէ, որովհետև որևէ մեկի ընթացքը կարող ենք համեմատել մեր նոր սկզբի հետ ու արդեն իսկ տապալել մեր սկիզբը, զրկել մեզ հաջողության հասնելու մեր բանաձևից:

-Ինչպիսի՞ հետևանքներ ունի բլոգերների «մասնավոր կյանքի հանրայնացումը», ինչպե՞ս չկորցնել իրական կյանքի զգացողությունը «կատարյալ կյանքի» մասին հանրային պատկերացումների ֆոնին։  

-Բլոգերների անձնական կյանքի հանրայնացումը ստեղծում է իդեալականության պատրանք, որը խեղաթյուրում է սեփական իրականության ընկալումը։ Իրականության հետ կապը չկորցնելու համար կարևոր է հիշել, որ սոցիալական մեդիան պարզապես  «ցուցադրման հարթակ է»  և կենտրոնանալ սեփական արժեքների վրա, չտրվել մանիպուլացիաների։

Ինչպե՞ս զարգացնել ինքնագնահատականը և հոգեբանական կայունությունը։

-Զարգացնելով ինքնագնահատականը՝ ինչ-որ չափով կգանք հոգեբանական կայունության։ Ինքնագնահատականը և հոգեբանական կայունությունը զարգացնելու համար կարևոր է սովորել լսել ինքներդ ձեզ, հասկանալ ձեր կարիքները, ցանկությունները և ընդունել ձեր թույլ կողմերը: Ձեր մարմնի մասին հոգ տանելը, առողջ քունը և ֆիզիկական ակտիվությունը ուժեղացնում են ձեր ներքին ռեսուրսները։ Փոքր հաջողությունները վայելելու և փոփոխություններին հարմարվելու ունակությունն օգնում է ձեզ հաղթահարել մարտահրավերները: Իսկ սիրելիների աջակցությունն ու ոգեշնչող միջավայրն ավելի բնական են դարձնում այս գործընթացը:

Հարցազրույցը՝ Հասմիկ Գևորգյանի

3-րդ կուրս

Կիսվել