2019 թվականին Վարազդատ Լալայանը երիտասարդների Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց պատվավոր առաջին տեղը, 2021 թվականին մեծահասակների աշխարհի և Եվրոպայի առաջնություններում զբաղեցրեց համապատասխանաբար 2-րդ և 3- րդ տեղերը։ Երկու տարի շարունակ՝ 2021-2022 թվականներին, երիտասարդների Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 1-ին տեղը։ 2023 թվականին մեծահասակների Եվրոպայի առաջնությունում և մեծահասակների աշխարհի առաջնությունում զբաղեցրել է 2-րդ և 3-րդ հորիզոնականները։ 2024 թվականին Վարազդատ Լալայանը դարձավ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր և մեծահասակների Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր։
Ստորև՝ Վարազդատ Լալայանի հետ մեր զրույցը։
-Վարազդա՛տ, ինչպե՞ս սկսվեց Ձեր կարիերան ծանրամարտում։ Կայի՞ն ուրիշ մարզաձևեր, որոնք սիրում էիք կամ որոնցով զբաղվում էիք։
-Շատ եմ սիրել բռնցքամարտը և միշտ ցանկացել եմ զբաղվել, բայց չի ստացվել։ Պատահաբար սկսեցի ծանրամարտով զբաղվել ու մնացի սպորտում։ Բռնցքամարտը միշտ սիրել եմ, չնայած չեմ մարզվել ու չգիտեմ այդ մարզաձևի տանջանքը։ Բայց ծանրամարտն ու ծանրամարտի տանջանքն ինձ դուր եկան, դրա համար էլ մնացի այստեղ։
-Ինչպիսի՞ն է Ձեր մարզական ռեժիմը։ Ինչպե՞ս եք պատրաստվում մրցումներին։
-Մարզական ռեժիմը բաղկացած է անընդմեջ հավաքներից, պարապմունքներից ու հանգստից։ Տանը գրեթե չենք մնում, միշտ հավաքականի հետ ենք։ Երբ տանն եմ լինում՝ Գյումրիում, այստեղ եմ պարապում, իսկ հավաքների ընթացքում՝ Ծաղկաձորում կամ Երևանում, բայց հիմնականում՝ Երևանում։
-Մասնագիտական պատրաստությունն ու ռեժիմը շատ կարևոր են, բայց այս մարզաձևում կարևոր է նաև հոգեբանական պատրաստությունը։ Ինչպե՞ս եք պատրաստվում հոգեպես։ Որպես ծանրամարտիկ՝ ի՞նչպիսի հոգեբանական մարտահրավերներ եք ունեցել մրցման ժամանակ։
-Հոգեբանորեն շատ ծանր է մրցումներին պատրաստվելը, բայց մանկուց էլ կարողացել եմ ինձ ճիշտ դրսևորել դրանց ընթացքում։ Կոնկրետ ինչ-որ բան չկա, որ ասեմ՝ դրանով եմ տրամադրվում, ավելի շատ վստահությունս է ինձ օգնում։
-Եկեք համեմատենք խորհրդային տարիների ծանրամարտն այսօրվա ծանրամարտի հետ։
-Խորհրդային տարիների ծանրամարտն ու մեր օրերի ծանրամարտն իրարից շատ են տարբերվում։ Խորհրդային տարիներին օլիմպիական խաղերում ծանրամարտն այլ էր, հիմա՝ բոլորովին այլ։ Լայնորեն օգտագործվում էին հավելումներ, և մարզիկները խթանիչներ էին ընդունում։ Հիմա այդ ամենը չկա։ Մեր հավաքականը խթանիչներ չի օգտագործում, իսկ ովքեր օգտագործում են, պատժվում են։ Բայց կային, իհարկե, մեծ մարզիկներ։ Յուրի Վարդանյանը, օրինակ, մեծ ներուժ է եղել սպորտում և բոլորին ներշնչել է ձգտել հասնել իր արդյունքներին։
-Մարզիչները նշում են, որ ծանրամարտի Հայաստանի հավաքականի ներուժը դեռ մեծ է, սակայն դրա իրացման համար պետք են ներդրումներ թե՛ ենթակառուցվածքներում, թե՛ մարզիկների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածության բարելավման գործում։ Դուք ի՞նչ եք կարծում։
-Մարզիկի համար ամեն ինչ պետք է բավարար լինի։ Բոլոր պայմանները պետք է ապահովված լինեն, որպեսզի նա կարողանա կենտրոնանալ միայն իր գործի վրա և կողմնակի բաների մասին չմտածի։
-Եղե՞լ է ժամանակ, երբ մտածել եք ծանրամարտը թողնելու մասին։
-Փոքր տարիքում՝ հա, բայց հիմա չէ։ Պարտություններից հետո հիասթափություններ շատ են լինում, բայց այդ ժամանակ դեռ լիարժեք չես հասկանում, թե ինչի մեջ ես մտնում։ Իսկ երբ արդեն սկսում ես պայքարել, այլևս չես ուզում հանձնվել։
-Ի՞նչ է Ձեզ համար հաղթանակը․ մեդալնե՞րն են։
-Մեդալներն ընդհանրապես հաղթանակի մաս չեն կազմում։ Հաղթանակը հենց քո տանջանքի, քո քրտնաջան աշխատանքի, քո ներդրած աշխատանքի արդյունքն է, որը ստանում ես հենց այդ պահին։
-Ո՞րն է Ձեր երազանքը կամ նպատակը ծանրամարտում։
-Սպորտում երազանքներ չունեմ, բայց նպատակս օլիմպիական չեմպիոն դառնալն է։
-Ի՞նչ ազդեցություն ունի ծանրամարտը Ձեր անձնական կյանքում։
-Ժամանակ չունեմ ուրիշ բանով զբաղվելու՝ ո՛չ անձնական կյանքս դասավորելու, ո՛չ էլ ընտանիքիս հետ երկար ժամանակ անցկացնելու։ Միայն տրամադրվում եմ պարապմունքներիս։
-Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ միայն այն, որ Օլիմպիական խաղերն անցկացվելու են Փարիզում, Ձեզ համար առանձնահատուկ են դարձնում դրանք։ Մյուս հանգամանքն Էյֆելյան աշտարակն է, երրորդը կնշեք, երբ այնտեղ լինեք։ Դուք արդեն եղել եք Փարիզում․ Կնշե՞ք՝ որն էր այդ երրորդ յուրահատուկ կետը։
-Երևի կլիման, ինձ լավ էի զգում այնտեղ։
-Ի՞նչ խորհուրդ կտաք այն երիտասարդներին, որոնք ցանկանում են սկսել ծանրամարտով զբաղվել։
-Խորհուրդ կտամ, որ կյանքում երբեք չհանձնվեն։ Ոչ մի պարտություն չի կարող նրանց ստիպել հանձնվել։ Պարտություններն ավելի շատ են մոտիվացնում և հաղթանակի են տանում։ Կյանքում պետք է չհանձնվել, աշխատել ու միայն աշխատել։
Հարցազույցը՝ Մանե Խանդանյանի
3-րդ կուրս