Ծանրամարտ. երբ կիլոգրամները դառնում են հաղթանակի աստիճան

Ծանրամարտ. երբ կիլոգրամները դառնում են հաղթանակի աստիճան

17

Վերջին հինգ տարիներին Հայաստանում ծանրամարտիկների թիվն աճել է մոտ 26.45%-ով։ Այս թիվը, սակայն, դեռ հեռու է այն ցուցանիշներից, որ Հայաստանն ունեցել է 1990-ականների վերջում, երբ ծանրամարտիկները նորանկախ երկրին բերեցին  առաջին մեդալները միջազգային մրցասպարեզից։

Ծանրամարտը, որպես առանձին մարզաձև, ընդգրկվել է 1896-ի ժամանակակից առաջին Օլիմպիական խաղերի ծրագրում։ Իսկ կանայք այս մարզաձևում թեև իրենց ուժը սկսեցին ցուցադրել արդեն 1970-ականների վերջից, սակայն Օլիմպիական խաղերում ընդգրկվեցին միայն 2000-ից՝ Սիդնեում կայացած Օլիմպիական խաղերից սկսած։

Տարբերություններ են նկատվում նաև անկախ Հայաստանի ցուցաբերած արդյունքների և խորհրդային տարիների արդյունքների միջև։ Համեմատելով այդ ցուցանիշները՝ ծանրամարտի՝ Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը մեզ հետ զրույցում նշեց. «Խորհրդային տարիներին հաղթանակների բարձր ցուցանիշները պայմանավորված էին ժամանակի քաղաքական և մարզական համակարգի առանձնահատկություններով: Այդ ժամանակ համակարգը լրիվ ուրիշ էր։ Մարզիկները պետք է մրցեին նախ Խորհրդային Միության պետությունների հետ՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Լատվիայի, Լիտվայի և մյուսների, որոնք այսօր անկախ պետություններ են։

Միայն այդ մրցակիցներին հաղթելուց հետո  էր հնարավոր  ընդգրկվել ԽՍՀՄ հավաքականում՝ Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններին մասնակցելու համար: Որոշակի դեր էր խաղում նաև ազգային խտրականությունը․ հայ մարզիկները պետք է բացառիկ արդյունքներ գրանցեին, լինեին լավագույններից լավագույնը, որպեսզի կարողանային հանդես գալ միջազգային մրցասպարեզում։ Միայն «մի քիչ էլ ռուս լինելը» երբեմն կարող էր  դեր ունենալ՝ ԽՍՀՄ հավաքականում առավելություններ ստանալու համար։ Սակայն հայ մարզիկները միշտ էլ ուժեղ են եղել։ Այս ամենի վառ ապացույցներն են այնպիսի լեգենդար մարզիկները, ինչպիսիք են Օգսեն Միրզոյանը, Յուրիկ Սարգսյանը, Յուրա Վարդանյանը և այլք, ովքեր փայլում էին օլիմպիական և այլ միջազգային մրցաշարերում»:

Կանանց հավաքականի մարզիչը ոգևորությամբ ընդգծում է, որ Հայաստանի անկախացումից հետո ստեղծվել են նոր հնարավորություններ, և կարևորում է այն փաստը, որ Հայաստանը միջազգային ասպարեզում հանդես է գալիս սեփական անունով և պետական դրոշի ներքո։

Իսկ կանանց հավաքականի ներկայիս վիճակի մասին խոսելով՝ հավաքականի մարզիչը նշում է, որ այս պահին  գնահատական տալը բավական բարդ է, քանի որ ինքը  շատ խիստ է նախ և առաջ իր հանդեպ: «Մեր աշխատանքի գնահատականը պետք է տա ժողովուրդը, լրագրողները, հատկապես սպորտային լրագրողները: Եթե նրանք կարծում են, որ լավ է , ուրեմն ճիշտ ուղու վրա ենք։ Բայց դեռ շատ գործեր կան, որոնք պետք է կատարել»,- ավելացնում է Ա. Ներսիսյանը։

Հայաստանի ծանրամարտի հավաքականի՝ 2019-2024 թվականների ցուցանիշները ցույց են տալիս, որ ոլորտում շարունակ փոփոխություններ են լինում։ Չնայած վերելքներին և հաղթանակներին՝ կայուն առաջընթացը կարծես թե դեռևս մնում է չլուծված խնդիր։

2019 թվականը Հայաստանի հավաքականի համար կարելի է համարել բեղմնավոր․ մեր մարզիկները Աշխարհի առաջնությունում նվաճեցին 3ոսկե, 3 արծաթե և 2 բրոնզե մեդալ։ Այդ տարի հատկապես աչքի ընկան Վարազդատ Լալայանը,Սիմոն Մարտիրոսյանը, Հակոբ Մկրտչյանը, որոնք հաղթահարեցին ուժեղ մրցակիցներին և բարձրացրեցին Հայաստանի դրոշը։ Ոսկե մեդալների քանակը վկայում էր մարզիկների բարձր պատրաստվածության և մարզչական թիմի հետևողական աշխատանքի մասին։

2020 թվականին ծանրամարտի Աշխարհի առաջնությունը չանցկացվեց համավարակի պատճառով։ Այս հանգամանքը խոչընդոտեց ինչպես նոր մեդալների նվաճմանը, այնպես էլ մարզիկների մրցակցային տեմպի պահպանմանը։ 2021 թվականին Հայաստանի հավաքականը մրցասպարեզ վերադարձավ, սակայն 2019 թվականի արդյունքների համեմատ արձանագրվեց որոշակի անկում։ 2023 թվականին Հայաստանի ծանրամարտիկները վերադարձան հաղթական տեմպերին՝ առաջին և երրորդ հորիզոնականներում զգալի աճ արձանագրելով։ Ունեցանք 4 ոսկի և 5 բրոնզ։ Միևնույն ժամանակ երկրորդ տեղում արդյունքները մնացին անփոփոխ՝ ընդգծելով կայունությունը որոշակի կատեգորիաներում։

2024 թվականի դեկտեմբերի 9-ի տվյալներով Հայաստանը դեռևս չի նվաճել ոսկե մեդալ Աշխարհի առաջնությունում։ Երկրորդ տեղը պահպանել է իր դիրքերը, սակայն երրորդ հորիզոնականում նկատվում է անկում՝ նախորդ տարվա համեմատ։

Հայաստանի ծանրամարտիկները Եվրոպայի առաջնություններում գրանցում են տպավորիչ արդյունքներ։ Վերջին 5 տարիներին նվաճված ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների քանակը տարեցտարի աճում է՝ ցույց տալով մարզիկների զարգացման և մրցակցային պատրաստվածության բարձր մակարդակը։

Այս աճող ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի ծանրամարտը Եվրոպական ասպարեզում շարունակում է ամրապնդել իր դիրքերը՝ դառնալով մարզական կայուն հաջողության օրինակ։

Մանե Խանդանյան

3-րդ կուրս

Կիսվել