ԾԵՐԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

ԾԵՐԵՐԻ ՀԱՆԴԵՊ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

1147

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վերջին տվյալներով ՝ մեր բնակչության 14 տոկոսը՝ 420․000 մարդ, 63-ն անց է, նրանցից 48․000-ն աշխատում են։ Հայաստանի հինգ տուն-ինտերնատներում կա 1210 տարեց, որոնց խնամքը կազմակերպելու համար վերջին տարում կառավարությունից հատկացվել է երկու միլիարդ հարյուր քառասուն միլիոն դրամ։ Իսկ տնային խնամքից օգտվում  է 4900 տարեց։ Մեր երկրում տարեցների սոցիալական պաշտպանությունը, խնամքը, նրանց իրավունքները ամրագրված են սահմանադրությամբ։ Բացի պետական աջակցությունից, կա տարեցների ոլորտի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություն («Կողքիդ եմ»), անհատներ, ովքեր ուղղակիորեն պատրաստակամ գործունեություն են  ծավալել այս ոլորտում։ Թվում է, թե ծերությունն  «ապահովված» է մեր երկրում։ Սակայն ոլորտի խնդիրները երկկողմանի են, պաշտպանված սոցիալականի կողքին կանգնած է անպաշտպան հոգեբանականը։ Նադեժդա Սարգսյանի օրինակը մեկն է այն հարյուրավորներից, որը պարզորոշ ներկայացնում է ծերերի հանդեպ բռնության դրսևորումներն ու նրանց իրավունքների խախտումները։ Տուն-ինտերնատի 68-ամյա հերոսուհուին բռնության է ենթարկվել մինչ այնտեղ հաստատվելը։ Նա շուրջ ութ տարի ապրել  է Նորքի տուն-ինտերնատում։

-Աղջիկս երկար տարիներ երկրում չէր, թոռս ինձ հետ էր ապրում։ Ես միշտ էլ սիրել եմ թոռանս, ասում էի, որ ինձնից հետո տունս իրեն եմ թողնելու։ Աղջիկս նոր էր գնացել, ու թոռս էր ինձ խնամում։ Ես լուրջ առողջական խնդիրներ չունեի, բայց վերջին ժամանակներում օրվա մեծ մասը քնում էի։ Չէի հասկանում, թե ինչից է, մինչև մի օր լսեցի, թե ոնց էր թոռս հեռախոսով խոսելիս ասում, որ դեղը տվել է։ Դրանից հետո մեջս կասկածներ ընկան, բայց ոչինչ չասացի։

Տիկին Նադեժդայի թոռը ժամանակ առ ժամանակ  քնաբեր էր լցնում նրա  կերակրի մեջ։ Երբ ծնողները հարցնում էին, թե տատին ինչպես է, ասում էր, որ երբեմն  դեղ է տալիս, որ հանգիստ քնի։

Երբ տիկին Նադեժդան մի օր ասել է, որ  ճաշը մի տեսակ համ ունի, կարո՞ղ է բան է ավելացրել, թոռը զայրացել, գոռացել ու հրել է նրան։

Այդ դեպքից հետո թոռը հաճախակի սկսել է ծեծել կնոջը, ստիպել, որ անպայման խմի դեղերը ու արագ կերպով ստորագրի կտակը, որով տվյալ բնակարանը անցնում էր իրեն ։

– Ես զգում էի, որ երկար չեմ դիմանա ու հաստատ կմահանամ, բայց մի օր, երբ հարևանս եկավ, պատմեցի ամեն ինչ, նա էլ առաջարկեց տունը կտակել թոռանը, գնալ ծերանոց ու հանգիստ ապրել։

Հետևելով հարևանի խորհուրդին, տիկին Նադեժդան զանգահարում է աղջկան և ասում, որ իրեն խնամք է պետք, որ ուզում է գնալ ծերանոց։ Այս դեպքից անցել է ութ տարի, բայց մինչև հիմա, այդ օրերը հիշելիս, տիկին Նադեժդայի աչքերը արցունքոտվում են։ Մեր զրույցի վերջում նա խնդրեց, որպեսզի թոռան անունը չգրվի, չի ուզում՝ իր պատմածը որպես վրեժ դիտարկվի։ Պատմելով ծերանոցի կյանքի մասին, նա ասաց, որ այստեղ իրեն լավ է զգում, հոգին հանգիստ է ու իրեն լավ են վերաբերվում։

– Մեկ-մեկ լինում է, որ կռվում ենք, բայց դե մեծ ենք արդեն, առանց կռվի չի լինի,- ժպտալով նշում էր նա,- կյանքում ամեն բան էլ կարելի է հաղթահարել, խնդիրները պետք է ներսումդ պահես։

Նորքի տուն-ինտերնատի սոցիալական աշխատակից Նաիրա Գասպարյանը այս դեպքը համարեց ամենահաճախ հանդիպողներից։ Ըստ նրա՝ հերոսուհին մինչ այս հաստատություն գալը, որևէ լուրջ առողջական խնդիր չի ունեցել ։

– Տիկին Նադեժդան տառապում է միայն ծերունական պսիխոզով, որը հիվանդություն համարել այդքան էլ տեղին չէ, քանզի այն անմիջականորեն կապված է ծերության հետ։ Սկզբնական շրջանում նա քիչ էր շփվում մյուս տարեցների հետ, չէր ուտում, միշտ լուռ էր։ Որոշ ժամանակ անց, նա արդեն հարմարվեց ու  սկսեց իրեն լավ զգալ։ Հատկանշական է,  որ իր դեպքից հետո նա չարությամբ լցված չէր իր հարազատների հանդեպ, ինչը կարելի է համարել բացառություն։ Այստեղ նմանատիպ դեպքերով հերոսներ շատ կան, բայց նրանց մեծամասնությունը իրենց վիրավորողների հանդեպ լցված են ատելությամբ։
Մեր զրույցից երկու շաբաթ անց զանգահարեցի իմանալու՝ ոնց է, սակայն հեռախոսին պատասխանեց տուն-ինտերնատի  բժշկուհիներից մեկը, ով ասաց, որ նա հանկարծամահ է եղել։ Թերևս տարեցների սոցիալական ապահովածությունը իրականացնող  բազմաթիվ ծրագրերը պետության կողմից պետք է դիտարկել որպես իրավունքների պաշտպանության հիմնաքար, սակայն իրավունքների դաշտում բռնությունը պետք է համարվի առաջնային խնդիրներից մեկը։ Խոսելով հասարակական կազմակերպությունների հետ, որոնք  իրենց գործունեության շրջանականերում զբաղվում են տարեցների խնդիրներով, ստացանք այն պատկերը, որ ՀԿ-ների գործունեությունը հիմնականում և  առավելապես կապված է ծերերի խնամքի, պարենային օգնության նաև հոգեբանական աջակցության հետ։ Սակայն այդ ՀԿ-ներից ոչ մեկը տարեցների բռնության խնդիրը չի դիտարկում առանձին կոնցեպտում։ Նրանց խոսքում նշվեց, որ, եթե եղել է բռնություն և իրենք տեղյակ են եղել կամ դիմել են իրենց, բռնության ենթարկվածներին փորձել են ամեն ինչով օգնել, բայց ամբողջական իրավունքի վերականգման տեսանկյունից դիմում են պետության աջակցությանը։

Խնդրի բազմակողմանիությունը ևս թույլ չի տալիս ամբողջությամբ լուծում մշակել։ Շատ դեպքերում բռնության ենթարկված տարեցները իրենց ներկայացնում են զոհի կարգավիճակում, կապում ամենը իրենց առողջական խնդիրների հետ, կամ հարազատների կողմից բռնության ենթարկվելը համարում միայն իրենց վերաբերող խնդիր, ինչպես oրինակ՝ նյութի հերոսը։

Մարի Արշակյան
4-րդ կուրս

Կիսվել