5-ամյա Եվայի մայրիկը պատմում է, որ փոքրիկն առավոտյան պարբերաբար չոր հազ ու փռշտոց է ունեցել։ Դիմել են բժշկի, և պարզ է դարձել, որ պատճառը բրդյա անկողինն է։ Մայրիկը պատմեց. «Արդեն մեկ տարի է՝ բրդյա իրերը դուրս եմ նետել, հիմա արդեն երեխան լավ է»։
Իսկ 26-ամյա Անի Հայրապետյանը բրդից ազատվել է, քանի որ կարծում է՝ խնամքը և լվանալը շատ ծանր է, իսկ արհեստական նյութերը կարելի է լվացքի մեքենայով արագ լվանալ։
Սակայն կան մարդիկ էլ, որոնց համար բուրդը անփոխարինելի է։ Մեր զրուցակիցներից Անի Հովհաննիսյանն առանց բրդյա անկողնու չի պատկերացնում իրեն: Այս առիթով նա ասաց. «Ես առանց բրդի չեմ քնի, միայն դրանով եմ տաքանում»։
Հռիփսիմե Մելքոնյանը էլ կարծում է, որ միայն ալարկոտ կանայք են բրդից ազատվում, որովհետև այն հավելյալ խնամք է պահանջում: Նա կարծիք հայտնեց. «Բուրդը դարերով եկած բան է, բա հին մարդիկ առաջ ինչի՞ էին առողջ… ես ավանդական մարդ եմ ու դեմ եմ արհեստականին»։
Այս խնդիրները փոխանցեցինք մաշկաբան Գոհար Չարչյանին: Նա ասաց, որ բրդի հանդեպ ալերգիան կամ մաշկային բորբոքումները սպեցիֆիկ բնույթ ունեն ու մանրամասնեց. «Մարդիկ, որոնց մոտ բրդից ալերգիան ժառանգական է, նրանք ունեն չոր մաշկ, նրանց մոտ հնարավոր է խնդիրներ առաջանան բրդից։ Այս դեպքում բուրդը նպաստող, խթանիչ դեր ունի։ Այսպիսի դեր կարող է ունենալ օրինակ նաև փետուրը։ Ալերգիկ մարդկանց համար համեմատաբար քիչ գրգռող է բամբակը»։
Ըստ մաշկաբանի՝ մաշկային հիվանդությունը, որը մարդիկ կրում են բրդից և այլ խթանիչ գործոններից, ատոպիկ մաշկաբորբ է. «Սա առաջանում է հիմնականում մանկական տարիքում և կարող է տևել մինչև հասուն տարիք։ Հիվանդության ժամանակ մաշկն ախտահարվում է, հաճախ նկատվում է նաև շնչարգելություն և ալերգիկ ռինիտ»:
Ալերգոլոգ Սառա Նավասարդյանը ևս հաստատեց խնդրի սպեցիֆիկ բնույթը. «Ալերգիան տարբեր գործոններից առաջացող յուրատեսակ պրոցես է։ Կարող է լինել ժառանգական և ձեռքբերովի։ Դիսկոմֆորտ ալերգիան արտահայտվում է արցունքահոսությամբ, քորով, հարբուխով, քթահոսությամբ, հազով, մաշկի կարմրությամբ։ Այս դեպքում մենք խորհուրդ ենք տալիս փոխել սպիտակեղենը, մասնավորապես, բարձը, իսկ եթե վերմակը բրդյա է, փոխարինել սինթետիկով»։
Ալերգոլոգը հորդորում է նման դեպքերում չզբաղվել ինքնաբուժությամբ, դիմել տեղամասային բժշկին և անհրաժեշտության դեպքում ուղեգրվել ալերգոլոգի, մաշկաբանի խորհրդատվության։
Լուսինե Հակոբյան
2-րդ կուրս