«ՕՂԼԱԿ ԿՈՃԱԿ», «ԿԼԱՍ», «ՄԻՋՈՎԵՆԻ», «ՂԱՉԱՂ-ՂԱՉԱՂ». ԲԵՐԴԻ ԲԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ

«ՕՂԼԱԿ ԿՈՃԱԿ», «ԿԼԱՍ», «ՄԻՋՈՎԵՆԻ», «ՂԱՉԱՂ-ՂԱՉԱՂ». ԲԵՐԴԻ ԲԱԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ

2316

Մեր մանկության լավագույն հիշողությունների մեծ մասը կապված է բակային խաղերի հետ։ Այս խաղերը մեզ են փոխանցվել սերնդեսերունդ՝ ավագներից։ Այսպես փոխանցված Շամշադինի բակային խաղերի մասին է պատմում 80-ամյա Լիդա Հովսեփյանը։

 «Օղլակ կոճակ», «կլաս», «միջովենի», «ղաչաղ-ղաչաղ». ահա այս խաղերը Լիդա տատի մանկության սիրելիներն էին: Նա պատմեց. «Փոքր ժամանակ ամբողջ օրը խաղում էինք, բակից տուն չէինք գնում։ Պակա՞ս տարիներ էին. շոր, կոշիկ, հաց շատ քիչ կար։ Մենք էլ կիսաբոբիկ, կիսասոված խաղում էինք. ամենաանհոգ տարիներն էին։ Վեց-յոթ տարեկանում «Կոպալ-կոպալ» ենք խաղացել. նստում էինք ու սկսում ծնկներին տալ` բացականչելով կոպալ-կոպալ, հնդլի կոպալ, քսան սալան, կիլին թալան, ախպերն եկավ, տախտակն ուսին, Նահալն ասեց, Նաբալն ասեց, նա կուտ գցեց, նա վեր քաղեց. էսպես զբաղվում էինք։ Սա իմ թոռներին էլ եմ սովորեցրել»։

 «Ղաչաղ-ղաչաղը» խաղը մեզ քաջ ծանոթ պահմտոցին է։ Գրեթե չի փոխվել, միայն անունն է խորթ։ Այս խաղը խաղում էին մթին, որ ավելի հետաքրքիր լիներ: Հիմնականում տղաներն էին խաղում, բայց, ինչպես Լիդա տատն է ասում, աղջիկներն էլ թաքուն, բոլորի աչքից հեռու, միանում էին  նրանց։

«Օղլակ կոճակ» խաղը  հիմնականում խաղում էին աղջիկներով, որովհետև տղաներն ավելի ակտիվ խաղեր էին նախընտրում. «Շարքով նստում էինք, ինչ-որ մեկը փոքրիկ քար էր վերցնում ու շարքի միջից ընտրում մեկին ու քարը դնում նրա ափի մեջ, հետո բացականչում՝ օղլակ կոճակ դու՜րս թռիր: Այդ «ընտրյալը» վեր էր կենում, հետո թիվ էր պահում, մյուսները սկսում էին գուշակել այդ թիվը: Ով կռահում էր, հաջորդ «քարը գցելու» պատիվը անցնում էր նրան»։

«Միջովենի» խաղը նույնպես մեզ ծանոթ «Բադեր որսորդի» խաղն է։ Մեր զրուցակիցը պատմում է, որ գրեթե ոչինչ չի փոխվել խաղում. «Միջովենին բոլոր երեխաների սիրելի խաղն էր. տղա-աղջիկ  խաղում էին։ Ճիշտ է՝ տղաներն ամենալավն էին խաղում և խփում գնդակով, բայց աղջիկներն էլ պակասը չէին (ժպտում է)։ Բաժանվում էինք երկու թիմի՝ հավասար-հավասար։ Հետո չինգաչունգ էինք անում, որ որոշենք՝ որ թիմն է առաջինը խաղալու։ Չինգաչունգից հետո բոլորը զբաղեցնում էին իրենց դիրքերը։ Առաջին թիմը բաժանվում էր երկու մասի ու որոշակի հեռավորության վրա (2-3 մետր) կանգնում դեմ դիմաց, իսկ երկրորդ  թիմը կանգնում էր նրանց միջև։ Առաջին թիմը, գնդակը մեկը մյուսին փոխանցելով, փորձում էր հերթով խաղից հանել հակառակորդ թիմի անդամներին: Եթե գնդակը դիպչում էր հակառակորդի թիմից որևէ մեկին, ապա այդ մեկը պետք է դուրս գար խաղից։ Այդպես շարունակվում էր մինչև վերջին մասնակիցը։ Հետո թիմերը փոխվում էին տեղերով։ Իսկ գնդակը մենք էինք պատրաստում՝ թելերից և կտորներից»։

Զրույցի ավարտին Լիդա տատն ասաց՝ մանկությունն ավելի պայծառ են դարձնում խաղերը ու եզրափակեց. «Այսօրվա երեխաները պետք է հաճախ իջնեն բակ, որ երբ հասնեն իմ տարիքին, շատ հուշեր ունենան մանկությունից»:

Լիա Ավագյան

2-րդ կուրս

Կիսվել