ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԽՆԴԻՐԸ՝ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

ԱՆԳԼԵՐԵՆԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ԽՆԴԻՐԸ՝ ԵՊՀ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ

951

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվում են ուսանողներ, որոնք անգլերենի՝ տարբեր մակարդակի գիտելիքներ ունեն: Այս փաստը ֆակուլտետում որոշակի դժվարություններ է առաջացնում՝ կապված անգլերեն լեզվի դասավանդման հետ։

 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Մարտիրոսյանը մեզ պատմեց, որ ավարտել է անգլիական թեքումով դպրոց․ «Համալսարանում ինձ հետ նույն խմբում անգլերեն են սովորում ուսանողներ, որոնք, օրինակ, դպրոցում ֆրանսերեն են սովորել, ոչ թե անգլերեն: Այդ պատճառով էլ շատ ժամանակ ստիպված ենք տարրական բաներ անցնել անգլերենի դասերին՝ բառեր, թվեր, գույներ և այլն: Ինձ համար շատ ձանձրալի է: Այժմ ինձ մոտ անգլերենի հարցում առաջընթաց չկա, սակայն այս հարցում ո՛չ դասախոսներն են մեղավոր, ո՛չ ուսանողները»:
  Նույն կուրսում սովորող մեկ այլ ուսանողուհի` Անի Թամրազյանն էլ ասում է, որ դպրոցում գերմաներեն է սովորել, այդ պատճառով համալսարանում անգլերենի յուրացման հետ կապված խնդիրներ ունի: Այս առիթով մանրամասնեց. «Դասախոսն ամեն կերպ փորձում է օգնել այն ուսանողներին, որոնք անգլերենին  անծանոթ են, բայց, ամեն դեպքում, ծրագիրը բարդ է ինձ համար, ուստի ստիպված եղա մոտ մեկ տարի գնալ անգլերենի անհատական վճարովի պարապմունքների, որ հասցնեի համալսարանի ծրագիրը»:

ԵՊՀ անգլերենի թիվ 2 ամբիոնի  դասախոս Աննա Ամիրյանն ասում է, որ երբ տարիներ առաջ դիմորդները հանձնել են ընդունելության քննություն անգլերենից, նրանց առաջադիմության հնարավորությունները բոլորովին այլ են եղել։ Որևէ խնդիր չի առաջացել ուսանողներին մատուցել ծրագրով նախատեսված նյութը և ստանալ գոհացնող արդյունք: Նրա փոխանցմամբ՝ անգլերենը  ֆակուլտետում համարվում է մասնագիտական առարկա, և ենթադրում է դասավանդել ոչ թե ընդհանուր անգլերեն (General English), այլ՝ մասնագիտական անգլերեն, կամ ինպես ընդունված է ասել՝ անգլերեն հատուկ նպատակների համար (ESP): Աննա Ամիրյանը հարցնում է՝ ինչպե՞ս է հնարավոր դասավանդել մասնագիտական նյութ անգլերենով, երբ ուսանողների մեծ մասն անգամ տարրական քերականական կանոններին է անծանոթ կամ ընդհանրապես չի տիրապետում լեզվին.
«Դասախոսի գործն, անկասկած, կրկնակի բարդանում է: Նա, իր բուն գործը ստիպված մի կողմ դնելով, սկսում է ուսանողին մատուցել դպրոցական ծրագրով նախատեսված նյութը, ինչի արդյունքում էլ հսկայական ժամանակ է ծախսվում, և մասնագիտական նյութն, ինչպես հարկն է, չի յուրացվում ուսանողի կողմից»:

Դասախոսն այս խնդրի հետ կապված երկու հնարավոր լուծում է տեսնում։ Ըստ նրա՝ առաջինն այն է, որ պետք է վերանայել անգլերենի  ծրագիրն ու պահանջները, քանի որ կա որոշակի անհամաչափություն` նախատեսված  ծրագրի և  ֆակուլտետ ընդունվողներից զգալի մասի բազային գիտելիքների միջև: Միևնույն ժամանակ նա  նշեց.
«Սակայն այս տարբերակն այդքան էլ ցանկալի չէ, այն պարզ պատճառով, որ տվյալ պարագայում կունենանք հետընթաց: Կթեթևացվի ծրագիրը և կհարմարացվի ուսանողների ոչ բավարար գիտելիքներին, և արդյունքում կունենանք շրջանավարտներ, որոնք կունենան խնդիրներ, օրինակ՝ միջազգային լրատվամիջոցներից օգտվելու, անգլերենով մասնագիտական լեզվին տիրապետելու և այլն»:
Նա առաջարկեց նաև լուծման երկրորդ տարբերակը.
«Հաջորդ հնարավոր լուծման տարբերակը ես տեսնում եմ անգլերենը ընդունելության քննությունների շարքում վերականգնման մեջ: Այս պարագայում ուսանողի բազային գիտելիքները թույլ կտան, որ նա կենտրոնանա հենց բուհական ծրագրի վրա: Տվյալ պայմաններում անգլերենի դասավանդման անարդյունավետության պատճառ կարող է լինել միայն դասախոսի ոչ ճիշտ և ոչ բավարար աշխատանքը»: Դասախոսը կարծում է, որ այս դեպքում ֆակուլտետում կգրանցվի զգալի առաջադիմություն անգլերենից:

Այս խնդիրները փոխանցեցինք ժուռնալիստիկայի ֆակուլտետի անգլերենի սեկցիայի վարիչ Նունե Թովմասյանին: Նա ասաց, որ արդեն մի քանի տարի է՝ կուրսերին թեստեր են տալիս և հիմնվելով թեստերի արդյունքների վրա՝ բաժանում են համապատասխան մակարդակներով խմբերի։
Սակայն կան կուրսեր, որտեղ թեստերի արդյունքները հիմնականում ցածր են եղել, և որոշել են ընդհանուր խմբեր ձևավորել՝ չբաժանելով ըստ գիտելիքների մակարդակների։ Մեր հարցին, թե այդպիսի կուրսերում, որտեղ ընդհանուր մակարդակը ցածր են համարել և ներառական խմբեր են ձևավորել, ինչու՞ է ընտրվել B1 մակարդակը, և չեն սկսել A մակարդակից, սեկցիայի վարիչը պատասխանեց՝  պահանջ կա դրված, որ բակալավրիատն ավարտելուց հետո ուսանողը պիտի գոնե B1+ կամ B2 մակարդակ ունենա։ Ըստ սեկցիայի վարիչի՝ նման իրավիճակ կա միայն երկրորդ կուրսում։ Նա առաջարկեց երկրորդ անգամ թեստեր տալ կուրսին ու բաժանել ըստ մակարդակների։
Սակայն մեր կատարած հարցումներից պարզ դարձավ, որ խնդիրը առկա  է նաև երրորդ և չորրորդ կուրսերում։ Երրորդ կուրսի ուսանողուհի Զարա Ղազարյանը դպրոցում անգլերեն չի սովորել: Նա ասաց. «Ես անգլերենի ժամին լսում էի ինչ-որ բարդ բաներ։ Կարդալ, գրել չգիտես ու քեզ «Destination» են տալիս։ Կուրսից 3 հոգի մասնավոր պարապեցին։ Ես էլ գնացի վճարովի պարապելու։ Հիմա՝ 3-րդ կուրսից, մի քիչ հավասարվեցի իրենց»:
 Չորրորդ կուրսեցի Սոնա Մկրտչյանն էլ ասում է, որ իրենց ժամանակ, գերմաներենի խումբ ևս եղել է անգլերենին զուգահեռ։ Իսկ օրինակ՝ ֆրանսերեն անցած ուսանողները ընտրել են անգլերենի խումբը.
«Նրանք էլ մի կերպ սովորել են, նվազագույնը կարողացել են ապահովել՝ լուծարք մնալով ու այսպես նվազագույնը ստացել են»:

Ֆակուլտետում այս պահի դրությամբ միայն առաջին կուրսեցիներին են բաժանել խմբերի՝ ըստ մակարդակների։ Սեկցիայի վարիչի խոսքով՝ խմբերին տրվում են մակարդակներին համապատասխան ծրագրեր։ Ամենացածր մակարդակն ունեցող խումբն անցնում է A2 մակարդակով։ Առաջին կուրսում ստուգարք է, և յուրաքանչյուր խմբի ուսանող իր անցածը պատասխանելով՝ ստանում է ստուգարքը։ Իսկ ծրագիրը երկրորդ կուրսից նոր նույնանում է, այսինքն, նրանք մեկ տարի հնարավորություն ունեն հասնելու պահանջվող մակարդակին։ Երկրորդ կուրսում արդեն անգլերենից կա քննություն, և առաջադրանքները նույնը կլինեն բոլորի համար։
 Այս մեթոդը սեկցիայի վարիչը կարծում է, որ շատ արդյունավետ է։ Իսկ դասախոս Աննա Ամիրյանն էլ ասում.
«Այս դեպքում հնարավորություններ են  ստեղծվում  ուսանողների համար, և նրանցից էլ է շատ բան կախված»։
Բայց կան նաև ուսանողներ, որոնք նախընտրում են իրենց ընկերների հետ միևնույն խմբերում լինել, կան նաև մշտապես բացակայող ուսանողներ, որոնց մասին սեկցիայի վարիչն ասում է, որ նրանց համար, միևնույն է, ցանկացած ծրագիր էլ  անարդյունավետ է:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Անահիտ Մենեմշյանի խոսքով, եթե գոնե 5 ուսանող հավաքվում է այլ լեզվից, ապա այդ ուսանողների համար առանձին խումբ ձևավորվում է: Ասում է՝ եղել են նաև տարիներ, որ տվյալ ուսանողները միացել են այլ ֆակուլտետների խմբերին։ Նա կարծում է, որ խնդիրը կլուծվի, եթե դասախոսներն անհատական մոտեցում ցույց տան այդ ուսանողներին:

Խոսեցինք նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի հետ: Նրա խոսքով՝ լուծման ուղիները  տարբեր են.
«Ոմանք կարծում են՝ պետք է կիրառել ներառական տարբերակը, այսինքն, և՛ լավ իմացողը, և՛ միջին, և′ վատ իմացողը միասին սովորեն։ Այս դեպքում անհավասար պայմաններ են  ստեղծվում, և չիմացողն իրեն ավելի կաշկանդված է զգում։ Որոշեցինք, որ պետք է խմբավորել։ Կարծում եմ՝ այն տարբերակը, որն այսօր կիրառում է ֆակուլտետը, ամենաճիշտն է։ Իհարկե, կարող են լինել բացառություններ, և այդ բացառություններից յուրաքանչյուրը ուսանողի և դասախոսի մասնակցությամբ քննելու անհրաժեշտություն ունի»:
  Թեև դեկանն արդյունավետ չի համարում խմբերի ձևավորման՝ ներառական տարբերակը, բայց փաստ է, որ բակալավրիատի առկա ուսուցման 4 կուրսերից երեքում գործում է հենց այդ տարբերակը, և միայն առաջին կուրսն է բաժանվել՝ ըստ մակարդակների: Նաղաշ Մարտիրոսյանն ասում է. «Այս առումով դեռ անելու շատ բան կա, և երբ վերադառնանք դասերի բնականոն ընթացքին, սիրով կարող եմ ուսանողների հետ քննարկել նաև դասախոսների մասնակցությամբ խնդրի լուծման հնարավոր ուղիները»:
 Իսկ միասնական քննությունների կազմում անգլերենը վերականգնելու մասին դեկանը բացասական դիրքորոշում ունի․  
«Մենք այսօր օտար լեզվի ուսուցման լուրջ խնդիր ունենք դպրոցներում։ Ոչ միայն Երևանի, այլև մայրաքաղաքից շատ հեռու գտնվող գյուղերի դպրոցներում սովորող լուսավոր շատ աշակերտներ, որոնք չունեն անգլերենի լավ ուսուցիչ, զրկե՞նք լրագրող դառնալու հնարավորությունից։ Ես դա ճիշտ մոտեցում չեմ համարում»:

Լուսինե Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել