Հավանաբար ազգային
առանձնահատկությամբ պայմանավորված, Հայաստանում պլաստիկ վիրահատությունների շարքում առաջին տեղում է քթի պլաստիկ վիրահատությունը: «Ավանգարդ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Հովհաննես Ստամբոլցյանի հետ զրուցեցինք քթի պլաստիկ վիրահատության(ռինոպլաստիկայի) դրա բարդությունների, Հայաստանում գնային քաղաքականության, նաև արտասահմանում կատարվող պլաստիկ վիրահատությունների հետ համեմատության մասին:
-Ինչպե՞ս եք վերաբերվում աղջիկների`իրենց արտաքինի հանդեպ ունեցած հիվանդագին վերաբերմունքին:
-Սեփական արտաքինի հանդեպ շատ ուշադիր լինելը նորմալ եմ համարում, քանի որ մեր օրերում դա կարևոր է: Իհարկե շատ վատ է, երբ այն վերածվում է չափի զգացողության կորստի, և վերաբերմունքը դառնում է հիվանդագին:
-Ցանկացած վիրահատություն ռիսկեր և բարդություններ է ենթադրում: Ի՞նչ բարդություններ կարող են առաջանալ քթի պլաստիկայի դեպքում:
-Իհարկե ռիսկեր կան: Այն կարող է շնչառական տեսանկյունից լինել, որը կարող է և՛ վիրահատության պատճառով առաջանալ, և՛ պարզապես չստացվի կարգավորել նախապես եղած շնչառական խնդիրները: Երկրորդ բարդությունը, իհարկե, էսթետիկ տեսանկյունից է, որը կարող է օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չգոհացնել պացիենտին:
-Արտասահմանից ևս գալիս են մեզ մոտ պլաստիկ վիրահատություններ կատարելու նպատակով: Պատճառը հիմնականում համեմատաբար մատչելի գներն են, իսկ որակապես Հայաստանը զիջու՞մ է:
-Հատկապես քթի վիրահատությունների տեսանկյունից գրեթե ոչնչով չի զիջում: Շատ դեպքերում, նաև, այստեղ ավելի լավ բժիշկներ են աշխատում: Դրսից այցելությունները, իհարկե, պայմանավորված են նաև մատչելիությամբ, բայց որակապես էլ արդյունքները չեն զիջում:

-Հայաստանում քթի պլաստիկ վիրահատությունների գները սահմանվում են 250000-ից մեկ միլիոն դրամի սահմանում:
Ինչպե՞ս է որոշվում այդ գնային քաղաքականությունը:
– Չկա որևէ չափորոշիչ այն որոշելու համար․ յուրաքանչյուր կլինիկա, կամ պլաստիկ վիրաբույժ, եթե ունի այդ հնարավորությունը, ինքն է որոշում, թե ինչ գին սահմանի: Այլ հարց է, որ որոշակի սանդղակ կա, որից ներքև լինելու դեպքում կարելի է կասկածել արդյունքի վրա, որովհետև որոշակի նյութածախս կա, աշխատավարձեր:
–Իսկ ի՞նչ դեպք կառանձնացնեք, երբ ինչ–որ տարօրինակ խնդրանքով դիմել են Ձեզ որպես պլաստիկ վիրաբույժ:
– Դե կան մի քանի մոդելներ՝ Քիմ Քարդաշյան, Անջելինա Ջոլի, որոնց քթի ձևից են ցանկանում, սակայն, առաջ դա ավելի շատ էր, հիմա ավելի քիչ են նմանատիպ դեպքերը: Իսկ տարօրինակ դեպքերից՝ մոտ քառասուն տարեկան իդեալական քթով և շնչառությամբ մի տղամարդ ցանկանում էր վիրահատել քիթը, որն իհարկե չկատարվեց:

Լիլիթ Քասինյան
4-րդ կուրս