ԵՊՀ գիտխորհրդի որոշմամբ մագիստրատուրայի ընդունելության հայտերն անհրաժեշտ է լրացնել առցանց:
Մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտ կարող են ներկայացնել ինչպես ԵՊՀ-ի, այնպես էլ այլ բուհերի շրջանավարտները:
Գիտական խորհրդի կողմից հաստատված կարգի համաձայն՝ առկա ուսուցման ձևով մագիստրատուրայի 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությունն իրականացվելու է երկու փուլով:
Մագիստրատուրայի ընդունելության առաջին փուլի փաստաթղթերն ընդունվելու են հունիսի 5-ից մինչև հուլիսի 6-ն առցանց` https://admission.ysu.am/ կայքի միջոցով:
Ընդունելության առաջին փուլում անվճար և վճարովի ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ բակալավրիատի առկա և հեռակա ուսուցման ձևերի տվյալ մասնագիտության վերջին երեք տարվա շրջանավարտները, որոնք ավարտական աշխատանքի պաշտպանությունից և ամփոփիչ ատեստավորման քննությունից ստացել են 13 և բարձր միավորներ, իսկ դիպլոմի հավելվածում գրանցված առարկաների միջին որակական գնահատականը (ՄՈԳ-ը) կազմում է առնվազն 13:
Ընդունելության առաջին փուլի քննություններն անցկացվելու են ընթացիկ տարվա հուլիսի 8-ից 9-ը, իսկ անվճար և վճարովի ուսուցման համակարգերի մրցույթն իրականացվելու է ընթացիկ տարվա հուլիսի 10-ին:
Մագիստրատուրայի ընդունելության երկրորդ փուլի փաստաթղթերն առցանց ընդունվելու են ընթացիկ տարվա հուլիսի 13-ից մինչև օգոստոսի 24-ը (https://admission.ysu.am/ կայքի միջոցով)։ Այս փուլի ընդունելության քննություններն անցկացվելու են ընթացիկ տարվա օգոստոսի 26-28-ը, իսկ անվճար և վճարովի ուսուցման համակարգերի մրցույթն իրականացվելու է ընթացիկ տարվա օգոստոսի 31-ին:
Երկրորդ փուլում վճարովի ուսուցման համակարգի ընդունելության մրցույթին կարող են մասնակցել ԵՊՀ-ի և այլ պետական ու ըստ մասնագիտությունների հավատարմագրված (ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած) ոչ պետական բուհերի (առկա և հեռակա ուսուցման ձևերի) շրջանավարտները:
Մագիստրատուրայի ընդունելության դիմում-հայտերն առցանց լրացնելու համար անհրաժեշտ է այցելել https://admission.ysu.am/ կայք, այնուհետև «Նոր հայտ» բաժնում նշել ավարտած բուհը։ ԵՊՀ շրջանավարտը դիմում-հայտը լրացնելու համար պետք է մուտքագրի համալսարանի իր էլեկտրոնային փոստի հասցեն (մուտքանուն@ysumail.am): Այլ բուհերի շրջանավարտները դիմում-հայտը լրացնելու համար կարող են մուտքագրել ցանկացած այլ էլեկտրոնային փոստի հասցե։
Մուտքագրելուց հետո պետք է սեղմել «Ստանալ ակտիվացման ծածկագիրը» կոճակը, ինչից հետո նշված էլ. փոստի հասցեին կուղարկվի նամակ, որում առկա կլինի ակտիվացման ծածկագիրը։ Ստացված ծածկագրի մուտքագրումից հետո կբացվի գրանցման պատուհանը, որը ներառում է 7 քայլ։
ԵՊՀ շրջանավարտների դեպքում համակարգը կլրացնի որոշ դաշտեր, որոնք փոփոխման ենթակա չեն լինի։ Հաջողությամբ հայտը լրացնելուց և գրանցվելուց հետո նշված էլ. փոստի հասցեին կուղարկվի հայտի բանալին, որով հետագայում հնարավոր կլինի փոփոխել կամ չեղարկել հայտը։
Տեղեկացնենք, որ ակտիվացման ծածկագիրն ակտիվ կլինի 90 րոպե։
Այստեղ նշված են ԵՊՀ 2020-21 ուստարվա բակալավրիատի և մագիստրատուրայի ուսման վարձի չափերը՝ ըստ մասնագիտությունների: Հայտնի են նաև ՀՀ բուհերի 2020-2021 ուստարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:
Մագիստրատուրայի ընդունելության քննության հարցաշարերը ներկայացված են այստեղ:
Հարցերի դեպքում կարող եք գրել ԵՊՀ մագիստրատուրայի էլ. փոստի հասցեին՝ edumag@ysu.am:
ԵՊՀ-ն հաջողություն է մաղթում բոլոր դիմորդներին:
Աղբյուր կայք՝ http://www.ysu.am/news/hy/Admission-to-master-s-degree-will-be-online?fbclid=IwAR3OlWRjfEfAnRXD6gPUvdutS3OVlKDZg1k6DpSGxKJDDC9IxnYkw06AxfA