Լիբանանում պետք է հասարակական լայն համաձայնություն, հակառակ դեպքում՝ իրավիճակն ավելի է սրվելու....

Լիբանանում պետք է հասարակական լայն համաձայնություն, հակառակ դեպքում՝ իրավիճակն ավելի է սրվելու. Սարգիս Գրիգորյան

973

«Մի քիչ արագ ստացվեց և զարմանալի էր ինձ համար այս հրաժարականը, քանի որ կառավարությունը նոր էր ձևավորվել և դեռ ամբողջությամբ չէր մտել գործի մեջ»,- Journalist.am-ի հետ զրույցում ասաց արևելագետ Սարգիս Գրիգորյանը՝ անդրադառնալով քիչ առաջ Լիբանանի կառավարության ներկայացրած հրաժարականին:
Ըստ նրա՝ կային որոշակի հարցեր, որոնք թողնված էին, որ կառավարությունը ցույց տար, թե ինչ կարողություններ ունի՝ դրանք լուծելու:
«Բայց պայթյունը հետո նաև իրավիճակի սրումը կարծես դժվարացրին այս կառավարության երկարակեցությունը: Մինչև այս, որոշ նախարարներ արդեն հրաժարական էին տվել, և փաստորեն, այսօր էլ կառավարությունն իր ամբողջ կազմով տվեց հրաժարական»,- ասաց Սարգիս Գրիգորյանը:
Արևելագետի խոսքով՝ հրաժարականը պայմանավորված էր ստեղծված իրավիճակով, Լիբանանի կառավարության անկարողությամբ՝ լուծելու դժվարին իրավիճակում հայտնված Լիբանանի խնդիրները:
«Կանխատեսումներս լավատեսական չեն, որովհետև սրանով հարցը չի լուծվում և իրավիճակն ավելի կսրվի, որովհետև կան ինչպես ներքին բարդույթներ՝ իրավիճակի լուծման հետ կապված, այնպես էլ՝ բավականին լուրջ արտաքին միջամտություններ՝ տարբեր ուժային կենտրոններից»,- նշեց Սարգիս Գրիգորյանը:
Ըստ արևելագետի՝ արտաքին միջամտությունները խնդիրներ են ստեղծում թե՛ Լիբանանի իշխանություններին, թե՛ հասարակությանը՝ ինքնուրույն փորձելու լուծել առկա խնդիրները:
«Նրանք հակվելու են այս կամ այն ուժային կենտրոններին, ինչը չի բերի նրան, որ խնդիրները կլուծվեն Լիբանանում: Ըստ իս՝ Լիբանանում պետք է հասարակական լայն համաձայնություն և համախմբվածություն»,- ասաց արևելագետը:
Սարգիս Գրիգորյանն ասում է, որ այդ համաձայնությունը կարծես չկա և նրանք մի կողմ պետք է թողնեն բոլոր կապերը, ազդեցության լծակները ու գիտակցեն, որ պահն է համախմբվելու և դրանով իսկ դուրս գան ստեղծված իրավիճակից:
«Հակառակ դեպքում՝ իրավիճակն էլ ավելի է սրվելու, ունենալու ենք մի իրավիճակ, երբ կառավարություն չի ձևավորվելու, որոշ հասարակական շերտեր դժգոհ են լինելու թե՛ միմյանցից, թե՛ արտաքին ուժերից»,- ասաց արևելագետը:
Նա նաև նշեց, որ համաձայնության գալու մեխանիզմներ կան, պարզապես դրանք պետք է գործի դնել:

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան

Կիսվել