Այսօր հրաժարականից հետո առաջին անգամ մամուլի ասուլիսով է հանդես եկել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
ՀՀ երրորդ նախագահը մամուլի ասուլիսում խոսել է 2016 թվականի Ապրիլյան պատերազմի և մի քանի հարակից հարցերի մասին: Նախագահը հիմնավորել է Ապրիլյան պատերազմի հաղթանակը:
«Մենք հաղթել ենք Ապրիլյան պատերազմում, իսկ չափման միավորը Ադրբեջանի պլանների ձախողումն է, Ալիևի հրապարակային հայտարարությունն այն մասին, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը», – ասել է Սերժ Սարգսյանը:
Ասուլիսի ժամանակ Սերժ Սարգսյանը պարզաբանել է Ապրիլյան պատերազմից հետո 1980-ականների զենքերի մասին Գերմանիայում արած իր հայտարարությունը:
«Այն շատ մեծ շահարկումների տեղիք տվեց առաջին հերթին այն մարդկանց կողմից, որոնք լավ չեն պատկերացնում, թե ինչ է նշանակում 1980-ականների զենք: Նույնիսկ այսօր ոչ միայն մեր զինված ուժերի զինանոցում են 80-ականների զենքերը, այլ նաև ամենահարուստ և ամենամեծ ապահովություն ունեցող զինված ուժերը», -ասել է երրորդ նախագահը:
Իսկ թե ինչու հայկական կողմը չի կիրառել «Իսկանդեր» համակարգերը, Սարգսյանն ասել է, որ պատերազմի ծավալն ու բնույթն այնպիսին չէին, որ «Իսկանդեր» կիրառելու անհրաժեշտություն լիներ: Նա վստահեցրել է, որ «Իսկանդեր»-ների և հայկական զինուժի այլ հեռահար զինատեսակների անձնակազմերը 2016 թվականի ապրիլին պատրաստ էին կատարել ցանկացած հրաման:
Սերժ Սարգսյանն անդրադարձել է Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներին: Նրա խոսքով՝ ռազմական գործողությունների սկիզբը եղել է անակնկալ:
«Իհարկե, ռազմական գործողությունների սկիզբը ինչ-որ չափով անակնկալ էր, գուցե ոչ ինչ-որ չափով. այո անակնկալ էր, միշտ այդպես է լինում: Ցանկացած վատ բանի սպասելիս, երբ այն վրա է հասնում, անակնկալ է լինում: Իսկ ԶՈՒ-ում այդ պաշտպանությունն իրականացնելու հարցում բազմաթիվ խնդիրներ կան: Մենք չենք կարող ամեն օր բոլոր դիրքերում ունենալ բավարար քանակությամբ զինվորներ: Չենք կարող, որովհետև պաշտպանության այդ հատվածներն այնքան մեծ են, որ մենք չենք կարող ամեն օր անհրաժեշտ քանակությամբ պաշտպանության համար ունենալ զինվորներ: Բայց մեր բանակն այնքան կազմակերպված գտնվեց, որ շատ արագ լուրջ հակահարված հասցրեց, ու թշնամին ընկրկեց՝ բառի բուն իմաստով»,– նշել է նա:
Երրորդ նախագահն ընդունել է, որ Ապրիլյան պատերազմի օրերին հետախուզությունը թերացել է: Նա ասել է, որ 2016թ. ապրիլի 1-ի օրվա երկրորդ կեսին հետախուզությունը տեղեկություն է հաղորդել հակառակորդի նախապատրաստվող դիվերսիոն գործողության մասին, ինչից հետո համապատասխան հատվածներում աշխատանքներ են կատարվել:
Հայաստանի երրորդ նախագահը խոսել է նաև հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում ծավալված հուլիսյան իրադարձությունների մասին:
«Հայաստանի զինված ուժերը Տավուշում լուծել են չափազանց կարևոր խնդիր, որի համար նրանց պետք է շնորհավորել: Նույնը պետք էր անել 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին Նախիջևանի ուղղությամբ»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով`այսօր պատերազմի վտանգը շատ մեծ է. բանակցային գործընթացը փակուղի է մտել, կամ էլ ընթանում է ոչ այնպես, ինչպես նախկին նախագահն է պատկերացնում:
«Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել միայն միջազգային պարտադրանքի պարագայում, Ադրբեջանի որևէ ղեկավար երբեք կամովին չի համաձայնելու Լեռնային Ղարաբաղի անկախությանը»,-նշել է ՀՀ երրորդ նախագահը: