Գյումրին էն տունն է, որ երբեք, երբեք չեմ թողնի և չեմ փոխի...

Գյումրին էն տունն է, որ երբեք, երբեք չեմ թողնի և չեմ փոխի ոչ մի պալատի հետ. Անահիտ Քոչարյան

2139

Այսօր Գյումրու օրն է: Քաղաքը մեկն է, բայց յուրաքանչյուր ոք այն ընկալում ու զգում է յուրովի: Մեր զրուցակիցը Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստ Անահիտ Քոչարյանն է: Փորձենք պարզել՝ ինչպիսին է Անահիտ Քոչարյանի Գյումրին:
 
Ամեն անգամ, երբ Գյումրի ենք ասում, ի՞նչ է միանգամից  Ձեր մտքին գալիս:


Գյումրի ասելիս պատկերացնում եմ մի տաքուկ, ջերմ անկյուն: Շատ կանչող ու շատ ջերմ տուն է ինձ համար Գյումրին:

Բնութագրությունը հասանալի չէ

Ո՞րն է Գյումրու առանձնահատկությունը:

Գյումրին առանձնահատուկ է նրանով, որ քաղաքը նոր չէ և ժամանակակից քաղաքի տեսք չունի, ինչպիսին Երևանն է, որն իր շենքերով, փողոցներով չի զարմացնի դրսից եկող զբոսաշրջիկներին, որովհետև նրանք շատ ավելի մեծ, լավ շենքեր ու փողոցներ են տեսնում: Իսկ գյումրվա հին տները, փողոցները շատ հրապուրիչ և շատ սիրելի են զբոսաշրջիկների համար:
Բացի այդ, գյումրեցինեը շատ անմիջական մարդիկ են: Այնքան անմիջական, որ կարող ես շատ զավեշտալի պատմությունների մեջ ընկնել: Դա միայն կարող է Գյումրիում լինել և ոչ մի ուրիշ քաղաքում: Ինձ հետ շատ հաճախ պատահել է: Եվ մարդկանց այդ անմիջականությունը, որ գալիս է իրենց սրտի տաքությունից, ջերմությունից, քաղաքը դարձնում է տարբեր մյուս բոլոր քաղաքներից:

https://www.facebook.com/GyumriCulture/videos/308767287001786

Կհիշե՞ք ամենահետաքրքիր ու զվարճալի դեպքը, որ պատահել է Ձեզ հետ:

Նման դեպքեր շատ են եղել, բայց հիմա պատմեմ մեկը: Երբ առաջ Երևանից Գյումրի եկող տաքսի սերվիսները չկային, տաքսին, որը գալիս էր Երևանից,  կանգնում էր Ձիթողցոնց տան մոտ, էնտեղ իջնում էի, նստում էի քաղաքային տաքսի, որ հասնեմ տուն: Նկարահանվում էի ու շատ հաճախ էի գնում գալիս: Կանգառի վարորդներն արդեն գիտեին ինձ: Նույնիսկ երբ նստում էի, տան հասցեն չէի ասում, գիտեին, որ պիտի տուն գնամ: Մի օր էլ նստեցի, ժամն էլ բավականին ուշ էր, պիտի ուրիշ տեղ մտնեի, մի բան փոխանցեի հետո գնայի տուն: Էդպես ուրիշ հասցե ասացի, վարորդը շատ խիստ, շատ նեղված և ջղային շուռ եկավ ու ասաց՝ չհասկըցա, էս տուն չես երթա՞:
Էդ կարող էր միայն, ասենք, ամուսինն իր կնոջը նման տոնով դիմել, դա միայն Գյումրիում կարող էր լինել: (Ծիծաղելով պատմեց Անահիտ Քոչարյանը):

This image has an empty alt attribute; its file name is 102441896_2969395879804464_3645811763539224334_o.jpg

Իսկ ինչպե՞ս է փոխվել հին Գյումրին այսօր:

Ինձ համար Գյումրին միշտ նոր է և միշտ հին է, իհարկե, լավ իմաստով: Հետաքրքիր է, մեր զրույցի ընթացքում հասկացա, որ այսօր Գյումրին նմանվում է երկրաշարժից առաջ իմ կարոտած, սիրելի Գյումրիին: Երկրաշարժից հետո վերջին 30 տարում քաղաքն ուշքի չէր գալիս, իսկ մինչև երկրաշարժը, երբ իմ երիտասարդության տարիներն էին, քաղաքը շատ ծաղկուն էր, սերունդը գեղեցիկ էր, սիրուն տղաներ ու աղջիկներ կային քաղաքում: Այսօր ես նույն բանը կրկին տեսնում եմ:
Այս երկու-երեք տարվա ընթացքում շատ-շատ մեծ փոփոխություն եմ տեսնում: Քաղաքը արթնացել է մղձավանջից, շատ լավ, տաղանդավոր, գեղեցիկ, քաղաքը սիրող երիտասարդներ կան: Գյումրին ապրում է, շնչում է, և եթե չլիներ այս չարաբաստիկ համավարակը, քաղաքն այս տարի լրիվ ուրիշ կերպ կներկայանար:

Բնութագրությունը հասանալի չէ

Ի՞նչ կփոխեիք այսօրվա Գյումրիում:

Իմ ցանկությունն է, որ մենք՝ գյումրեցիներս, մի քիչ ավելի սիրենք մեր քաղաքը: Այսինքն՝ չկեղտոտենք, աղբը չթափենք: Վերջերս Ավետիքի աղբյուրի մոտ կանգնեցինք՝ ջուր խմելու, էնքան կեղտոտ էր, որ ուղղակի ամաչելու բան էր: Այս հարցն ինձ անըդհատ ջղայնացնում ու հուզում է, դրա համար հիմա այդ մասին ասացի:
Շատ կուզենայի, որ Գյումրիում լինեին աշխատատեղեր: Ուրիշ ոչ մի բան էլ պետք չէր լինի փոխել, որովհետև գյումրեցին կաշխատեր, կստեղծեր, նույն գյումրեցու թասիբով, առատաձեռնությամբ ու հյուրասիրությունով կապրեր: Միայն թե աշխատանք լինի:

Բնութագրությունը հասանալի չէ

Ի՞նչ բան է գյումրեցի լինելը:

Ես այս հարցին ավելի լայն եմ նայում: Գյումրեցին հայ է, ինչպես երևանցին, ինչպես գորիսեցին: Եթե ծնվել ես Գյումրիում, ուրեմն Գյումրին քո տունն է, քո օջախն է: Գյումրեցի լինել նշանակում է՝ պիտի ամեն ինչ անել, որ մեկ անգամ ևս Գյումրիի անունը հնչի, պիտի պատվով պահել քաղաքի անունը: Ինչպես դու քո տանը կվերաբերվես, այդպես էլ պետք է քո քաղաքին վերաբերվես: Ցանկացած քաղաքում ծնված մարդ այդպես պիտի վերաբերվի իր քաղաքին:

Գյումրին ի՞նչ է Ձեզ համար:

Մեկ անգամ, երբ երկար ժամանակով՝ 6 ամսով, դրսում մնացի, ես շատ կարոտել էի մեր Գյումրու փոշեխառը հոտով օդին, կարոտել էի մեր ջրին: Աչքերս փակում ու երազում էի, որ ես պիտի լավաշ ու պանիր ուտեմ և ջուրը խմեմ ու փոշոտ օդը շնչեմ: Կարոտներս շատ առարկայական էին դարձել:
Գյումրին էն տունն է, որ երբեք, երբեք չեմ թողնի և չեմ փոխի ոչ մի պալատի հետ:

Հեղինակ՝ Լուսինե Հակոբյան



Կիսվել