Ադրբեջանական զինված ուժերը կորցրել են ևս 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր. Արծրուն...

Ադրբեջանական զինված ուժերը կորցրել են ևս 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր. Արծրուն Հովհաննիսյան

488

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասաց, որ այս պահի դրությամբ Արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով շարունակվում են մարտական գործողությունները տարբեր ինտենսիվությամբ:
«Նորից կիզակետում շարունակվում են մնալ հյուսիսային և հարավային ուղղությունները: Այսօր առավոտյան մենք արդեն նշել ենք, որ Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ, այդ թվում՝ հրանետային միջոցների կիրառությամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք հայկական զինված ուժերը հաջողությամբ հետ են մղում՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ մասնավորապես, րոպեներ առաջ Արցախի ՊՆ-ն հարապարակեց տեսանյութերով հիմնավորված տեղեկություն, որ հարավային ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի բավականին լայնածավալ հարձակողական գործողություններ հետ են մղվել տանկային ստորաբաժանումներով, և այդ ընթացքում ադրբեջանական զինված ուժերը կորցրել են ևս մոտավորապես 10-11 միավոր զրահատեխնիկա՝ հիմնականում տանկեր:
 «Հետ են շպրտվել ելման դիրքեր և այդ ուղղությամբ այս պահին ընթանում են թեթև մարտեր: Այլ ուղղություններով մարտերը շարունակվում են»,- նշեց Հովհաննիսյանը:

Կիսվել